Home / Հայաստան / ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ – Գյումրիի հերթական Բիենալեն կայացավ

ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ – Գյումրիի հերթական Բիենալեն կայացավ

Սեպտեմբերի 14-ին բացվել է Գյումրիի 8-րդ միջազգային Բիենալեն: Epress.am-ը ներկայացնում է ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Բիենալեից: Լուսանկարների հեղինակներն են՝ Արմենակ Գրիգորյանը, Նանե Խաչատրյանը և Գայանե Պապիկյանը:

Ներկայացնում ենք նաև մի քանի նախագիծ, որոնք տեղ են գտել այս տարվա Գյումրիի Բիենալեում:

Քաղաքական պաստառ ցուցահանդես` 2012 Գյումրիի միջազգային Բիենալի համատեքստում, ներկայացրել է Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի նախագծային լաբորատորիան

Արվեստը իմաստավորում է: Իմաստազրկվող իրականության մեջ արվեստն է գիտակցությունը վերականգնելու միակ հնարավորությունը: Դժբախտաբար այսօր դա այդքան էլ ակնհայտ չէ:

Պատկերների արտադրությունը, դրանց բազմացման ու տարածման հնարավորությունները հասանելի դարձան բոլորին: Այսուհետ ընկալումների մեր աշխարհը անընդհատ ողողվում է պատկերի և տեքստի հնարավոր գոյակցություններով:

 

Պաստառապատ փողոցը, հեռուստատեսությունը, անձնանշանը, դրոշմը, լուսանկարը դարձել են մեր առօրյա միջավայրի անբաժանելի մասնիկները՝ լայնորեն գործածվելով տարբեր տեսակի նախընտրական կամ գովազդային արշավներում: Դրանք արտադրվում են հսկայական ծավալներով և քանակությամբ: Դրանց արտադրությունը ավտոմատացված է, անանուն, անդեմ. Դրանք համոզում և հավաստիացնում են՝ սեփական շահադիտական նպատակները ներկայացնելով որպես փոխշահավետ առաջարկ:

Հաղորդակցական այս մեխանիզմը խոցելի է դարձնում մարդուն և չարաշահում նրա վստահությունը՝ առանցքը, որի շուրջ այսօր կայանում է տեղեկատվական հասարակությունը: Ինֆորմացիայի հոսքը, գիտակցաբար ընկալելու հնարավորությունից զրկված, չի կարողանում իրականության համարժեք վերլուծություն կատարել:

Արվեստը, որ հաղորդակցության միջոցով քանդում է վստահության կարծրացած մոդելը՝ մի լեզու է, որի օգնությամբ առաջանում են աշխարհը փոխելու հնարավորություններ:

Socialism Failed, Capitalism is Bankrupt. What comes Next?

Տապալված սոցիալիզմ, սնանկացած կապիտալիզմ: Հաջորդիվ`…
Հեղինակ՝ Օլիվեր Ռեսլեր (Ավստրիա), ներկայացրել է «Ուտոպիանան»

«Socialism Failed, Capitalism is Bankrupt. What comes Next?» նախագիծը ծավալվում է Սովետական միության իրավահաջորդ պետություններից մեկի` Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական իրավիճակի շուրջ: Նախագիծը մարմնավորվում է երկու տարբեր ձևաչափերում. կարճամետրաժ ֆիլմ` “Socialism Failed, Capitalism is Bankrupt. What comes Next?” (19 ր. 2010) վերնագրով և երկմաս վիդեո ինստալացիա` համալրված գետնին փակցվող պատկերով:

“Socialism Failed, Capitalism is Bankrupt. What comes Next?” ֆիլմը նկարահանվել է Երևանի խոշորագույն շուկաներից մեկում` Բանգլադեշի շուկայում, ուր ամեն օր ավելի քան 1000 մարդ փորձում է գոյատևել` իր բախտը փորձելով որպես առևտրական: Լավագույն դեպքում ամսեկան միջինը 100-250 Եվրո վաստակող վաճառականները խոսում են հետխորհրդային Հայաստանում իրենց գոյատևման պայքարի մասին: Մի երկիր, ուր խորհրդային շրջանի գործարանների մեծ մասն այսօր դադարեցրել է իր գործունեությունը: Շուկայի վաճառողները` մեծամասամբ նախկին բանվոր-ուհի-ներ, ներկայացնում են Խորհրդային Միության կործանումից հետո իրենց կենսապայմանները` խոսելով իրենց հույսերի ու սպասումների մասին:

Խղճուկ պայմաններում ապրող այս մարդկանց կողքին, մինչդեռ, ծաղկում է կոռումպացված ու ամենակարող օլիգարխների ու պետական բարձրաստիճան պաշտոնյաների դասակարգը, որ շարունակում է հարստանալ` միջազգային կորպորացիաներին փոխանցելով պետական ունեցվածքն ու հանքարդյունաբերական լիցենզիաները:

Հետազոտելով հանրային տարածքը, հեղինակ՝ Դավիթ Ստեփանյան, ներկայացրել է «Ուտոպիանան»

Այսօր ականատեսն ու մասնակիցն ենք հայ հասարակության դրսևորման կարևոր մի փուլի, որն է հանրային տարածք հասկացության վերաիմաստավորումն ու վերաձևակերպումը դրա ֆիզիկական, տեսական և վիրտուալ ձևաչափերում, նոր տիպի հանրային տարածքի ստեղծումն ու դրա կարևորության գիտակցումը ժամանակակից հասարակական գործընթացներում:

 

Այս գործընթացներում խիստ կարևորվում է մեդիայի, համացանցի դերը, որը ոչ միայն ներկայացնում ու մեկնաբանում է իրականությունը, այլև հենց ինքն է դառնում հանրային յուրօրինակ տարածք՝ որպես գործիք ինքնաձևավորելով իր ներսում:

Լինելով երկարատև հետազոտական գործընթաց, այս հարթակը նպատակ ունի ուսումնասիրելու, ճանաչելու, գույքագրելու և վերլուծելու ծանոթ ու անծանոթ, գիտակցված և/կամ անտեսված հանրային տարածքները:

Հույսի տեսություն, ԱԺԶ արվեստային կոլեկտիվ, տեքստը՝ Գոհար Նավասարդյան

«Տնտեսական հարաբերություններ, տնտեսական ճգնաժամ, սոցիալ-տնտեսական վիճակ…այս հասկացություններում տնտեսությունն ընկալվում է իբրև արտադրման և սպառման գործընթաց, արտադրողի և սպառողի միջև հարաբերություններ, կարճ ասած՝ կենսաձև: Հույսի տնտեսություն…սա ասոցացվում է «հույս»-ը ապրանքայնացնելու հետ:  Առանձին միանգամայն կիրառություն ունեցող այս բառերի համակցությունը փորձել եմ հասկանալ հետևյալ կերպ։ Հույսը բոլոր զգացմունք արտահայտող գոյականներից եզակին  է, որը լեզվաբանորեն հնարավոր է կիրառել դերբայի հետ /հույս ունեմ/: Այս բառազույգը միակն է պակասավոր անկանոն բայերի շարքից, որ գործածվում է համատեղ /երբեք չենք ասի սեր կամ ուրախություն ունեմ/: Մարդ տեր է կանգնում այն ամենին, ինչ ունի ու տնտեսում է իր ունեցածը /այստեղից էլ՝ տնային տնտեսուհի արտահայտությունը/: Հույսի տնտեսությունն իմ պատկերացմամբ տեր կանգնելն է հույսիդ, որը միայն քոնն է, կարող ես տնտեսել ու շռայլել այն, սակայն երբեք չկորցնել: Կարող ես հույս տալ ուրիշին, բայց ոչ «քո հույսից», կարող ես հուսահատվել, բայց վերագտնել հույսդ…

«Հույսի տնտեսություն» նախագծի համադրողներն էին Հարություն Ալպետյանն ու Նվարդ Երկանյանը, որոնց նպատակն էր բացահայտել հույսը ոչ միայն որպես մարդկային զգացմունք, այլև ապրանքատեսակ: Նախագիծը փորձ է վերլուծելու հույսերի արտադրության, վաճառքի ու սպառման համակարգերը: Ընդգրկված արվեստի գործերը հույսին մոտենալու տարատեսակ ճանապարհներ են առաջարկում: Ցուցահանդեսն իրենից ներկայացնում էր վիդեո-արտերի շարք: Մասնակից արվեստագետներն էին Կարեն Միրզոյանը, Միկա Վաթինյանը, Նվարդ Երկանյանը, Իզաբել Վիշերան, Լյուսի Աբդալյանը, Նորք Զաքարյանն ու «Դինջես? /The Deenjes/ խումբը»: