Երեկ բացվել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնի 20-րդ հոբելյանին նվիրված «9 արտիստ+20 տարի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են երրորդ սերնդի (2010 թվականից հետո) ստեղծագործողների լուսանկարներ, գեղանկարներ, գրական ստեղծագործություններ, ինչպես նաև նորարարական արվեստի մոտ 50 գործեր:
Հայաստանի ժամանակակից արվեստը, ըստ ցուցահանդեսի համադրողներից մեկի` արվեստի քննադատ Արման Գրիգորյանի, ընկալելի է աշխարհին, ինչը պայմամավորված է արվեստագետների միջև կոմունիկացիայի վերականգնմամբ:
«Հանդիսանալով 20-րդ դարի 80-ականների` պերեստրոյկայի ժամանակաշրջանի արվեստագետների սերնդի շարունակությունը, այս արվեստագետները հիմա, ի տարբերություն ստալինյան ժամանակաշրջանի արվեստագետների, ունեն շփման ազատություն, կոմունիկացիա, հայացքների համընկնում, ուստի շարունակում են 20-րդ դարի 20-ականներին կանգ առած ավանգարդ արվեստը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արման Գրիգորյանը:
Ցուցահանդեսը չունի թեմատիկ ուղղվածություն, սակայն դրանցից մի քանիսում քննարկվում է Հայաստանի քաղաքական, սոցիալական վիճակը, իսկ մեծ մասի թեման այդ իրավիճակում անհատի ինքնության հարցն է:
«Ոչ իդեալական հասարակությունն է մարդու պայքարի վերջնական նպատակը, ոչ էլ դա ստեղծելը միայն անհատների ի հայտ գալու համար: Պետք է այնպիսի համակարգի հասնել, որտեղ այդ հարաբերությունները խաղի պես են: Դա ուտոպիա է, բայց արվեստագետները ուղղակի հնարավոր շատ ուղիներ են տալիս ապրելու, ավելի ազատ լինելու: Թեև հասարակությունն է ստեղծում անհատ, մարդը դառնում է պրոբլեմ հասարակության համար», – մեզ հետ զրույցում ասել է Սոնա Աբգարյանը:
Անհատի ինքնության թեման է քննարկում, օրինակ, Արփի Թոքմաջյանի թափանցիկ մարդը, որն իր վրա կրում է ժամանակակից մեդիայի ազդեցությունը, գտնվում է ինֆորմացիոն հոսքի մեջ և հաճախ կորցնում է իր սեփական կարծիքը, ինքնությունը: Մյուս կողմից գործը պատկերում է սոցիալական ցանցերի շնորհիվ ստեղծված վիրտուալ աշխարհի բնակիչներին, որ, կարծես, և կան, և չկան:
Պատահական չէ նաև գործի համար օգտագործված նյութի ընտրությունը: Մարդը թափանցիկ պլաստմասյա թիթեղներից է սարքված, չունի սեռ, ազգություն, տարիք և անդրադարձնում է իր կողքով անցնող մարդկանց:
Ցուցահանդեսին մեկ այլ հետաքրքիր գործ էր ներկայացրել գրող, հրապարակախոս Արմեն Օհանյանը: Վերջինս 4 տախտակների վրա պատկերում է 90-ականներին երիտասարդների շրջանում սիրված համակարգչային խաղի հերոսին՝ իտալական ծագումով ամերիկացի ջրմուղ Մարիոյին, ում պատկերը ամբողջությամբ ստեղծված է 90-ականներից հետո տարբեր տարիների քաղաքական բնույթի մանր նկարներից:
Մարիոն Օհանյանի հերոսն է, որի հետ նա անցնում է հետխորհրդային շրջանի Հայաստանով, տարբեր աշխարհներ հաղթահարելով նոր կյանքեր ստանում, և որի հետ ցանկալի է անգամ «աշխարհի վերջը»: Մարիոն այն հույսն է, որը հնարավորություն է տալիս հավատալու, որ ի վերջո կարելի է հասնել վերջին աշխարհին՝ հաղթահարելով բոլոր խնդիրները, կուլ տալ գերաստղը ու դառնալ «գերմարդ»:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 29-ը: