Epress.am-ը հարցրել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին իրավապաշտպանական ոլորտում 21 տարիների ընթացքում ստեղծված իրավիճակի, դրական և բացասական զարգացումների, ինչպես նաև իրավապաշտպանների խնդիրների մասին:
Դանիելյանի խոսքով՝ ոլորտի տեղաշարժը միայն այն է, որ Հայաստանի տարբեր տարիների իշխանությունները միանում էին տարբեր միջազգային փաստաթղթերին, ՄԱԿ-ի կոնվենցիաներին, իսկ ԵԽ անդամ դառնալուց հետո՝ Եվրոպական կոնվենցիային: Ստեղծվել է նաև օմբուդսմենի ինստիտուտը:
«Ինստիտուտները ստեղծել ենք, բայց կիրառման առումով ոչ մի առաջընթաց չկա: Իմ համար դա հետընթաց է: Կամ մարդու իրավունքները պաշտպանված են, կամ պաշտպանված չեն: Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն:
Ես բոլոր իրավապաշտպանների մասին չեմ խոսի, ես կխոսեմ միյան մեր կազմակերպության մասին: Ամենակարևորը, որ անում ենք, դա մարդկանց իրավաբանական և փաստաբանական օգնություն ցուցաբերելն է, ինչես նաև դատարաններում, հոգեբուժարաններում, բանտերում անցկացվող մոնիտորինգն է: Չնայած այլ իրավապաշտպաններ ասում են, որ մոնիտորինգը ոչ մի բան չի բերում, դատավորները թքած ունեն, բայց դե դատավորները և իշխանությունները թքած ունեն նաև մեզ վրա, հիմա ի՞նչ՝ չպիտի՞ աշխատենք: Մենք շարունակելու ենք դա անել», – ասել է Դանիելյանը:
Նա նշել է, որ անկախության հռչակումից հետո իրավապաշտպանները սկսել են այցելել տարբեր երկրներ, մասնակցել տարբեր ֆորումներին, նոր փորձ ձեռք բերել, բայց չօգտագործել այդ փորձը:
«Հայաստանում իրավապաշտպանները, ինչպես նաև բոլորը, ովքեր ուզում են իրավապաշտպան դառնալ, հեծանիվ են փորձում հորինել: Նրանք սկսում են խաղալ իշխանությունների հետ: Հեծանիվը վաղուց հորինված է, և նոր բան պետք չի հորինել, ուղղակի պետք է օգտագործել իրավիճակը և աշխատել: Մեր իրավապաշտպանների մոտ կա մի այսպիսի բան՝ մի քիչ ազգային մոտեցում և պետական մոտեցում: Դա ֆանտաստիկ երևույթ է, գուցե նախկին Խորհրդային միության մի քանի երկրներում այսպիսի բան կա…: Շատ անընդունելի է ինձ համար, որ մի ժամանակ իրավապաշտպանները սեքսուալ փոքրամասնությունների մասին չէին խոսում, հետո, երբ դրսից սկսեցին պահանջել, նրանք սկսեցին խոսել, սակայն հոգու խորքում չեն ընդունում այդ ամենը», – նշել է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ երբեմն հայաստանցի իրավապաշտպանները համաձայնում են նաև համագործակցել դատախազության հետ՝ պատճառաբանելով, որ դա կօգնի ինչ-որ մեկին:
«Եթե դու մի անգամ գնում ես դատախազության հետ համագործակցելու, ստորագրում ես ինչ-որ բան, մի անգամ աչքերդ փակում ես ինչ-որ բանի վրա, դա միշտ կլինի, որովհետև այնտեղ նստած մարդիկ շատ լավ գիտեն, որտեղ կարելի է, այսպես ասած, կրյուչոկը գցել: Նրանք շատ լավ են հասկանում, որովհետև իրենք հեծանիվ չեն հորինում, նույն ԿԳԲ-ի դպրոցով են աշխատում, էդ դպրոցը չի մեռել», – հավելել է Դանիելյանը: