Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համայնքների անդամները ողջունել են ուրբաթ օրն ավարտված «Մեծ մուրճ» անունը կրող դատական գործի կասկածյալների նկատմամբ կայացված դատավճիռները: Ստամբուլի դատարանը 20-ական տարվա ազատազրկման է դատապարտել երեք պաշտոնաթող գեներալների, ևս 16-ական տարվա ազատազրկման են դատապարտվել 214 այլ ամբաստանյալներ:
Զինվորականները մեղադրվում էին 2003 թվականին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը իշխանությունից զրկելու նպատակով հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
«Թարաֆի» հայազգի սյունակագիր Մարգար Եսայանը այս դատավճիռը «նոր դարաշրջանի սկիզբ է» համարում, թեև նա չի հավատում, որ դա խորհրդանշում է ռազմական հողաշրջումների ավարտը, եթե հետագայում չլինեն բարեփոխումներ: Ստամբուլի հունական Apoyevmatini պարբերականի խմբագիր Միխայիլ Վասիլիադիսը, հայ գրող և ակտիվիստ Հայկո Բաղդադը և հասարակական գործիչ, հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը նույնպես համաձայն են այն մտքի հետ, որ «Մեծ մուրճի գործը» շատ կարևոր կետ է Թուրքիայում քաղաքացիական-ռազմական հարաբերությունների պատմության մեջ, սակայն, միաժամանակ ընդգծում են երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրների առկայությունը:
Խոսելով Today’s Zaman-ի հետ՝ նրանք անդրադարձել են «Մեծ մուրճի գործում» ներքաշված խունտայի ծրագրերին, ըստ որոնց նրանք պետք է վերացնեին քրիստոնեական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որպեսզի Արևմուտքում կարծեն, թե քրիստոնյաները ճնշվում են «իսլամիստական» «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից:
Չենգիզի խոսքով՝ դատավճիռը կարևոր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ ազգային փոքրամասնությունների համար, քանի որ նրանք միշտ ռազմական հեղաշրջման համար առաջին թիրախն են եղել:
Հայազգի ակտիվիստ և գրող Բաղդադը «Մեծ մուրճի գործով» դատավճիռը դրական, բայց ոչ բավարար է գնահատում՝ հաշվի առնելով Հրանտ Դինքի սպանության չբացահայտված լինելը:
Անդրադառնալով՝ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների չլուծված խնդիրներին, նրանք կոչ են արել կառավարությանը շարունակել բարեփոխումները:
Հիշեցնենք, որ հեղաշրջման առնչությամբ գործի քննությունը Ստամբուլի դատախազությունը սկսել էր իրականացնել նրանից հետո, երբ «Թարաֆ» պարբերականը 2010-ի հունվարին մի շարք սկանդալային նյութեր էր սկսել հրապարակել: Դրանցում ասվում էր, որ թուրքական բանակը, որը բացառիկ ազդեցություն ունի երկրում և 1960-ականներից հեղափոխություններ է իրականացնում` Ստամբուլի մզկիթներում ռումբեր պայթեցնելու և արտակարգ իրավիճակ ստեղծելու ծրագիր է մշակել:Նրանք պետք է երկրում սիստեմատիկորեն քաոս տարածեին հասարակության մեջ բռնի գործողությունների միջոցով, որը աստիճանաբար կհանգեցներ ռազմական հեղարջման: Խունտան մտադիր էր մեղավոր ճանաչել, իսկ այնուհետև ազատազրկել 200,000 անհատների: