Գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններն այժմ կանգնած են ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջև, որում իր մեղքի բաժինն ունի նաև հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի բավական բարձր (Արցախի պարագայում՝ ճգնաժամային) մակարդակը: Այսպես է սկսվում արցախյան «Հանուն կյանքի» նախաձեռնության բաց նամակը, որն ուղղված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին:
Նախաձեռնությունը նշում է, որ 2011 թվականի վիճակագրությամբ Հայաստանում հղիությունների 21.6 տոկոսն ավարտվել է արհեստական ընդհատմամբ՝ կորցնելով 11,963 երեխայի կյանք: Իսկ ահա Արցախի Հանրապետությունում ընդհանուր հղիությունների 28.4 տոկոսն է ավարտվել արհեստական ընդհատմամբ՝ 1,026 կորստի դեպքով:
«Ուշագրավ է, որ դրանք միայն պաշտոնական թվեր են, որոնք չեն ներառում տարբեր գնահատականներով զգալի թիվ կազմող չվերահսկվող դեպքերը: Հաշվի առնելով վերոնշյալ մտահոգիչ տվյալները մեր ժողովրդագրության համար, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատում կատարող կանանց առողջությանը հասցվող լուրջ (ոչ քիչ դեպքերում նաև մահացու) հետևանքները և խնդրի բարոյական տեսանկյունը՝ կոչ ենք անում Ձեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի մակարդակը իջեցնելու վրա: Որպես առաջնահերթ կարճաժամկետ գործիքներ՝ Ձեզ առաջարկում ենք կատարել հետևյալ քայլերը.
1. ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով պարտադիր դարձնել հղիության արհեստական ընդհատումից առաջ տվյալ քայլին գնացող ամուսինների (առնվազն չծնված երեխայի մոր) հետ հոգեբանական ու բացատրական զրույցը, ինչպես նաև այդ զրույցից հետո 2-3 օրվա տրամադրում վերջնական որոշում կայացնելու համար:
2. ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով հունիսի 1-ը հռչակել նաև չծնված երեխաների պաշտպանության օր՝ դրանից բխող համապատասխան բացատրական-քարոզչական ակցիաների կազմակերպման աջակցմամբ:
Համոզված լինելով, որ վերոնշյալ քայլերի իրագործումը մեծ ջանքերի ու ռեսուրսների հետ չէ կապված՝ ակնկալում ենք դրանց հնարավորինս արագ իրագործում, ինչը, սակայն, բավարար չէ ցանկալի արդյունքների հասնելու համար: Այդ պատճառով Ձեզ կոչ ենք անում ստեղծել այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողովներ, որոնք կմշակեն և կյանքի կկոչեն հղիության արհեստական ընդհատման դեպքերի նվազման գործողությունների ռազմավարական ծրագրեր», – նշում է «Հանուն կյանքի» նախաձեռնությունը:
Նշենք, որ Եվրամիության և ՄԱԿ-ի կառույցները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են խնդիրը, որը հատուկ է ինչպես Հայատսանին, այնպես էլ տարածաշրջնին:
Մասնավորապես, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից նախորդ տարի պատրաստած զեկույցում նշվում է, որ հղիության արհեստական ընդհատումների շարքում մեծ թիվ են կազմում սեռով պայմանավորված աբորտները՝ Հայաստանում գերադասում են հրաժարվել աղջիկներից: