Այսօր Ազգային Ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «քաղբանտարկյալ» սահմանման բանաձևի շուրջ առկա զարգացումները:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի սահմանմամբ՝ «քաղաքական բանտարկյալ է» համարվում այն անձը, որի ազատազրկումը կայացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի ոտնահարմամբ: Բացի դա, անձը «քաղբանտարկյալ» է, եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, ինչպես նաև եթե նույն դեպքում պատիժը եղել է ոչ համաչափ:
«Խոսքը չի վերաբերվում իրավական սահմանմանը: ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է, «քաղբանտարկյալ» հասկացությունը իրավական հասկացություն չի, այլ քաղաքական հասկացություն է: Այնպես որ ես համարում եմ շատ ողջամիտ, որ քաղաքական մարմինը տալիս է այն հիմնական ուղենիշները, ինչի հիման վրա նա հանգելու է եզրակացության այս կամ այն դեպքում քաղբանտարկյալի մասին է խոսք գնում, թե ՝ ոչ:
Հարցը ունի իր նախապատմությունը, և հարցը նախաձեռնել էր ադրբեջանական լոբբին, որովհետև, երբ ավելի ակտիվ դարձան քննարկումները Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին, ադրբեջանական լոբբին ձև գտավ հետաձգել այս հարցի քննարկումը և մտցրեց շրջանառության մեջ մի փաստաթուղթ, համաձայն որի, քանի մենք չենք տվել քաղաքական ուղենիշները, մենք չենք կարող օգտագործել այդ հասկացությունը և հասավ նրան, որպեսզի նման զեկույց լինի: Միաժամանակ, երբ զեկույցը արդեն պատրաստ էր ամեն ինչ արեցին, որ այդ զեկույցը չանցնի: Փաստորեն, ԵԽԽՎ-ն նրանց ազդեցության ներքո մտել էր հետևյալ փուլի մեջ. Կառույցը համարում է, որ սկզբից պետք է հայտարարվեն և ընդունվեն ուղենիշները, հետո նոր քննարկվի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը», – ասել է Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ադրբեջանական լոբբին այս նիստի ժամանակ շատ ակտիվ աշխատանք կատարեց, և քվերարկության արդյունքներն իսկապես արժանի էին դիտարկման, որովհետև տալիս են շատ վառ պատկեր, թե ինչ է տեղի ունենում ԵԽԽՎ-ում:
Հարությունյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ն ակնհայտորեն և օր օրի գլորվում է արժեքների կազմակերպություններից դեպի շահերի կազմակերպություն:
«Ցավոք սրտի, իմ ախտորոշումը մնում է նույնը՝ կազմակերպությունը իսկապես յուրաքանչյուր նստաշրջանում էլ ավելի վատ պատկերով է հանդես գալիս և այստեղ ամենավառ օրինակն էր հենց այս բանաձևի հետ կապված մի առաջարկության վերաբերյալ քվեարկությունը, որը իրականում չեզոքացնում է ամբողջ բանաձևը: Պետք է նշել, որ այդ առաջարկությունը չանցավ ընդամենը մեկ պատճառով, որովհետև այն հավաքեց 89 կողմ և 89 դեմ ձայներ: Եվ եթե հայկական պատվիրակությունից եթե գոնե մեկ անդամ չքվեարկեր այդ առաջարկությանը դեմ, դա կնշանակեր, որ այդ առաջարկությունը անցնում է և ԵԽ-ում բացարձակ հաղթեց որոշակի լոբբիստական աշխատանք: Ես ուրախ եմ, որ այս բանաձևն ընդունվեց», -ասել է Դավիթ Հարությունյանը: