Այսօր 2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրոպական Միությանը: Քիչ առաջ այս մասին հայտարարելով՝ Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն և իր անդամներն ավելի քան 6 տասնամյակների ընթացքում ջանքեր են գործադրում ժողովրդավարության զարգացման, համերաշխության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության համար:
Նոբելյան կոմիտեն ԵՄ-ի գլխավոր ձեռքբերումն է համարում Եվրոպան «պատերազմի մայրցամաքից խաղաղության մայրցամաք» վերածելը:
Որպես ԵՄ աշխատանքի վառ օրինակ բանախոսը հիշեցրել է 1945 թ. հետո Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համերաշխության հաստատման գործընթացը, որին ԵՄ-ն մեծապես նպաստել է:
«Այսօր Ֆրանսիայի և Գերմանյիայի միջև բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել, չնայած մինչ 1945 թվականը 65 տարիների ընթացքում նրանք 3 անգամ լայնածավալ պատերազմներ են մղել: Այսօր նրանց միջև նոր պատերազմ պատկերացնել հնարավոր չէ», – մասնավորապես, նշված է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:
Նոբելյան կոմիտեն ընդգծում է, որ բեռլինյան պատի փլուզումից հետո ԵՄ անդամ են դարձել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ: Այդ ընթացքում ԵՄ-ն աջակցել է տարբեր երկներում ժողովրդավարության զարգացմանը, էթնիկ հակամարտությունների լուծմանը, Արևելքի ու Արևմուտքի միջև կապի ստեղծմանը:
Կոմիտեի ներկայացուցիչը նշել է նաև, որ վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիայի՝որպես ԵՄ-ի անդամ դառնալու թեկնածությունը մեծապես նպաստել է այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումների հաստատմանը: