Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը բաց նամակ է գրել, որտեղ անդրադարձել է իր բողոքը մերժելու դատարանի որոշմանը և Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին:
Հիշցնենք, որ Ենոքյանը բազմիցս տարբեր միջոցներով իր բողոքն է արտահայտել իր դեռ կիրառված սխալ դատավճիռը և պատժաչափը բեկանելու համար, քանի որ պնդում է, որ նոր փաստեր ունի, որոնք ապացուցում են իր անմեղությունը:
Ստորև ամբողջությամբ ներկյացնում ենք Ենոքյանի «Ո՞վ է զրկելու անձեռնմխելիությունից դատախազությանը» հոդված-բողոքը, որը տարածել է Ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը:
«Խցում նստած հետևում եմ լուրերին: Լսեցի նախագահ Սերժ Սարգսյանի խիստ հանձնարարականը խոշոր շնաձկներին բռնելու մասին: Ու մի քանի օր էլ չանցավ: Սկսվեց «վհուկների որսը»: Քաղաքագետներից շատերը Սաֆարովի ներումը մեր արտաքին քաղաքականության դիվանագիտական անհաջողությունը համարեցին: Հետևելով իրադարձությունների հասունացմանը՝ ես էլ գտնում եմ, որ այդ անհաջողությունն այժմ ակնհայտ փորձում են կոմպենսացնել՝ հանրության ուշադրությունը «վհուկների որսով» շեղելով: Փաստորեն հիմա իշխանությունները դատախազության միջոցով փորձում են հասարակությանը ցույց տալ, թե իբր մեր երկրում արդարություն կա, և հանցանք կատարողներն, անկախ զբաղեցրած դիրքից և հանցանքի վաղեմությունից, վաղ թե ուշ կբացահայտվեն ու կպատժվեն:
Բայց իմիտացիոն այս պրոցեսը բացահայտվում է, երբ տեսնում ես, որ զոհ են ընտրվում հաճախ նախկինները կամ քաղաքականապես ոչ նպատակահարմարները: Չեմ կարող չցիտել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կատարվածը: Քաղաքական պատվե՞ր է սա, թե՞ պարզապես Դատախազությունն, ի զարմանս բոլորի, բացահայտում է տարիների վաղեմություն ունեցող արարք: Ինձ համար գոնե, ով անարդար դատավճռով, մեկ անձի հակասական ցուցմունքով հայտնվել է մահապատժացմահականի կարգավիճակում, ակնհայտ է՝ սա քաղաքական պատվեր է, այլապես դատախազությունը կբացահայտեր ոչ միայն ներկա իշխանությունը քննադատող Օսկանյանին, այլև իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան օրինախախտներին կամ գոնե նախկինում հենց դատախազությունում աշխատող քննիչներին, որոնց անօրենությունների հետևանքով անմեղ, սխալ դատված ու չափազանցված պատիժ կրող մարդիկ մինչ օրս գտնվում են բանտում:
Ցմահ դատապարտյալների բողոքները՝ ձայն բարբառո անապատի
Եթե ցանկանում եք ռեալ, շոշափելի արդյունք, հասարակական վստահության վերանվաճում, իսկական ժամանակն է իրագործելու նախագահի հանձնարարականը, ով ևս դժգոհ է ԱՆարդար արդարադատությունից: Իսկ մահապատժացմահականների գործերը այդ առումով իսկապես ինդիկատոր են: Մեր նորանկախ պետության 20 տարիներին գործերի որևէ վերանայում, որևէ ներում, որևէ համաներում, որևէ դատական սխալի ընդունում ու հետևանքի վերացում չի եղել: Մենք այստեղ հացադուլ ենք անում, դիմումներ գրում, փոփոխություն, գործերի վերանայում պահանջում, բայց…ձայն բարբառո անապատի: Տպավորություն է, որ մեր դատարանը միակ ճշմարիտն է: Քանդեք ցմահականների թնջուկը, չէ՞ որ դատավճիռներից շատերը կայացվել են, երբ դեռ ձևավորման փուլում էին պետական համակարգերը՝ մոտ-հեռու 90-ականների սկզբին:
Ամենավառ օրինակը հենց իմ գործն է: Գիտեք, որ տարվա սկզբին Դատախազություն ներկայացվեցին փաստացի ապացույցներ, թե 1996 թ-ին ինչ կեղծիքներ են արվել դատախազության քննիչի կողմից. մասնավորապես իմ գործում հորինվել էին իրականում գոյություն չունեցող վկաներ՝ ընթերականեր, կեղծվել փորձագիտական եզրակացություններ: Եվ ի՞նչ… ոչինչ, պարզապես խոսուն լռություն: Ունի՞ դատախազությունն այդքան կամք, որ իր նախկին քննիչին կանչի, նոր քննություն իրականացնի, հարկ եղած դեպքում պատժի, իսկ այս քրեական գործը վերաբացվի: Պարզապես հասկանում եմ, որ չկա հրահանգ վերևից: Ինչևէ, Դատախազության որոշումը իմ փաստաբանի կողմից վիճարկվեց նաև առաջին ատյանի դատարանում: Նորից մերժում: Պիտի հաշվեմ՝ քանի մերժում եմ առհասարակ ստացել դատարաններում:
Եվս մեկ մերժման մասին
«Դուռը» հազիվ կիսաբաց ենք անում, պայքարում, մեկ էլ դատարանը այն շրխկոցով փակում է: Փակվող դռան հետևից այնքան էլ երկար չեմ նայում. սովոր եմ, փորձում եմ իմ ընտանիքի, փաստաբանների, նոր ու հին ընկերների միջոցով նոր դռներ բացել: Այդպիսի մի «դուռ» է էքս- նախագահ Ռ.Քոչարյանի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագրի վիճարկումը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Բանն այն է, որ նախագահը իրավունք ուներ ներում շնորհելու, բայց ոչ պատժի նշանակման: Ներպետական ատյաններում իմ ներկայացուցիչներն ու ես ստացանք երեք մերժում: Այժմ գործը պատրաստվում է, շուտով կգնա Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ: Ընդհանրապես արդեն 17 տարի է ամեն անգամ համոզվում եմ, որ բազում անհաջողություններն են հաջողության հասնելու ստիմուլ տալիս ինձ: Իսկ Հաջողությանն ու Արդարությանը, տարօրինակ է, բայց դեռ հավատում եմ:
Հարցի լուծումը պատերի հաստության մեջ չէ, պարոն նախարար
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օրեր առաջ ցույց էր տալիս, թե որքան ամուր նոր մեկուսարան է կառուցվում՝ «Արմավիր» ՔԿՀ-ն: Բայց ամուր պատերով արդարություն, ուղղում, մարդու վերադարձ չես ապահովի: Փոխարենը դատապարտյալներին աշխատանքով ապահովեք, ռեաբիլիտացիոն ծրագրեր իրագործեք, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերը կարգավորեք, ուսման, ռեժիմների փոփոխման, համակարգիչների հարց լուծեք…
Օրերս ԵԽ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որտեղ Հայաստանում ցմահ դատապարտյալների, այսինքն՝ մեր վիճակը բնորոշել էր անմարդկայինին համարժեք: Նշված էր նաև, որ որևէ քայլ նախորդ տարվա թերություններն ուղղելու առնչությամբ չի արվել Հայաստանի իշխանությունների կողմից: Մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարություննյանն էլ խեղճ-խեղճ արդարացել էր:
Պարոն Հրայր Թովմասյան, հինգ ցմահ բանտարկյալ հատել է 20 տարվա շեմը, սակայն և ոչ մեկը պայմանական վաղաժամկետ չի ազատվել: Չկա քրեական գործերի վերաբացում: Չի աշխատում նաև ներման ու համաներման ինստիտուտը: Փոխարենը դատաիրավական ոլորտը 20 տարի է՝ բարեփոխվում է: Ու ես բնավ մեղավոր չեմ, որ սարսափելի զուգահեռներ են ծնվում մտքումս. համիդյան ու քեմալական Թուրքիան էլ էր բարենորոգումներ ու բարեփոխումների ծրագրեր անում պարբերաբար, որոնք, սակայն մնում էին թղթի վրա, իսկ հայերի վիճակը գնալով ծանրանում էր:
Օրեր առաջ հեռուստատեսությամբ նայում էի «Բրիֆինգ» հաղորդումը: Ակնհայտ զգացվում էր, որ երբ խոսքը ցմահ դատապարտյալներին էր առնչվում, բանախոսին ընդհատում էին: Հասկանալի է, որ կախյալ հեռուստաընկերությունները չեն կարող նման կնճռոտ հարց բարձրացնել, ինչպիսին մերն է: Բայց ազնիվ, համարձակ լրագրողներ, այնուամենայնիվ, կան, ում կարիքը «Նուբարաշենում» շատ ենք զգում: Ուստի, պարոն նախարար, եթե Հայաստանի բանտերում նույն վիճակը չէ, ինչ Վրաստանի բանտերում, ինչո՞ւ լրագրողների հետ չեք այցելում մեզ, չէ՞ որ Ձեր պաշտոնավարման մոտ երկու տարվա ընթացքում չեք եղել «Նուբարաշեն»-ի կլոր գերեզմանոցի 5-րդ հարկում, ուր 100-ից ավելի ցմահ դատապարտյալներ են 23 ժամ փակ դռների հետևում: Մենք Ձեզ ու լրագրողներին ասելիք ունենք:
Հասարակությունը արդարություն է պահանջում, պարոնայք իշխանավորներ
Իրական արդարադատությունն է հասարակության ուզածը, այլ ոչ թե նպատակաուղղված քաղաքական պատվերները, որոնց միջոցով փորձ է արվում ընտրություններից առաջ թե հասարակությանը, թե արտաքին աշխարհին ցույց տալ իբր մենք ներսում արդար ենք և ինչու մեր նկատմամբ արդար չեն վարվում: Իսկ դրսից ստանում ենք այնպիսի արդարություն, ինչպիսին ներսում է՝ սեփական ժողովրդի նկատմամբ: Բայց հասարակությունը տեսնում ու հասկանում է, թե ինչ է իրականում կատարվում: Արդարության դեֆիցիտի, իրական արդարադատության բացակայության պատճառով է, որ նույնիսկ հանրային արդարության տրիբունալ ստեղծելու հարց է բարձրացվում քաղաքացիական հասարակության կողմից: Հաճախ դատական սխալի հետևանքով մարդը հայտնվում է ցմահ բանտարկյալի կարգավիճակում, իսկ իրական մարդասպանը՝ մնում ազատության մեջ կամ պայմանական դատապարտվում: Իսկ երբ հասարակությունը խնդրում է արդարություն կամ մարդասիրական մոտեցում այն հայ զավակների նկատմամբ, ովքեր չունեն օլիգարխիկ հովանավորչություն, երկրի նախագահը լռում է»: