հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ղարաբաղյան նոր պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի վերջը կլինի. փորձագետ

Ղարաբաղյան նոր պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի վերջը կլինի. փորձագետ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում վերջին հինգ տարվա կտրվածքով այժմ վատագույն վիճակն է ստեղծվել: Այս մասին Regnum գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Հաշտեցման ռեսուրսներ» բրիտանական հասարակական կազմակերպության կովսկասյան ծրագրերի ղեկավար Լոուրենս Բրոերսը:

Դրա պատճառներից մեկը, մասնավորապես, Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն էր, ինչը, փորձագետի խոսքով, «խաղաղության գործընթացի համար իսկական ցնցում էր»:

«Գոյություն ունի հակամարտություն, և միամիտ կլինի կարծել, թե այն կլուծվի կարճ ժամանակում: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ հարկավոր չէ ոչինչ անել, ընդհակառակը՝ ինչ-որ բանից պետք է սկսել: Եվ այդ ինչ-որ բանը՝ ուղիղ շփումներն են, ճիշտ քայլերը միմյանց ընդառաջ», – նշել է Բրոերսը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ուղիղ երկխոսությունը հասարակությունների միջև բարդանում է Ադրբեջանում առկա հակահայկական քարոզչության պատճառով, Բրոերսը պատասխանել է, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ:

«Իրականում Ադրբեջանում գոյություն ունի մարդկանց մի շերտ, որոնք չեն ընդունում վերևից փաթաթվող քարոզչությունը: Դրանք են՝ հասարակական գործիչները, իրավապաշտպանները, բլոգերները, ակտիվիստները, ինչպես նաև արտասահմանում բնակվող ադրբեջանցիները: Այդ մարդիկ հանդես են գալիս հասարակական երկխոսության մեկնարկի, այլ ոչ թե առկա ատելության սրման համար: Ես և իմ գործընկերները հարթակ ենք տրամադրում նման երկխոսության ստեղծման համար», – ընդգծել է Բրոերսը:

Նրա խոսքով՝ եթե տարածաշրջանում նոր պատերազմ սկսվի, այն, առաջին հերթին, զրոյի կհավասարեցնի խաղաղ կարգավորման բոլոր ջանքերը, բացի դա, «երկու երկրների վերջը կտա»:

«Հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի հակամարտության երկու կողմերն էլ գիտակցեն դա», – եզրափակել է փորձագետը: