Շարքային Փայլակ Շահնազարյանի սպանության մեջ մեղադրվող եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանի մայրը նշում է, որ իր տղան դիտավորությամբ չէ, որ կատարել է սպանությունը, մինչդեռ Շահնազարյանի հորեղբոր խոսքով՝ սպանությունը կանխամտածված է եղել: Epress.am-ը զրուցել է 2012 թվականի հունվարի 27-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի մասնակից երիտասարդների ընտանիքների անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է դեպքերի իր վարկածը:
Մեղադրյալի մայրը՝ Էմմա Սարգսյանը, ներկայացնելով միջադեպի մանրամասները՝ հիմնվելով իր որդու պատմածի և դատարանում հնչած կարծիքների վրա, նաև բողոք է արտահայտել դիրքի ավագի գործողությունների վերաբերյալ:
«Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը տղաս շարքային Ռոբերտ Ազոյանի հետ առաջնագծում են եղել, այնտեղից իջել են, նրանց փոխարեն առաջնագիծ են բարձրացել Գեղամ Անտոնյանն ու Գևորգ Գասպարյանը: Ազոյանը տղայիս ասել է, որ գնա Փայլակին ու Կարեն Ալավերդյանին արթնացնի, որպեսզի նրանց հանձնեն հերթափոխը, իսկ դիրքի ավագը՝ Ռոբերտ Ստեփանյանը, ներսում քնած է եղել», – պատմել է մայրը: Նա նշել է, որ ըստ իրենց դիրքի օրենքի, պետք է սուրճ եփեն, նոր արթնացնեն տղաներին:
«Խաչատուրը սուրճը դրել է, հետո նստել է Ազոյանի մոտ, նորից գնացել է սուրճը վերցնելու, այդ ընթացքում դրսից բերել է սափրվելու փրփուրն ու քսել քնած տղաների կիսաճտքավոր կոշիկների ծայրերին, այնինչ ներկայացրել են, իբրև թե դեմքներին է քսել փրփուրը: Տղաս ասում է, որ դա սովորական զինվորական կատակ է ու եթե իմանար, որ այդ կատակը ճակատագրական էր լինելու, չէր անի», – նշել է մայրը ու ընդգծել՝ երբ փրփուրը քսելուց հետո տղան գնացել ու արթնացրել է Կարեն Ալավերդյանին, վերջինս սկսել է հայհոյել, երբ հայտնաբերել է կոշիկների վրայի փրփուրը:
«Տղաս հարցրել է, թե ինչի՞ համար է հայհոյում, Կարենը պատասխանել է՝ որ լավ է անում ու տղայիս ասել, թե՝ «դու ես գնալու պոստին կանգնես, ես քնեմ»: Խաչատուրն էլ ասել է՝ «ո՞նց թե, դու ես պոստի, ես գնամ կանգնե՞մ» ու սկսել են իրար քաշքշել: Այդ ընթացքում դիրքի ավագն արթնացրել ու հաշտեցրել է տղաներին, հետո արթնացրել Փայլակին, վերջինս էլ արթնանալուց անմիջապես հետո գնացել է զուգարան», – պատմել է մայրը:
Նա ավելացրել է, որ տղան բորբոքված է եղել ու չի նկատել՝ ինչպես է Փայլակը հագնվել ու դուրս եկել: Էմմա Սարգսյանը նշել է նաև, որ իր տղան Փայլակի հետ չի վիճաբանել:
«Այդ ընթացքում Խաչատուրը Ազոյանին պատմել է կատարվածը, բայց Փայլակի մասին ոչ մի խոսք չի եղել ու հանկարծ խոտերի մեջ խշխշոց է լսվել: Ազոյանն ասել է՝ «շակալ ա», դա նաև հաստատվել է դատարանում, տղաս էլ, դիպուկահար լինելով, շատ ուշադիր է, անգամ մթության մեջ ճանճին կարող է խփել. դե 7 ամսվա դիպուկահար է, ի դեպ՝ կրակել է 4 տարեկանից», – շեշտել է մայրը:
Նրա խոսքով՝ Խաչատուրը պատմել է, որ ինքը լարել է լսողությունը, երբ ոտքերի քսքստոց է լսել, իսկ այնուհետև, երբ տեսել է մոտեցող ստվերը, գոռացել է գաղտնաբառը՝ «Գրադ»:
Ազոյանը գոռացել է՝ «Խաչիկ, թուրք ա, թուրք»: Խաչիկը երկրորդ անգամ է գոռացել՝ «Գրադ, գրադ» ու երբ պատասխան չի հնչել, մենահար կրակով 5 անգամ կրակել է:
«Երբ փամփուշտը վերջացել ա, տղաս վազքով գնացել, հեռախոսի լույսը գցել ա ու տեսել ա, որ Փայլակն ա: Մինչև մյուսների գալը, Խաչատուրն առաջին օգնությունն ա ցուցաբերել, դիրքի ավագը խառնված ոչինչ չի արել, տղաս ա կանաչ հրթիռը բաց թողել, որ օգնության հասնեն, բայց մինչ կգային, Փայլակն արդեն մահացած է եղել», – ասել է տիկին Էմման:
Նա նշել է, որ դատարանում այդ ամենը հաստատել են զինվորները:
«Երբ Ազոյանին դատավորը հարց է տվել, թե՝ «Ռոբերտ, բա որ Խաչատուրը չգիտե՞ր, որ Փայլակը գնացել ա զուգարան: Դու գիտեի՞ր ու Խաչատուրը մենահար կրակով խփում էր, ավտոմատ չէր, ինչո՞ւ չասացիր՝ մի խփի, Փայլակն ա, դու էդ պահին ի՞նչ էիր անում», պատասխանել է՝ «ես էն կողմ էի նայում»: Դատավորը զարմացած հարցրեց՝ «ո՞նց թե, քո ընկերը թուրք ա խփում, դու էն կո՞ղմ էիր նայում»», – պատմել է Սարգսյանը: Նա շեշտել է, որ դեպքից հետո այդ նույն Ազոյանին նախաքննական շեմին 10 օրով արձակուրդ են ուղարկել:
«Խաչատուրը մի քանի անգամ փոխել է ցուցմունքը. մեկ ասում էր՝ հայհոյելու համար է սպանել, դատի ժամանակ էլ ասաց՝ «Փայլակը էդ տղեն չէր, ես իրան քֆուրի համար չեմ խփել», դատավորն էլ հարցրեց, թե ինչի՞ համար է խփել, Խաչատուրն էլ, թե՝ «իմացա թուրք էր, խփեցի»», – դեպքի մասին խոսելով՝ ասել է Փայլակի հորեղբայրը՝ Վարազդատ Շահնազարյանը:
Նա նշել է, որ, իրենց տեղեկությամբ, Փայլակն արթնացել է տղաների աղմուկից, լսել է հայհոյանքն ու տեղից բարձրացել, եկել է, որ ընկերոջը պաշտպանի: Խաչատուրը Փայլակին հարվածել է, «մեր քրֆել», Փայլակն էլ, թե՝«հեսա գնամ զուգարան գամ, տենամ՝ խի՞են իմ սրբությանը հայհոյում»: Խաչատուրն էլ հետևից դուրս է գնացել, պառկել է Ազոյանի կողքը ու դարձյալ «մեր քրֆել» Խաչատուրին, հետո սպասել է՝ մինչև Փայլակը զուգարանից դուրս կգա ու կրակել է», -պատմել է հորեղբայրը:
Վարազդատի խոսքով՝ մեկ այլ ցուցմունքում Խաչատուրն ասել է, թե «շակալի տեղ է դրել» ու կրակել է:
«Խաչատուրը շատ հիստերիկ, դուրս պրծած տղա է, անընդհատ ավտոմատը քաշած սրան-նրան վախեցնում էր, թե՝ «հեսա մեկիդ կսպանեմ», սրանով ուզեցել ա գողական գնա ու «յախշի» դառնա: Ընկերները նաև ասել են, որ Խաչատուրի ծնողները գնացել ու խնդրել են, որ իրենք դատարանում փոխեն ցուցմունքները», – պատմել է Շահնազարյանը:
Էմմա Սարգսյանը Epress.am-ին ասել է, որ իրենք երբեք նման խնդրանքով զաինվորներին չեն դիմել:
Խաչատուրի մայրն ընդգծել է, որ ինքը հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու պատմել, որ ամեն բան գրված է բացատրագրում ու իր պատմած ամեն ինչն ապացուցվել է:
«Չիմացանք, բայց ինչ-ինչ պատճառներով գործն ամբողջությամբ փոխվեց Ռազմական ոստիկանություն մտնելուց հետո ու ամբողջ պատասխանատվությունը դրվեց Խաչատուրիս ուսին, իբրև թե ամեն ինչ եղել է ճաշարանում, երբ տղաներն իրար հայհոյել են, այնուհետև Խաչատուրը սպանել է Փայլակին», – պատմել է Սարգսյանը՝ հարց ուղղելով, թե ինչի՞ համար Խաչատուրը պետք է սպաներ՝ «կծեծեր ու վերջ»:
Մայրը, ով միաժամանակ իր ցավակցությունն ու ափսոսանքն է հայտնել Փայլակի հարազատներին, նաև ընդգծել է, որ իր տղան այնքան լավ կարծիք է ունեցել Փայլակի մասին ու միշտ ասել է՝ «մամ, էնքան խելոք ա, չես պատկերացնում»:
«Փետրվարի 2-ին Կարեն Ալավերդյանը ՌՈ-ում ցուցմունք է տվել, թե՝ «ես լսել եմ, Խաչատուրը երկու անգամ կրկնել է գաղտնաբառը, ես լսել եմ ու պատասխանատու եմ յուրաքանչյուր ին ասած բառի համար»: 2-3 ժամ անց, այս տղան նորից է ցուցմունք տալիս՝ իբր ինքը հոգեբանական ճնշման է ենթարկվել Խաչատուրի հայացքից, վախենում է առերեսումից ու հերքել մինչ այդ իր ասածը: Մնացած տղաների ցուցմունքներն էլ հակասում են իրար», – շեշտել է մայրը՝ կարծիք հայտնելով, որ ամեն բան հասկանալի է ու ամենն արվում է, որպեսզի չտուժի դիրքի ավագ Ռոբերտ Ստեփանյանը:
«Այս ի՞նչ է կատարվում, ոնց կարելի է, ինչի՞ համար էր դիրքի ավագը, այնինչ վկաները բոլորն էլ փաստել են, որ նա գրեթե ամբողջ օրը քնած է եղել ու չի հետևել զինվորներին», – ասել է Սարգսյանը:
Վարազդատ Շահնազարյանն էլ, իր հերթին, նշել է, որ իրենք արդար դատավարություն են պահանջելու:
«Մեղավորը պետք է ստանա իր արդար պատիժը», – եզրափակել է Շահնազարյանը:
Epress.am-ը զրուցել է գործով քննիչ Դերենիկ Իգիթյանի հետ, ով նշել է, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով ոչինչ ասել չի կարող:
«Քանի որ նախաքննության ավարտման փուլից հետո քննիչը պաշտոնապես իրավասու չէ զբաղվել գործի դատաքննությամբ, ուստի, որևէ հարցի պատասխանել չեմ կարող»,- ասել է Իգիթյանը:
Նշենք, որ այժմ տղան մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ, նրան սպառնում է 8-ից 15 արվա ազատազրկում: