«Սևան» ազգային պարկի մաս կազմող Արգիճի գետը, որը որոշ մասնագետների հաշվարկներով ապահովում է Սևանա լճի ջրի մոտ 40%-ը, դեռ 2005 թվականին գրավել է ՀԷԿ կառուցել ցանկացող գործարար, սակայն ՀԷԿ-երի շինարարությունը մինչև վերջերս հաջողվել է կանխել: Սակայն 5-6 ամիս է՝ ՀԷԿ-երից մեկի շինարարությունը վերսկսվել է: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է բնապահպան Ինգա Զառաֆյանը:
Արգիճին անցնում է 5-6 համայնքներով, գետի նշանակությունն այն է, որ դա էնդեմիկ տեսակների՝ իշխանի, կարմրախայտի ձվադրման վայրն է: Իսկ ցանկացած ՀԷԿ գետի կենդանական աշխարհի վրա է առաջինը ազդում:
Հարկ է նշել, որ Սևանի ձկնահամակարգը վերականգելու համար պետբյուջեից ամեն տարի մեծ գումարներ են հատկացվոմ, օրինակ, 2011թ. 60 միլիոն դրամ՝ մանրաձուկ լցնելու համար:
«Այդ ՀԷԿ-ը վտանգում է Սևան ազգային պարկի ձկնահամակարգը: Իսկ Սևան ազգային պարկը Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածք է»,- ասել է Զառաֆյանը՝ հավելելով, որ սույն խնդրի մասին իրենց ամիսներ առաջ ուղարկած հարցմանը Բնապահպանության նախարարությունը չի պատասխանել:
Բնապահպանն ասել է, որ Արգիճիի վրա ՀԷԿ կառուցելու թույտվություն ստացել է «Հիդրոկորպորացիա» ընկերությունը, սակայն այդ թույլտվությունը տրվել է 2005 թվականին, իսկ ջրօգտագործման թույտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը ուժը կորցրած են համարում համապատասխանաբար 1 և 3 տարվա ընթացքում, փաստորեն հիմա՝ 2012 թվականին, ՀԷԿ կառուցելու համար ընկերությունը նորից պետք է ստանա թույտվություն: