1993 թվականից Հայաստանի դեղերի շուկայում գործող «Սզնի» ընկերության հիմնադիր-տնօրեն Գառնիկ Սահակյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով դեղերի շուկայում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, «Նատալի ֆարմ» ընկերության ապօրինություններին:
«2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների լայնամասշտաբ ուսումնասիրության, ինչի արդյունքում բացահայտվեցին պետբյուջեից ապշեցուցիչ ֆինանսական յուրացումներ:
Մասնավորապես, պարզվեց, որ 2009-11թթ. ընթացքում ՀՀ-ում գործող 134 բուժհաստատություններից 109-ը դեղերի գնման մրցույթներ չեն հայտարարել: Մրցութային գործընթացների խափանումը դրսևորվել է երեք ուղղություններով` դեղի ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացում, դեղի նվիրատվության կարգով տրամադրում բուժհաստատությանը, մրցույթ հայտարարած բուժհաստատության կողմից օրինական պարտավորությունների չկատարում: Արդյունքում 109 բուժհաստատությունների կողմից արտամրցութային կարգով դեղերի ձեռքբերման վրա ծախսվել է շուրջ 9,4 մլրդ ՀՀ դրամ, որից 3,45 մլրդ-ը ՏՄՊՀՀ-ի կողմից գնահատվեց որպես «պետական բյուջեից ոչ արդյունավետ ծախսված միջոցներ»:
Պետբյուջեի հանցավոր վատնում լինելուց զատ, դեղերի շուկայի նման խեղումը սնանկացման եզրին է հասցրել փոքր ընկերություններին: Մասնավորապես, ՏՄՊՀՀ-ի կողմից արձանագրվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն չհիմնավորված ցածր գին կիրառելու ճանապարհով երկու բուժհիմնարկների հայտարարած դեղի (ցեֆտրիաքսոն) գնման մրցույթներում պարտության է մատնել «Սզնի» ՍՊԸ-ին: Կուտակված ապրանքային պաշարներն իրացնել չկարողանալու արդյունքում «Սզնին» կանգնել է սնանկացման առջև: Դա այն դեպքում, երբ «Նատալի ֆարմը» նույն դեղը 2009-11թթ. ողջ ընթացքում իրացրել է 2,5-4 անգամ ավելի բարձր գնով, քան մենք: Երեք այլ մրցույթներում «Նատալի ֆարմը» նվիրատվություն է կատարել բուժհաստատություններին, ինչի արդյունքում մրցույթներում հաղթելուց հետո մեզ հետ պայմանագրեր չեն կնքվել», – գրում է Սահակյանը:
Նա նշում է, որ փաստերի ուսումնասիրությունից ՀՀ ՏՄՊՀՀ եզրակացրել է. «Նատալի ֆարմ” ՍՊԸ գործողությունները միտված են չհիմնավորված գներ կիրառելու և մրցակցի վաճառքի հնարավորությունները սահմանափակելու միջոցով «Սզնի» ՍՊԸ-ին շուկայից դուրս մղելուն»: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ “Նատալի ֆարմ” ընկերության կողմից 2009-10 թթ. ընթացքում «Սզնի» ընկերության դեմ կիրառված գործողությունները որակվել են «գերիշխող դիրքի չարաշահում» և նշանակվել է տուգանք քսան միլիոն դրամի չափով:
«Փաստացի, չնչին մի գումար գանձելուց բացի «Նատալի ֆարմ» ընկերությունն այլ պատժի չենթարկվեց միտումնավոր և հետևողական կերպով ՀՀ դեղերի շուկան խեղելու, մենաշնորհելու և ՀՀ պետբյուջեին միլիարդավոր դրամների վնաս հասցնելու համար: Նման մեղմությունը չունի արդարացում, և այժմ, երբ ինչ-ինչ նկատառումներով դեղերի շուկայում տիրող բացարձակ օրինազանցության վիճակը հայտնվել է Ձեր, դրա արդյունքում նաև իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, ճիշտ ժամանակն է խոսքերից անցնելու քայլերի», – գրում է «Սզնիի» տնօրենը:
Գառնիկ Սահակյանը պահանջում է, որպեսզի «Նատալի ֆարմը» փոխհատուցի ՀՀ պետբյուջեին և իրեն հասցված վնասները ողջ ծավալով և «Գնումների մասին» ՀՀ օրենքի սահմանած կարգով, առավելագույն` երեք տարի ժամանակով զրկվի դեղերի շուկայում պետգնումների մասնակցելու իրավունքից:
«Նման հակազդեցությունը թույլ կտա մտածել, որ դեղերի շուկայով Ձեր մտահոգությունը նախընտրական ակցիա չէ, այլ ոլորտը կարգավորելու և հետագա ապօրինությունները կանխելու հանձնառություն», – նշում է Գառնիկ Սահակյանը: