Լոնդոնում տեղակայված «Լեգատում» վերլուծական կենտրոնը զեկույց է կազմել, որը գնահատում է տարբեր երկրներում ազատության, առողջապահության, տնտեսության և գործարարության վիճակը։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս տարվա զեկույցում ընդգրկված է 142 պետություն, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 96 տոկոսը և արտադրվում է աշխարհի համախառն արդյունքի 99 տոկոսը։
«Լեգատում»-ի վերլուծաբանները ցուցիչը կազմելիս հաշվի են առնում 8 գործոն` տնտեսություն, գործարարություն, կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձնական ազատություն և սոցիալական կապիտալ։
Զեկույցում պետությունները դասվել են չորս կարգի` բարգավաճության բարձր, միջինից բարձր, միջինից ցածր և ցածր աստիճան։
Հայաստանը այդ ցուցիչով միջինից ցածր կարգում է և 142 պետությունների ընդհանուր ցանկում գրավել է 98-րդ տեղը։
Հայաստանի տնտեսությունն աշխարհում 129-րդն է։ Սա նշանակում է, որ 128 երկներում ավելի արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականություն է, զարգացում և ֆինանսական սեկտորի արդյունավետություն։
Գործարարության ենթացուցիչը «Լեգատում»-ը կազմում է՝ հիմք առնելով գործարարի համար ստեղծված պայմանները, նրան տրվող հնարավորությունները։ Այս հարցում Հայաստանը 81-րդ երկիրն է։
Կառավարումը ենթադրում է պատասխանատու կառավարություն, արդար ընտրություններ, քաղաքական մասնակցություն և օրենքի գերակայություն։ Այդ ենթացուցիչով Հայաստանն աշխարհում 97-րդն է։
Առողջապահությամբ Հայաստանը 98-րդն է, մինչդեռ կրթությամբ, որը հաշվի է առնում կրթության մատչելիությունը, որակը և մարդկային կապիտալը, բավական բարձր՝ 44-րդ տեղում է։
Համեմատաբար բարվոք է համարվել նաև անվտանգությունը, որը որոշվում է պետության և անձի անվտանգությամբ: Այդ ենթացուցիչով Հայաստանը 61-րդն է։
Ամենավատ ցուցանիշները վերաբերում են անձնական ազատությանը և սոցիալական կապիտալին. այդ բնագավառներում երկիրը գրավել է 122-րդ և 124-րդ տեղերը։
Անձնական ազատության ցուցիչը որոշվում է երկու հանգամանքով՝ անձի ազատություն և հանրային հանդուրժողականություն։
Բարգավաճման առումով Հայաստանի հարևաններ Ադրբեջանը և Վրաստանը փոքր-ինչ ավելի լավ վիճակում են և զբաղեցնում են, համապատասխանաբար, 94-րդ և 95-րդ տեղերը, Թուրքիան 89-րդն է, Իրանը` 102-րդը։
Բարգավաճության աստիճանով ամենավատ վիճակում են Աֆղանստանը, Կոնգոն և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։
Ամենաբարգավաճ երկրների առաջին եռյակում են Նորվեգիան, Դանիան և Շվեդիան։