Նախագահական ընտրությունների շեմին Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն աննախադեպ է, որը բաղկացած է, ըստ էության, նույն երկու բևեռներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ նախկին ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ արտաքուստ երևում է, որ մի բևեռը իշխանությունն է` որպես քրեաօլիգարխիկ համակարգ, մյուսը` ԲՀԿ-ն` ևս որպես քրեաօլիգարխիկ համակարգ, երկուսն էլ ձգտում են մյուս բոլորին դարձնել մարգինալ:
«Ըստ էության` ՀՀ քաղաքացին, քաղաքացիական հասարակությունը որևէ քաղաքական ընտրութուն չունի: Հասարակությունն անտարբեր է նախագահական ընտրություններին նկատմամբ, և լինելու է քվերարկություն, ոչ թե ընտրություն»,- ասել է Շահնազարյանը:
Նա նշել է, որ իշխանությունը ապացուցել է, որ չի ցանկանում որևէ փոփոխություն անել, այլ միայն խոստումներ է տալիս, այսինքն՝ էվոլուցիոն զարգամցման հնարավորությունը բացառվում է:
«Երկրորդ բևեռը՝ ԲՀԿ-ն, իր արբանյակներով կամ առանց այդ արբանյակների, ներկայացնում է այն պահանջները, որը Ռուսաստանն է ներկայացնում ՀՀ իշխանություններին. առաջինը՝ Հայաստանի Եվրասիական միության մաս կազմելու մասին, երկրորդը՝ ՀՀ պետք է ՌԴ-ին հանձնի գործադիրի կարևորագույն լծակների տնօրինությունը: ՀՀ իշխանությունները հստակ ուղերձ ուղարկեցին, որ պատրաստ են ընդունելու քաղաքական պահանջները, բայց ոչ գործադիրի լծակների հանձնումը», – ասել է բանախոսը:
Շահնազարյանը որպես օրինակ նշել է ՀԱՊԿ-ի լրացուցիչ արձանագրության կողմ քվեարկելը, որից, նրա խոսքով, ՀՀ քաղաքացին կարող է միայն ամաչել: Բայց Մոսկվան հստակ պատասխանեց, որ այդքանին համաձայն չէ: Դրա մասին է վկայում, ըստ բանախոսի, լրագրողների հրապարակումները, մասնավորապես, Միխայիլ Լեոնտևի կարծիքը:
Շահնազարյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները, որոնք Հունգարիայի հետ հարաբերություններն են դադարեցրել հայտնի պատճառով, պետք է նաև այդ լրագրողի մուտքը Հայաստան արգելեին:
Ստեղծված իրավիճակից ելքը՝ հրաշքը, ըստ բանախոսի, կարող է լինել ակտիվ քաղաքացիական հասարակության ստեղծումը:
Բանախոսը անդրադարձել է նաև ԲՀԿ-ի վերջին հավաքին՝ նկատելով, որ այնտեղ իրականում որոշում կայացվել չէր կարող, քանի որ դրա որոշումները կայացվում են ոչ թե այդ ժողովներում, այլ Մոսկվայում:
ՀԱԿ-ի մասին մեկնաբանություններ անելուց բանախոսը խուսափել է` ասելով միայն, որ «ՀԱԿ-ն ինքնուրույն քաղաքական գործոն չի»: