Արյան հիվանդությամբ տառապող պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հետազոտման և բուժման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատկան բոլոր օղակները գործել են զինծառայողների սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան և ձեռնարկել սպառիչ քայլեր: Այս մասին ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ երեկ Արթուր Քոչարյանի ծնողները ներկայացրել էին իրենց որդու հիվանդության պատմությունը և հաշվեհամար բացել՝ խնդրելով աջակցել որդուն Մոսկվայի կլինիկա տեղափոխելու հարցում:
«Ինչպես Արթուր Քոչարյանի, այնպես էլ՝ յուրաքանչյուր զինծառայողի համար անվճար, որակյալ բուժօգնությունը կազմակերպվում է միայն Հայաստանում՝ ՊՆ գերատեսչական բուժհիմնարկություններում, հարկ եղած դեպքում՝ ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ օրենքը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, հոդված 33):
Ինչ վերաբերում է հետագա բուժման ծախսերին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում օժանդակում է դրան: Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը: Ցավոք, հայտնի դրդապատճառներով, հերթական անգամ մարդկանց ցավին տրվող հնչեղությունը միտումնավոր ուղղորդվում է՝ հասարակության շրջանում զինված ուժերի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելուն», – հայտարարում է ՊՆ-ն:
Նշենք, որ Արթուր Քոչարյանի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, իր հերթին, նշում է, որ Հայաստանում այսօր իր որդուն հնարավոր չէ բուժել և դրանով կարող են զբաղվել միայն արտասահմանյան մի քանի հիվանդանոցներ:
«Մեզ փաստացի հույսով արեցին, իսկ երբ եկավ գումարը տրամադրելու պահը ուղղակի «գցեցին»: Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: «Զինուժով» նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չեք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլար արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր»,- ասել էր զինվորի հայրը: