«Նուվել դ’Արմենի» պարբերականի լրագրող Սեդա Մավյանի հետ հարցազրույզում ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պարզաբանել է, թե ինչու է անդամագրվել ԲՀԿ կուսակցությանը, ինչ հարաբերություններ ունի ինքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և որքանով է պատասխանատու զգում Մարտի 1-ի դեպքերի համար:
Օսկանյանն ասել է, որ Հայաստանի հիմնական աղետը քաղաքական մենաշնորհի գոյությունն է, իսկ դրա դեմ կարող է պայքարել միայն ԲՀԿ-ն: Եվ քանի որ «զուտ գաղափարական առումով ինքը տարաձայնություններ չունի» այդ ուժի հետ, որոշել է անդամակցել գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը:
«Հետաքրքիր է, որ հիշատակում եք Հայաստանում ԲՀԿ-ի միջոցով քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը նույն բանն էր մտածում, երբ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011-ի հոկտեմբերին, սկսեց առաջ քաշել ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի մերձեցման գաղափարը: Այդ պայմաններում ինչո՞ւ չմտածեցիք պայքարել «արմատական» կոչվող ընդդիմության շարքերում, մասնավորապես՝ ՀԱԿ-ում», – հարցրել է լրագրողը:
Օսկանյանը պարզաբանել է, որ այն ժամանակ ինքը լավ վերլուծել է քաղաքական բնապատկերը և հասկացել, որ այնտեղ հակակշիռների համակարգ ներմուծելու լավագույն եղանակը ԲՀԿ-ին անդամակցումն է:
«Ես չեմ թերագնահատում ընդդիմության մյուս կուսակցություններին», – հավելել է քաղաքական գործիչը:
Սեդա Մավյանը հիշեցրել է Deutche Welle գերմանական ռադիոալիքին տված Օսկանյանի հարցազրույցը, որտեղ ԲՀԿ անդամն ասել էր, որ «իր դեմ գարուցված քրեական գործը որևէ կերպ չի կարող ազդել ԲՀԿ-ի վրա»: Ըստ լրագրողի, այդ դիտարկումը զարմանալի է, քանի որ «Օսկանյանի դեմ գործի և հատկապես նրա դատապարտվելու դեպքում, մինչև 2013-ի փետրվարը ԲՀԿ-ն կկարողանա վերջնականապես ընկալվել որպես ընդդիմադիր կուսակցություն»:
«Ձեր վերլուծությունը կարող է ճիշտ դուրս գալ, բայց տարբեր զարգացումներ կարող են լինել: Ապագան ցույց կտա: Դրա համար էլ ես պնդում եմ՝ ասելու, որ չի կարելի ԲՀԿ-ն առևտրի առարկա դարձնել, որ ԲՀԿ-ն չի շեղվի այն ուղուց, որն ինքն իր համար ամրագրել է, և կանի այն, ինչ կունենա անելու»,- ասել է Օսկանյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը հավելել է, որ եթե իր վերջո իրեն դատեն, ինքը շարունակելու է պայքարը որպես քաղբանտարկյալ:
Կառավարության անդամ լինելու 10 տարիների ընթացքում թույլ տված սխալներին անդրադառնալու լրագրողի խնդրանքին՝ Օսկանյանն ասել է, որ ինքը պատրաստ է պատասխան տալ միայն իր ոլորտի՝ արտաքին քաղաքականության մասով:
«Տասը մարդու մահն, իհարկե, դատապարտելի է, բայց այդ օրը ես ամեն ինչ արեցի, որպեսզի չլիներ այն, ինչ եղավ (խոսում է մարտի 1-ի մասին – խմբ.): Իմ ջանքերն արդյունք չտվեցին, դրա համար էլ այսօր ինձ հանդիմանում են: Բայց ես կարծում եմ, որ այդ օրը ես արել եմ կարեցածս և, իմիջիայլոց, ես միակն եմ, ով ինչ-որ բան արել է… Եթե մի օր կարողանանք օբյեկտիվորեն վերլուծել պատահածը, եթե անվիճելի փաստեր ունենանք, մենք բոլորս կընդունենք դա», – ասել է Օսկանյանը՝ հավելելով, որ ինքը ծանոթ չէ Մարտի 1-ի հարցով երկու հատուկ հանձնաժողովների՝ Սամվել Նիկոյանի վարած հանձնաժողովի և Փաստահավաք խմբի (այս խմբում ընդգրկված են եղել թե իշխանությունների, թե ընդդիմության ներկայացուցիչները – խմբ.) կազմած զեկույցներին:
Ռոբերտ Քոչարյանի հետ իր հարաբերությունների մասին խոսելով՝ Օսկանյանը նշել է.
«Չեմ կարող ասել, թե ընկերներ ենք: Քոչարյանն այդ տեսակ անձնավորություն չէ: Օրինակ՝ մենք միասին չենք խմում: Բայց երկուսիս էլ մտահոգում է երկրի ապագան, և մենք կանոնավորապես հանդիպում ենք՝ դրա մասին խոսելու: Բայց դա չի նշանակում, թե միասին ծրագիր ենք մշակում: Գիտե՞ք, նա այնքան հզոր անհատականություն է, որ ոչ մի պատճառ չունի ուրիշ մեկի հետևում թաքնվելու: Եթե նա որոշեր վերադառնալ քաղաքականություն, նա կհայտարարեր դրա մասին: Ես նույն բանն իմ մասին կարող եմ ասել»: