Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ընդունված 40-ից ավելի վճիռներից և ոչ մեկը չի կատարվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ հայաստանյան մամուլում իրավական թեմաներ լուսաբանող լրագրողնրեը սխալվում են, երբ գումարի փոխհատուցումն են համարում վճռի կատարման բուն արդյունքը, ինչը, ըստ իրավապաշտպանի, չորրորդական նշանակություն ունի:
«Գոյություն ունեն ՄԻԵԴ-ի որոշումների կատարման անհատական և ընդհանուր միջոցներ: Անհատականի մեջ մտնում է նաև փոխհատուցումը, իսկ՝ ընդհանուրի մեջ նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնելը: Փոխհատուցումը ժամանակին տրվում է, օրենսդրական բարեփոխումներն ուշացումով, բայց կատարվում են: Ուշանում են նաև ՄԻԵԴ-ի վճիռների հրապարակումները: Այս պահին պաշտոնապես հայտատարված է Հայաստանի դեմ կայացված 19 վճռի մասին, սակայն իրականում կա 40-ից ավելի վճիռ: Գործերը հայաստանյան դատարաններում պետք է քննվեն, քանի որ հայտնվել է նոր հանգամանք՝ ՄԻԵԴ-ի վճիռը: Սակայն միայն երկու դեպքում է գործը նորից քննվել, և միևնույն է՝ հայցվորը գործը չի շահել»,- ասել է Զեյնալյանը:
Նա ընդգծել է, որ ՄԻԵԴ-ի վճիռները Հայաստան ուղարկվելուց հետո կողմերը կամ հաշտության են գալիս, կամ մի կողմը ստանում է փոխհատուցում, սակայն ոչ մի գործ հակառակ վճիռ չի ստանում:
«Առավելագույնը՝ Վճռաբեկ դատարանը, որը հրաժարվել է հայցվորի գործը վարույթ ընդունել, այժմ ասում է, որ այդպիսով խախել է Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքը, գործը առնում է քննության ու մերժում: Այսինքն՝ ամեն դեպքում հայցվորը չի շահում», – նշել է Զեյնալյանը:
Իրավապաշտպանը նաև անդրադարձել է այս տարվա ընթացքում Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների թվի աճին: Ըստ նրա՝ այդ փաստը երկու հանգամանքով է բացատրվում. նախ շատացել են գանգատները, երկրորդը՝ Եվրոպական դատարանը ընդունել է 14-րդ արձանագրությունը, որով գործերի քննությամբ ոչ թե երեք, այլ մեկ դատավոր է զբաղվում, ինչն արագացնում է ընթացքը:
Արտակ Զեյնալյանից նաև հարցրել ենք, թե ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ դատարանի սխալվելը կանխելու համար: Նա ասել է, որ չի կիսում այն տեսակետը, թե պետք է պատաասխանատվության կանչել ՄԻԵԴ-ի կողմից որպես սխալ որակված վճիռները իրականացրած դատավորներին:
Առաջին՝ այդ վճիռները չեն բեկանվել, երբեմն նաև վարույթ չեն ընդունվել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից, ուստի անարդար է, որ առաջին ատյանի դատավորը միայն պատժվի: Երկրորդ՝ կա նաև դատարանի անկախությունը ռիսկի տակ դնելու գործոնը:
Քաղաքական իշխանությունը պետք է պատրաստ լինի իր կողմից նշանակված դատավորների կողմից իր դեմ վճիռ ստանալուն. սա է միակ ելքը՝ ըստ իրավապաշտպանի: