Կանխատեսելի էր, որ խորհրդարանական մեծամասնությունը փորձելու է տապալել քվորումը, բայց զարմանալի է, որ մեծամասնությունը, որը, իր պնդմամբ, լրջագույն փաստարկներ ունի, թե ինչու չի կարելի անցնել 100%-անոց համամասնական ընտրակարգի, խուսափեց գալ և խորհրդարանում ներկայացնել իր տեսակետը: Այս մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Արտահերթ նիստը պետք է նվիրված լիներ ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ-ի առաջարկին:
«Ինչպես ես հասկանում եմ իրենց (կոալիցիայի – խմբ.)՝ տարբեր ժամանակներում արված մեկնաբանություններից, կամ շուտ է, կամ ուշ է: Մենք կարծում ենք, որ ցանկացած ժամանակ, ցանկացած պատեհ առիթ պետք է օգտագործել՝ բարձրացնելու համար, և քանի որ ՀԱԿ-ի նախաձեռնությունը ուղղակիորեն այն ժամանակ արվեց և այն համահունչ էր քաղաքական կոնսուլտացիաներին ընդառաջ մեր արած հայտարարության մի քանի սկզբունքային կետերին, մենք միացանք այս նախաձեռնությանը և գտնում ենք, որ շուտ կամ ուշ չի լինում: Նույնիսկ ընտրություններից մեկ ու կես ամիս առաջ, եթե կա քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու հնարավորություն, որպեսզի քաղաքական օրակարգի լրջագույն խնդիրների վերաբերյալ հանդես գան մեկ միասնական դիրքորոշմամբ, այդ հնարավորությունները պիտի օգտագործել», – հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ մեծամասնությանը չէր խանգարի գալ և հերթական անգամ փորձել ներկայացնել իրենց հիմնավորումը:
«Իրենց հիմնավորումները հնչել են խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ մեծամասնական ընտրակարգը ուղղակիորեն չի արդարացնում իրեն», – եզրափակել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նիստը հրավիրելու համար ՀԱԿ-ի խմբակցությունը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ (համաձայն Սահմանադրության 70 հոդվածի պետք է հավաքել առնվազն 44 ստորագրություն, հավաքվել է 48): Նախաձեռնությանն աջակցել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Հանրապետական կուսակցութան խմբակցությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ ամբողջ կազմով նիստին չի ներկայանալու:
Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, այժմ պատգամավորները պետք է սպասեն մինչև ժամը 15:00-ն, և եթե այդ ժամանակ ներկաների անհրաժեշտ քանակ չհավաքվեց՝ նիստը չեղյալ կհամարվի: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայությունը: