Գալիք նախագահական ընտրությունները Հայաստանում աննախադեպ են. այսօր երկիրը միաժամանակ հայտնվել է մի քանի լուրջ բախումների իրավիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ մի կողմից համաշխարհային ճգնաժամով պայմանավորված տարբեր քաշքշուկները՝ գլոբալ շրջանակներում, մյուս կողմից` տարածաշրջանի համար խիստ կարծրացած պայքարը բերել են նրան, որ Հայաստանն այսօր ապրում է իր պատմության ամենաճգնաժամային պահերից մեկը:
«Իրավիճակի խիստ սրումը Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցավ վերջին երկու շաբաթների ընթացքում՝ կապված նրա հետ, որ Ռուսաստանը սկսեց գործողությունները Կովկասում: Ռուսաստանում ստեղծվեց ադրբեջանական հիմնական քաղաքական կառույցը, և Ռուսաստանը ցույց տվեց՝ ինչ հզորություններ է իր մեջ պարունակում Կովկասի գործերի մեջ խառնվելու իմաստով: Այնտեղ ստեղծվեց ազգությամբ ադրբեջանցի միլիարդատերերի կուսակցությունը, որը անվանում են Ռուսաստանում ադրբեջանցիների միություն: Այսօր Ադրբեջանում ցնցումներ են տեղի ունենում սրա հետ կապված, ու այդ ցնցումները կարող են բերել նրան, որ այդ պետությունը, ինչ ձևաչափով այսօր գոյություն ունի, կարող է դադարել գոյություն ունենալ», – ասել է Մանուչարյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանի կապերը շատ լուրջ զարգանում են նաև հարևան Վրաստանի հետ:
«Այս առումով՝ Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ կրում են արտաքին աշխարհի ազդեցությունը ու ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Արևմուտքի: Եթե մենք չկարողանանք գտնել ճիշտ բանաձևերը, ապա Հայաստանը կարող է հայտնվել ծանրագույն իրավիճակում», – նշել է բանախոսը:
Մանուչարյանն ընդգծել է, որ երկու շաբաթ առաջ Հայաստանում իշխանությունն էապես ավելի ուժեղ էր թվում, չնայած նրան, որ Հայաստանում ուժեղ բան չկա՝ կա թույլ ու ավելի թույլ:
«Այնպիսի Ռուսաստանին, ինչպիսին հիմա գոյություն ունի, չի կարելի թողնել առանց քաղաքական ուժեղ պարտնյորի, քանի որ Ռուսաստանի պես պետությանը հարկավոր չեն թույլ խաղացողներ: Հայաստանում դա չի կարող լինել թույլ կամ երկրորդական ուժ: Այս առումով Ռուսաստանին պետք է բալանսավորված ուժ», – ասել է Մանուչարյանը:
Բանախոսի համոզմամբ՝ անկախ նրանից, թե ինչ կարգի կդառնա ՀԱԿ-ԲՀԿ գործընթացի առանցքի շուրջ հավաքվող ուժերի քանակը, սա արդեն վերածվում է ինչ-ինչ ուժի:
«Ուժային իմաստով սա հավասար կլինի մյուս հակադիր քաղաքական ուժին, որի պաշտպանությամբ հանդես են գալիս արևմտյան կենտրոնները և որը, առաջին հերթին, ներկայացված է ՀՀԿ-ով: Այս բալանսն անհրաժեշտ է այն առումով, որ Ռուսաստանը ստիպված չի լինի Հայաստանում նոր գործիքներ ման գալ:
Երկրորդը՝ ոչ մի քաղաքական կուսակցության Հայաստանում չի կարելի թողնել միանձնյա լիդերի կարգավիճակում, քանի որ միանձնյա լիդերը միշտ կարծում է, որ ինչ որ կա, իսկ Հայաստանում ի՞նչ կա՝ թալան, ժողովրդի հարստահարում ու արտանետում երկրից, ամեն մեկը կարծում է, թե ինքը հաջողակն է, ամբողջը կկուտակի, կհավաքի», – շեշտել է Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած բալանս սահմանափակում է այս հնարավորությունները.
«Մյուս կողմից՝ այս հավասարակշռությունը իր մեջ լուրջ վտանգ է պարունակում: Եթե չկարողանանք գործընթացը ճիշտ տանել, ապա լուրջ վտանգի առաջ կկանգնենք:
Անցած անգամներին տեսել ենք՝ ինչ է կատարվում, այս անգամ շատ ավելի ծանր ու վտանգավոր է լինելու: Հարցերի հարցն է՝ բալանսավորված և ուժերի հարկադրված մրցության դեպքում ի՞նչ իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում ընտրությունների հաջորդ օրը»:
Մանուչարյանն ընդգծել է, որ մարտի 1-ը կարող է ծաղիկներ, ճնճղուկներ թվալ գալիք ընտրությունից հետո սպասվող իրադարձությունների համեմատ:
«Տվյալ դեպքում մեր քաղաքական ուժերը խաղում են այն խաղը, որը նրանց պարտադրված է, և նրանք պարտադրված են լինելու մեր ողջ պատմությամբ 1915 թվականով, 1920 թվականով: 20 թվականի իրողությունն էլ է այժմ մեր աչքի առաջ. եթե սխալ կողմնորոշվեցինք և սխալ ընտրություններ կատարեցինք, կարող է շատ ճակատագրական լինել: Եվ այս իրավիճակում Հայաստանից շահերի տեսանկյունից ճիշտ կլինի աշխարհաքաղաքական այս կամ այն ուժը ներկայացնող կուսակցության հաղթանակը», – եզրափակել է Մանուչարյանը: