ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ արդյունավետ բանակցություններ է ունեցել Լիբանանի նախագահ ՄԻշել Սուլեյմանի հետ: Այս մասին նա ասել է լրագրողներին՝ ամփոփելով երկկողմ հանդիպման արդյունքները:
«Քննարկեցինք հայ-լիբանանյան համագործակցության մեջ նորանոր ոլորտներ ընդգրկելու հնարավորությունները, մտքեր փոխանակեցինք միջազգային, մասնավորապես, մերձավորարևելյան և հարավկովկասյան զարգացումների շուրջ: Վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ:
Նախագահ Սուլեյմանին ներկայացրեցի այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Լիբանանի հետ համագործակցությանը միջազգային ասպարեզում: Հայաստանն էլ իր դիրքորոշումները ձևավորելիս` հաշվի է առնում համաարաբական և մասնավորապես` Լիբանանի շահերը:
Խիստ մտահոգված ենք Սիրիայում տիրող իրավիճակով դի և այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունել է հարյուր հազարավոր հայերի, և Սիրիայի ցավը` մեր ցավն է», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման դիրքերից:
«Մենք դեմ ենք ուժի և բռնությունների կիրառմանը՝ և ոչ միայն Սիրիայում: Անհնար է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը: Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման ուղղությամբ:
Լիահույս ենք, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը», – ասել է երկրի ղեկավարը:
Նա անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
«Վերահաստատեցի, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է վարել խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված քաղաքականություն: Մենք բացառում ենք խնդրի լուծման ուժային տարբերակը և հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ հարցը բանակցային ճանապարհով լուծելու մեր հանձնառությանը: Ցավոք, հարևան Ադրբեջանն անտեսում է ՄԽ վստահության կառուցմանն ուղղված բոլոր առաջարկները, շարունակում սպառազինությունների աննախադեպ կուտակումը և իր ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի: Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Սաֆարովի ներումն ու հերոսացումը դրա լավագույն ապացույցն էին: Սա էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն է, այլատյացության և ռասիզմի ցցուն օրինակ», – ասել է Սերժ Սարգսյանը: