Թիվ 1 ընտրատարածքի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր դիմել է թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողով` պահանջելով վիճարկել և ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսանի թեկնածությունը: Այս մասին նշված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ: Սաֆարյանը հետևյալ հիմնավորումներն է բերում.
«Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով` Ձեզ եմ դիմում 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածության գրանցումը ներքոնշյալ հիմնավորումներով դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու համար:
Թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուները մինչև նոյեմբերի 23-ը ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել նախընտրական հիմնադրամներ կատարված մուտքերի և դրանց օգտագործման վերաբերյալ 2-րդ հայտարարագրերը 28.10.2012թ.-23.11.2012թ. ժամանակահատվածի համար: Հիշյալ ժամանակացույցի համաձայն` թեկնածուները 1-ին հայտարարագրերը ներկայացրել էին ամենաուշը մինչև նոյեմբերի 2-ը:
ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանը նոյեմբերի 23-ի դրությամբ 2-րդ հայտարարագրով մինչև այդ օրը իր նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուտքերի հանրագումար է ներկայացրել է 2.710.000 դրամը, որից` 2.652.080 դրամը ցույց է տրվել իբրև ԸՕ-ի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամից կատարված ծախսերի փաստացի չափ: Միաժամանակ այդ նույն գումարը ներկայացրել է թե’ իբրև այդ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման շուկայական արժեք, թե’ հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ: Նոյեմբերի 23-ի դրությամբ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները կազմել են 57.920 դրամ:
Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է. «Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով: Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում»:
Թեկնածու Ռոբերտ Սարգսյանը իր 2-րդ հայտարարագրում նախընտրական հիմնադրամ կատարված մուտքերի և դրանց օգտագործման վերաբերյալ նշել է, թե հիմնադրամ առաջին մուտքը արվել է 1.000.000 դրամ` 25.10.2012թ., երկրորդը`1.500.000 դրամ 07.11.2012թ., և երրորդը` 210.000 դրամ 23.11.2012թ.: Ընդհանուր առմամբ` 2.710.000 դրամ:
Հիմնադրամի այդ միջոցներից 865.605 դրամը նոյեմբերին 6-ին փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար, ևս 1.409.500 դրամ` գովազդային վահանակների վրա պաստառների տեղադրման, ինչպես նաև` վահանակների տեղադրման համար: Նոյեմբերի 23-ին հավելյալ 156.975 դրամ հիմնադրամից փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար: Այս ամենը այն դեպքում, երբ թեկնածուի թվով 12 լայնաֆորմատ պաստառները համապատասխան վահանակներին փակցրել են դեռևս նոյեմբերի 2-ին, մինչդեռ ԿԸՀ սահմանած ժամանակացույցով քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 4-ից: Թեկնածուն նշել է, որ, բացի 220.000 դրամը, մնացած 2.432.080 դրամը ծախսել է հենց այս ծառայության համար: Զուգադիպությամբ թեկնածուի պաստառներից մեկը փակցված է Կենտրոնից դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Նուշիկյան ասոցիացիային» պատկանող վահանակի վրա, որտեղ մայիսի 6-ի խորհրդրանական ընտրություններից առաջ փակցված է եղել իմ նախընտրական լայնաֆորմատ պաստառը, և որի համար ես այդ ընկերությանը վճարել եմ շուրջ 280.000 դրամ: Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կողմից 12 այդպիսի վահանակների պարագայում (կրիչով 12 պաստառների նկարները կցված են) ակնհայտ է, որ դրանց շուկայական գնի հանրագումարը գերազանցում է ոչ միայն ցույց տրված արժեքը, այլև ողջ նախընտրական հիմնադրամի միջոցները: Այսպիսով, ակնհայտ է, որ հիշատակված ապրանքի և ծառայության ձեռքբերման համար թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ցույց տրված փաստացի չափը նվազեցված է, չի համապատասխանում դրա իրական շուկայական արժեքին և գերազանցում է հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին:
Հիշյալ ապրանքից ու ծառայությունից զատ, թեկնածու Ռոբերտ Սարգսյանն իր 2-րդ հայտարարագրում ցույց է տվել, թե նախընտրական բուկլետների տպագրության նպատակով նոյեմբերի 7-ին հիմնադրամից փոխանցել է 120.000 դրամ: Նույնը օրը հիմնադրամից 100.000 դրամ փոխանցվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններում տեղեկատվության տարածման համար: Հայտարարագրից պարզ չէ, թե ինչ է հասկացվում դրա տակ, որովհետև, բացի լայնաֆորմատ պաստառներից ու բուկլետներից, թեկնածուի քարոզչության հետ կապված ընտրատարածքում ամեն քայլափոխի տեսանելի են նախընտրական շտաբերի վրա փակցված միջին ֆորմատի վահանակներ (որոնց վրա նշված է 35 տպաքանակ, մինչդեռ դրանք ավելի շատ են), նոյեմբերի 22-ից բոլոր բնակարաններում բաժանվում են թեկնածուի հերթական համարն ընդգծող հիշեցման թերթիկներ, եւ վերջապես` Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների բոլոր շենքերում, վերելակների ներսում կամ նրանցից դուրս գովազդային վահանակների վրա համատարած փակցվել են A3 և ավելի մեծ ձեւաչափերի նկարներ: Խոսքը վերաբերում է այդպիսի հազարավոր պաստառների (մի քանի լուսանկարներ կցվում են օրինակի համար): Ակնհայտ է, որ նշված բոլոր ծառայությունների ու ապրանքների փաստացի և շուկայական արժեքները թաքցվում են թեկնածուի կողմից:
Չնայած այս ամենին, ԸՕ-ի մեկ այլ ակնհայտ խախտում վերաբերում է թեկնածուի նախընտրական շտաբերին ու դրանց թվին: Ոչ 1-ին, ոչ էլ 2-րդ հայտարարագրերում թեկնածուն չի հիշատակել որևէ ծախս նախընտրական շատբերի վարձակալության կապակցությամբ:
Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ «Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները»: Մինչդեռ, քարոզարշավի մեկնարկից ի վեր թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայվել է Ռոբերտ Սարգսյանի ընտրական շատաբերից մեկը (տեսանյութը կցվում է):
ԸՕ-ի այդ հոդվածի հիշյալ մասը նաև պարտադրում է, որ ընտրական շտաբերի թիվը «չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը»: Մեր կողմից թիվ 1 ընտրատարածքում հայտնաբերվել է թեկնածուի առնվազն 50 նախընտրական շտաբ` համապատասխան գրառմամբ: Եւս մեկ անգամ ընդգծենք, որ դրանց վրա փակցված ցուցանակները վրա իբրև տպաքանակ նշված է 35-ը, ինչպես նաև նախկինում թեկնածուի թիմի ներկայացուցիչները նույնպես դա հայտարարել են իբրև շտաբերի ընդհանուր թիվ` նվազեցնելով դրանց իրական թիվը: Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի լուսանկարնեը կրիչով և դրանց հասցեների ցուցակը կցվում է:
Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետն ամրագրոմ է. «Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:
Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի և նրա կողմնակիցների կողմից կատարվել են Ընտրական օրենսգրքի և նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ակնհայտորեն կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ուստի, Ձեզ եմ դիմում 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը ներքոնշյալ հիմնավորումներով դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու համար»: