Home / Հայաստան / Մտավորականները պետք է չվախենան խոսել. Դավիթ Գյուրջինյանը՝ Մարտի 1-ի մասին

Մտավորականները պետք է չվախենան խոսել. Դավիթ Գյուրջինյանը՝ Մարտի 1-ի մասին

Պատմությունը պետք է որքան հնարավոր է անկողմնակալ լինի, իսկ եթե հնարավոր չէ այս պահին, ապա պետք է փաստ, ժամանակագրություն տալ և վերջ՝ «եղել է սա, ու գնահատականը թողնել դասի ընթացքում: ԵՊՀ պատմության դասագրքի մասին խոսելով՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս, դոցենտ Դավիթ Գյուրջինյանը:

«Մենք խոսում ենք համալսարանական ազատությունների մասին, իսկ ուսանողն ունի իր կարծիքը, դասախոսը՝ իր կարծիքը, կլինեն բանավեճ, կարծիքների բախում, փոխանակում», – ասել է պարոն Գյուրջինյանը:

Հիշեցնենք, որ դասագրքում, մասնավորապես, նշված է, որ «կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները` ընդդիմության արմատական թևը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երևանում սկսեց հանրահավաքների շարքը», ինչպես նաև գրված է, թե մարտի 1-ին «անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսել է ավերներ գործել»՝ ջարդելով շուրջ 1000 մեքենա, ավերելով «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության շենքը: Ցուցարարների ղեկավարների անունները նշված չեն:

Գյուրջինյանի խոսքով՝ պետք չէր բուհական դասագիրք մտցնել մեկ տեսակետ և այն էլ՝ այսօրվա իշխանությունների կողմից ներկայացվող տեսակետը, երբ ուսանողն ինքը կամ նրա ծնողները եղել են մասնակիցն ու ականատեսը այդ դեպքերի և բոլորովին տարբեր գնահատական են տալիս: Ըստ դասախոսի՝ դասագրքի հեղինակները  պետք է ձեռնպահ մնային կամ ուղղակի ժամանակագրություն ներկայացնեին:

«Այսինչ օրը եղավ ընտրություն, այսինչ օրը եղան բախումներ և վերջ, ու ոչ թե չճշտված բաներ ներկայացնեին»,- ասել է դասախոսը:

Նա նշել է, որ եթե դա դասախոսի սուբյեկտիվ կարծիքն է, ապա չպետք է անցներ հաստատման որոշակի օղակներով՝ այսինքն կրթության և գիտության նախարարության երաշխավորությունը կամ վավերացումը:

Գյուրջինյանի կարծիքով՝ առհասարակ պետք է մտածել այդ մեխանիզմի մասին:

«Երբ հարցնում են նախարար Աշոտյանին, ասում է՝ «հեղինակի անձնական սուբյեկտիվ մոտեցումն է կամ, գուցե, այդպիսի բաներ եղել են»:

Հանդիպման ընթացքում իր տեսակետն է հայտնել նաև բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը:

«Պատմական փաստը ճշգրտորեն պետք է արտացոլվեր՝ առանց վերաբերմունքի, սա կլիներ այն, ինչ անհրաժեշտ է, ոչ թե ինչ-որ մեկի մեկնաբանությունը: Եթե խոսակցության տեղիք է տալիս, ուրեմն փաստը ճիշտ չի ներկայացվել: Ի՞նչ է նշանակում՝ անձնական կամ կուսակցական մոտեցումներ վերագրել դրան: Պետք է վերահսկվեն նման բաները: Հեղինակը կարող է կուսակցական լինել, ինչ-որ դիրքորոշում ունենալ, բայց պատմության դասագրքում անկողմնակալ, ճշգրիտ պատկեր պետք է լինի»,- ասել է Գասպարյանը:

Epress.am-ի հետ զրույցում վերադառնալով զրույցին՝ Գյուրջինյանն ասել է, որ այսօր ամենակարևորը հասարակությանը փոխելն է, այն է՝ «պետք է սպանել քաղաքացու մեջ նստած վախը»:

«Մտավորականները պետք է փորձեն առաջինը հաղթահարել վախը և իրենց գործում՝ դասավանդման մեջ և հասարակության մեջ հանդես գալ ու նպաստել մարդկանց մեջ այդ կարծրատիպերի քանդմանը», – ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այսօր կան նաև այնպիսի մտավորականներ, ովքեր, խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին, կարծիք են հայտնել, որ՝ իշխանությունները «լավ են արել, դեռ քիչ են արել»:

«Իմ ուսանողները իմ հրապարակային ու տպագիր խոսքից գիտեն իմ վերաբերմունքը՝ «Մարտի 1-ը մեր պատմության վերջին շրջանի ամենածանր, ամենահրեշավոր, դաժան իրողությունն էր, որի հետևանքները մենք հազիվ կարողանանք երկար ժամանակի ընթացքում հաղթահարել: Մենք չենք կարող հստակ ասել, թե տասնյակ հազարավոր մարդկանց հոգում ինչ կատարվեց: Կարող է շատերը մտածում էին՝ «ես էլ չգնամ, ես ել չկանգնեմ իրավունքի համար, որովհետև այդ պատահական գնդակը կարող է գա ու դիպչի ինձ: Սա լուրջ ուսումնասիրության բան է՝ հոգեբանների, հասարակագետների՝ ի՞նչ հետևանք թողեց, իհարկե, մեծ, շատ ծանր հետևանք: Դա անմոռանալի է, որովհետև դու քո քաղաքում, քո երկրի մայրաքաղաքում անպաշտպան կանգնած ես քո երկրի բանակի դիմաց», -եզրափակել է Գյուրջինյանը:

Լուսանկարը՝  Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից