Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքում երեկվանից թույլատրվել է մորթ իրականացնել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Հիշեցնենք, որ մորթն արգելված էր հոկտեմբերի 17-ից, քանի որ Վարդենիսի մի քանի գյուղերում կենդանիների մոտ սիբիրյան խոցի դեպքեր էին գրանցվել:
«Երեկ Վարդենիսի քաղաքապետի, անվտանգության ներկայացուցիչների հետ որոշվել է, որ պետք է մսի խանութները բացվեն, կոնկրետ քաղաքապետն էլ իր հսկողության տակ է վերցրել այս գործընթացը», – ասել է Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ թեև քաղաքում կենդանիների հիվանդության դեպք չէր գրանցվել, սակայն պատվաստում արվել էր:
«Պատվաստումից հետո համապատասխան օրն անցել է, այժմ անասնաբույժի հսկողությամբ մորթ է իրականացվում՝ նախասպանդային զննում, հետսպանդային զննում, իրացման կետում էլ անասնաբույժի սանիտարական փորձաքննության առկայությունը պարտադիր է, ու վաճառքը արդեն թույլատրվում է», -ասել է տեսչության պետը:
Նա նշել է, որ դեռևս գործելու են հսկողություն իրականացնող անցակետերը:
«Վարդենիս քաղաքից միսն ազատ դուրս կբերվի, եթե, իհարկե, միսը Վարդենիսի է, իսկ մյուս համայնքներից դուրս կբերվի միայն համապատասխան փաստաթղթերի և գյուղապետի տեղեկանքի առկայության դեպքում»,- նշել է Մկրտչյանը:
Մասնագետի հավաստմամբ՝ Ծովակ, Վանեվան, Տորֆավան և Ակունք համայնքներում այս պահի դրությամբ կարանտինը չի հանվել:
«Պատվաստումներն այժմ նշված համայնքներում շարունակվում են ու ավարտից հետո հսկողությունը կիրականացվի ևս 14 օր», -ասել է Մկրտչյանը:
Նա նաև հավելել է, որ վերջին օրերին սիբիրախտի նոր դեպք հանրապետությունում չի գրանցվել:
Еpress.am-ը զրուցել է Վարդենիս քաղաքում մսի վաճառակետերից մի քանիսի սեփականատերերի հետ, ովքեր փաստել են, որ այսօրվա դրությամբ քաղաքում մսի վաճառակետերը դեռևս փակ են:
«Մեզ ոչ ոք չի ասել, որ կարելի է մորթ կատարել ու վաճառք իրականացնել, ուղղակի երեկ լսել ենք, որ հնարավոր է՝ վաղը թույլ տան բացել մսի կետերը: Ի՞նչ արած, սա էլ մեր ապրուստի միջոցն է, բայց եթե նման իրավիճակ էր, ստիպված էինք սպասել», – ասել է վաճառակետերից մեկի սեփականատերը: