ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարի տրոհման հետևանք է, նրանից առաջացած մասնավոր դիմակներից մեկը: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը:
«Եթե 2007-2008-ին մենք ունեինք բուն Գագիկ Ծառուկյան, ապա հիմա մենք ունենք պսևդո-Լևոն Տեր-Պետրոսյան, որը կայանում է մի դաշտում, գրավում է մի դաշտ, որը անհասանելի էր Կոնգրեսի առաջնորդի համար, այն է՝ մարդկանց անգիտակցականը, հանկարծահաս բարգավաճման միֆը, քաջնազարությունը: Կոնգրեսն աշխատում էր մարդկանց ռացիոնալի, բանականի հետ, և պարզվեց, որ դա դեռևս բավական չէ իշխանափոխության համար», – ասել է Նեդոլյանը:
Նա ընդգծել է, որ ինքը համաձայն չէ նման մոտեցման հետ և համարում է, որ պետք է շարունակել խոսել բանականության հետ, արթնացնել այն, բայց, միևնույն ժամանակ, ինքը հասկանում է Տեր-Պետրոսյանի մտահղացումը, այն է՝ գործիքավորել Գագիկ Ծառուկյանին, սառցահատ դարձնել, ու, պետք եղած պահին, սրընթաց ապամոնտաժել:
Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության համատեքստում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությանը` հրապարակախոսն ասել է.
«1996թ. Ազգային ժողովի դիմաց կանգնել էի Վազգեն Մանուկյանի դրոշների տակ, սակայն այն ժամանակ ասում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ նախագահ չէ, բայց նա կլինի փայլուն ընդդիմադիր: Քաղաքական գործիքակազմի մեջ ներառվում է նաև տաղանդն ու միտքը: Այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Գագիկ Ծառուկյանը բավականին բութ գործիքներ են, սակայն, այնուամենայնիվ, պետք է կիրառվեն: Իշխանության կողմից կիրառվող գործիքները բոլորովին այլ են՝ փողը՝ որպես հիմնական օժանդակ ուժ, և իշխանության սակրալացումը, ըստ որի իշխանությունը սրբազան մի բան է, որի անունից կարելի է անել ամեն ինչ ու մի բան էլ սեր պահանջել:
Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Գագիկ Ծառուկյանն իշխանության դաշտ մտնելով՝ փողի, ուժի, իշխանության սակրալ բնույթի շահագործմամբ շատ հմուտ են: Նրանցից ամեն մեկն այդ ոլորտում մեծ հաջողություններ ունի, ինչի շնորհիվ դարձել է նկատելի անձ: Այնտեղ իրենք էֆեկտիվ են հասարակության դեմ: Հասարակության կողմից իշխանության դեմ իրենց էֆեկտիվության չափը կախված կլինի Լևոնի կողմից իրենց հմուտ օգտագործելու ունակություններից: Համենայնդեպս, նա արդեն ապահովեց կարծես թե այդ հիմնարար տարբերությունը՝ իրենք ոչ թե իշխանության հետ են մեր դեմ, որտեղ որ նրանք էֆեկտիվ են, այլ մեր հետ են իշխանության դեմ, որտեղ նրանք էֆեկտիվ են մեր առաջադրանքի չափով, իսկ ինքնին իրենք էֆեկտիվ չեն: Ինքնուրույն Ծառուկյանից կամ Քոչարյանից վախենալու պատճառ չկա: Եթե շատ կոպիտ՝ իրենց քաղաքական տնտեսական, անգամ միգուցե ֆիզիկական գոյությունը տևելու է այնքան, ինչքան որ նրանք հանդիսանում են գործիք մեզ համար»: