ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը և իշխանությունները պաշտոնապես պաշտպանում են մենաշնորհները: Զուրաբյանն ասել է, որ դա կարող է ապացուցել և որ այդ փաստը չի հերքել անգամ ՀՀ էկոնոմիակայի նախարար Տիգրան Դավթյանը:
Զուրաբյանը նշել է, որ Դատախազության մոտ հավաքվում են քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի և պոտենցիալ քաղբանտարկյալ մյուս երեք երիտասարդների գործով, սակայն ի վերջո իրենք պայքարում են Հայաստանում ժողովրդավարության համար: Զուրաբյանը որոշել է այս անգամ առիթն օգտագործել և խոսել, իր խոսքով, ապշեցուցիչ բացահայտման մասին:
Խոսելով Կոնգրեսի ներկայացրած մենաշնորհների վերացման նախագծի մասին՝ պատգամավորն ասել է, որ երբ իրենք դիմում էին կառավարությանը՝ մենաշնոհների վերաբերյալ հարցապնդումով, ինքը չէր պատկերացնում իրողությունը: Դա պարզվել է կառավարության կողմից իրենց ուղարկված պատասխանից:
«Ապշեցուցիչ բաներ են բացահայտվել, որոնք հետո բացահայտեց նաև Տիգրան Դավթյանը մեր խոսակցության ժամանակ: Իրենք ներկայացնում են խնդիրը, որ մի քիչ լղոզվի, և դա պարզ չդառնա: Նախ ասում են՝ Հայաստանում մենաշնորհ չկա, հետո էլ ավելացնում են՝ օրենքով սահմանված իմաստով: Ուզում են ասեն, որ չկա այնպիսի մենաշնորհ, որի մենաշնորհը սահմանված է օրենքով: Օրինակ, եթե Սամվել Ալեքսանյանը բերում է շաքարավազի 100%-ը, ըստ մեր կառավարության, դա մենաշնորհ չէ, որովհետև դա սահմանված չի օրենքով: Ես ասում եմ՝ հա, ես դա գիտեմ, որ դա սահմանված չի օրենքով, բայց եթե ինչ-որ մեկը փորձի շաքար բերել, նրա գլխին կտան որևէ ձևով: Ե՛վ կրիմինալ ձևով, և՛ մաքսային արտոնությունների այդ ձևով, և այլն: Ինքը ասում է՝ դե հա, դա ուրիշ պատմություն է, մենք դրա մեջ չենք մտնում: Ասում եմ՝ լավ, էդ հասկացանք: Բայց որ լրիվ հիմար վիճակում չհայտնվեն, մի բառը որը փոխարինում է մենաշնորհ բառով՝ գտել են, անունը դրել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ: Մարդ լեզուն կկոտրի էդ բառակապակցությունը արտասանելիս, բայց իրական դե ֆակտո մենաշնորհներին իրենք այդպես են կոչում»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ կառավարության պատասխանի մեջ պաշտոնապես գրված է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, կառավարությունը և նրանց կողմից ընդունված օրենքները նպատակ չեն դնում պայքարել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեմ: Զուրաբյանի հարցին, թե ինչի դեմ են պայքարում, Դավթյանը պատասխանել է՝ չարաշահումների:
«Ասում եմ՝ այսինքն ինքնին փաստը, որ, ասենք, շաքարավազի ներկրման գործում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ունի 99 տոկոսը, ինքնին այդ փաստը ձեր համար ոչ խախտում է, ոչ պրոբլե՞մ: Ասում է՝ չէ, դա ինքնին պրոբլեմ չէ: Այ եթե ինքը սկսի չարաշահել իր դիրքը, այսինքն՝ բարձ գներ դնել և այլն, այ էդ դեպքում արդեն պորբլեմ է:
Այսինքն՝ այս մարդիկ տարրական գիտելիքներ կամ չունեն, կամ ձևացնում են, որ չունեն: Որովհետև ամբողջ աշխարհում հայտնի է, որ մենաշնորհը, կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը ինքին չարիք է՝ անկախ նրանից, ինքը չարաշահում է, թե չի չարաշահում իր դիրքը: Իսկ էս կառավարությունն ասում է՝ չէ, չարիք չի: Եթե չի չարաշահում, ուրեմն չարիք չի»- ասել է Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորին զարմացրել է այն փաստը, որ իրենց ներկայացրած նածագիծը, բացի 4 խմբակցություններից, պաշտպանեցին նաև 2 հանրապետական պատգամավորներ՝ Գարեգին Նուշիկյանը և Համլետ Հարությունյանը:
«Սա կարևոր թեստ էր, որ անցավ մեր քաղաքական դաշտը, և ասեմ՝ գնալով ուրվագծվում է՝ ով է պաշտպանելու այս ռեժիմը՝ իր բոլոր մենաշնորհներով, և ով է անկախ իր անցյալ դիրքորոշումներից գնալու, մարտահրավեր նետելու այս նույն ռեժիմին»,- ասել է Լևոն Զուրաբյանը: