Home / Հայաստան / «ՀՀԿ-ին շնորհակալ եմ, բայց պարտական չեմ». Օմբուդսմենը ամփոփեց տարին

«ՀՀԿ-ին շնորհակալ եմ, բայց պարտական չեմ». Օմբուդսմենը ամփոփեց տարին

Մարդու իրավունքների ոլորտում ամենամեծ խնդիրը դատարանների կոռումպացված լինելն է, երկրորդը՝ սոցիալական անարդարությունը, և երրորդը՝ ընտրական իրավունքի ոտնահարումը, ինչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության և դատախազության «ձևապաշտապան մոտեցման»  արդյունքն է: Այս մասին այսօր, ամփոփելով տարին, ասել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Իր ելույթը սկսելով՝ նա նկատել է, որ, ցավոք, մարդու իրավունքների օրը տոն չէ Հայաստանում, և հնարավոր չէ չխոսել իրավունքների ոտնահարումների դեպքերից:

Ըստ ՄԻՊ-ի զեկույցի՝ անցնող տարում Օմբուդսմենի գրասենյակին է դիմել 5600 մարդ, սակայն այն ընթացք է տվել 2290 դիմումների և եզրակացրել, որ դրանցից միայն 820-ի դեպքում կա խախտում: Բողոքների մեծ մասը վերաբերել է  Ոստիկանությանը (167 բողոք), ՀՀ աշխատանքի և սեցիալական հարցերի նախարարությանը (97), Արդարադատության նախարարությանը (91 բողոք):

Կարեն Անրդեասյանը, սակայն, միայն 31 որոշում է կայացրել պետական գերատեսչությունների դեմ, որոնցից ամենաշատը՝ 6-ական գործով Պաշպանության նախարարության և ՀՀ Դատախազության դեմ, 4-ը ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ, 3-ը՝ Արդարադատության նախարարության դեմ, 2-ը՝ քաղաքապետարանի:

Անդրեասյանն անդրադարձել է նաև ոստիկանության մեղադրանքներին, թե  խոշտանգման դեպքերին գնահատական տալուց ՄԻՊ-ը շտապողականություն է ցուցաբերում: ՄԻ պաշտպանը հայտարարել է, որ հավատում է իրեն դիմած քաղաքացիներին, երբ տեսնում է նրանց վրա կապտուկներ ու բռնության հետքեր,  սակայն քննադատում է, երբ իր աշխատակիցներն են պարզում, որ ոստիկանությունը փորձում է «լղոզել» գործերը:

Հարցին, թե արդյոք, քննադատելով իշխանություններին, չի՞ հիշում, որ իրեն ՀՀԿ-ի ձայների շնորհիվ են նշանակել ՄԻՊ-ի պաշտոնում, Կարեն Անրդեասյանը պատասխանել է. «Այո, ես շնորհակալ եմ, որ ՀՀԿ-ն քվեարկել է իմ օգտին, սակայն ես նրանց պարտական չեմ: Ու իմ վրա որևէ ճնշում չի եղել»: