«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, հայտարարելով, որ ԲՀԿ-ին չի մասնակցելու ընտրություններին և չի սատարելու ոչ մի ուժի, չի բոյկոտում ընտրությունները, քանի որ նման կշիռ ունեցող քաղաքական ուժը դա անել չի կարող, և դա ճիշտ է բնութագրել ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հայկ Բալանյանը: Համաձայնելով Աշոտյանի գնահատականի հետ՝ քաղաքագետը, սակայն, ասել է, ոչ այնուամենայնիվ, ԲՀԿ-ի այդ հայտարարությամբ ամեն ինչ վերադառնում է «ի շրջանս յուր»:
Հայկ Բալանյանը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում՝ անկախ նրանից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, թե ՀԱԿ-ը որևէ այլ թեկնածու կունենա, ընտրությունների արդյունքում էապես տարբերություն չի լինի, քանի որ ժամանակը բաց է թողնված, և ընտրությունները զուտ ձևական բնույթ են ունենալու:
«ԲՀԿ-ն նույն քրեական դասակարգի մաս է կազմում, և միամտություն էր կարծելը, թե այն ընդդիմություն կարող է դառնալ: Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր դա հասկանում: ԲՀԿ-ն իր առևտուրն ուներ իշխանության հետ և դա էր արտահայտում իր գործողություններով: Նման դեմարշներ իրեն թույլ էր տալիս նաև ՀՅԴ-ն, երբ դեռ կոալիցիայի անդամ էր: ԲՀԿ նույն մարտավարությունն ընտրեց: Դա պարզապես ներիշխանական «ռազբոռկա» էր»,- ասել է Բալանյանը՝ հավելով, որ ՀԱԿ-ը փորձ էր անում ՀՀԿ-ԲՀԿ հակասություններն ի օգուտ իրեն օգտագործել:
Քաղաքագետի խոսքով՝ ՀԱԿ-ը, սակայն, գերագնահատել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև գոյոթյուն ունեցող հակասությունը և չէր սպասում, որ այդ վեճի հանգուցալուծումը տեղի կունենա հիմա ՝ ընտրություններից դեռ ամիսներ առաջ, թեև պարզ էր, որ նման հանգուցալուծում տեղի ունենալու էր ինչ-որ փուլում, բայց ոչ «դեռ կարգին չսկսած»:
Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով, Ծառուկյանի որոշման մեջ նաև ձեռնտու հանգամանանքեր կան ՀԱԿ-ի համար. նախ ՀԱԿ-ը հնարավորութուն ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կիսելու ԲՀԿ-ի այն ընտրազանգվածը, որը ԲՀԿ-ին կընտրեր որպես ընդդիմադիր ուժի:
Երկրորդ՝ ՀԱԿ-ը ազատվում է Գագիկ Ծառուկյանի հնարավոր թեկնածությունը պաշտպանելու ծանր ընտրությունն անելուց:
Միևնույն ժամանակ, Բալանյանի խոսքով, ԲՀԿ-ի որոշումը և խաղից դուրս գալը, այնուամենայնիվ, մեծ հարված էր ՀԱԿ-ին, քանի որ Կոնգրեսի ողջ ռազմավարությունը կառուցված էր այդ «քաղաքագիտական» հաշվարկի վրա:
«ՀԱԿ-ը շատ մեծ ռեսուրսներ էր ներդրել այդ խաղում և հույս ուներ ընտրությունների շիկացած մթնոլորտում, երբ խաղադրույքները բարձրանան, հասնել հաջողությունների: Ներդրած ռեսուրսները ոչ միայն մեդիան կամ կազմակերպչական ռեսուրսներն էին, այլ, առաջին հերթին, հեղինակության ռեսուրսը, քանի որ այդ խաղի համար շատ բարձր գին վճարվեց` ընտրազանգվածը, հասարակական աջակցությունը, և փոխարենը այս իրավիճակում շատ քիչ բան են ստանալու, իսկ ընտրությունների արդյունքը չի փոխհատուցելու այդ հեղինակազրկումը», – ասել է Բալանյանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետագա քայլերին, ապա, քաղաքագետի կարծիքով, նրանք ոչ մի դեպքում չեն սատարի ՀԱԿ-ի թեկնածուին և, ամենայն հավանականությամբ, իրենց սեփական թեկնածուին կառաջադրեն:
Հիշեցենք, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ միանշանակ չի բոյկոտում ընտրությունները, չի սատարելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը և կողմնակից է միասնական օրակարգ ձևավերելու միջոցով միասնական ընդդիմադիր թեկնածու ունենալուն: