Էրեբունի փողոցում գտվող 470 քմ տարածքը, որը կանաչ գոտի է և համարվում է հանրային տարածք, Երևանի քաղաքապետարանը հանել է աճուրդի: Քաղաքացի Ալմաստ Քիթափսզյանն անմիջապես այդ տարածքին կից սեփականություն ունի և սեփական հողատարածք, ու, պատահաբար իմանալով այդ աճուրդի մասին, ևս ցանկացել է մասնակցել ու գնել հողատարածքը:
Epress.am-ի հետ զրույցում Ալմաստ Քիթափսզյանը (լուսանկարում) պատմել է, թե ինչպես են իրեն փորձել ահաբեկել՝ պահանջելով չմասնակցել աճուրդին:
«Գնացի քաղաքապետարան, որպեսզի ես էլ մասնակցեմ այդ աճուրդին, քանի որ այդ կանաչ գոտու հետևում իմ սեփականությունն է, և որոշեցի մասնակցել միայն նրա համար, որ այդ կանաչ գոտին այդպես էլ մնա կանաչ գոտի և որևէ մեկը այդ տարածքը չվերածի կառուցապատման հրապարակի:
Երբ գնացի քաղաքապետարան, ներս մտա, երկու հոգի հաստավզեր իմ հետևից բարձրացան: Դե ես չիմացա՝ ովքեր են, գնացի, ստորագրեցի, այդ երկուսը ինձ կանչեցին դուրս՝ «մորքուր, մի րոպե դուրս արի»: Դուրս եկա, ասացի՝ ի՞նչ եք ուզում, ասացին՝ իջի ներքև: Ինձ իջացրեցին ներքև, էնտեղ էլ էդպես մի հաստավիզ կար, ինձ սկսեց ահաբեկել, թե «պետք է ստորագրես, էդ տարածքը մերն ա, եթե չստորագրես, մենք սենց կանենք քեզ, կվնասենք, անձնական հաշիվներ կունենանք»: Եթե դեռ աճուրդը չի եղել, նրանք ո՞նց կարող են ասել, որ այդ տարածքն իրենցն է»,- ասել է Ալմաստ Քիթափսզյանը:
Վերջինս նշել է, որ երկուշաբթի նշանակված է աճուրդի օր, և աճուրդից հետո ինքը արդեն լրագրողներին կհայտնի, թե ովքեր են կանգնած իրեն ահաբեկողների հետևում:
«Երբ ինձ սկսեցին ահաբեկել, ես սկսեցի բղավել: Բոլորը դուրս թափվեցին, բայց ոչ ոք չմոտեցավ, վերջում եկավ մի ոստիկան, հարցրեցի՝ «դրանք ովքե՞ր են, ինչո՞ւ չբռնեցիք»: Արդյո՞ք քաղաքապետարանի ոստիկանն իրավունք չուներ այդ հաստավզերին կանչեր, ասեր՝ էս կնոջից դուք ինչ եք ուզում: Եվ հետո, չէ որ մենք անձնագիր ենք ձեզ հանձնում մինչև ներս մտնելը, դրան ովքե՞ր էին, որ ներս էին մտել ու դուք դրանց չեք ճանաչում: Ոստիկանն էլ ասեց, թե եկել էին հաց ուտելու: Ես չգիտեմ՝ էդ քաղաքապետարանը ճաշարա՞ն էր, ռեստորա՞ն էր, թե ի՞նչ: Ես առաջին անգամ եմ լսում, որ քաղաքապետարանում բացել են ռեստորան», – ասել է տիկին Ալմաստը:
Նշենք, որ վերոնշյալ 470 քմ տարածքում կան բազմաթիվ դալար ծառեր, ինչպես նաև մայթ է, որով անցուդարձ են անում քաղաքացիները: