Գալիք հունվարի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Իշխանությունները պնդում են, թե դա թեթևացնելու է փոքր բիզնեսի հարկային բեռը, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Նոր հարկի գործողության հետևանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի: Բայց դրանից պետբյուջեն չի շահի, քանի որ նոր օրենքը հնարավորություն կընձեռի մեծածախ առևտրի կազմակերպություններին` մեծացնել իրենց ստվերայնությունը, հետևաբար` նվազեցնել պետական բյուջե վճարվող հարկերը», – նշում է թերթը:
Թերթի վերլուծաբան Հայկ Գևորգյանը բացատրում է, որ հունվարի 1-ից տարեկան մինչև 58.3 միլիոն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները կարող են մտնել «Շրջանառության հարկի» տիրույթ, իսկ դա նշանակում է, որ նրանք այդուհետ պետք է վճարեն իրենց շրջանառության 3.5 տոկոսը:
«Վերցնենք մի փոքրիկ խանութ, որն ունի տարեկան 20 միլիոն դրամի շրջանառություն: Միջին եկամտաբերությունը խանութի դեպքում առավելագույնը 10-12 տոկոս է: Այսինքն, նա 100 դրամով մեծածախ գնով ձեռք է բերում որևէ ապրանք և վաճառում է 110 դրամով: Տարվա կտրվածքով «նրան մնում է» 2 միլիոն դրամի եկամուտ: Դրա 20 տոկոսը կամ 400 հազար դրամը նա վճարում է պետբյուջե: Հունվարի 1-ից նա կսկսի վճարել 20 միլիոն դրամի 3.5 տոկոսը՝ 700 հազար դրամ, կամ 75 տոկոսով ավելի: Եթե ավելի մանրամասնենք հաշվարկը և հաշվի առնենք ներկայումս գործող օրենսդրությամբ թույլատրված նվազեցումները, ապա իրականում փոքր խանութները տարվա կտրվածքով որպես հարկ վճարում են տարեկան շրջանառության 1-1.5 տոկոսը կամ տվյալ խանութի դեպքում՝ 200-300 հազար դրամ: Հունվարի 1-ից կսկսի խանութը վճարել 700 հազար դրամ՝ առնվազն երկու անգամ ավելին», – գրում է Հայկ Գևորգյանը:
Նա նշում է, որ հունվարի 1-ից իսպառ վերանալու է մատակարարի կողմից փոքր խանութին փաստաթուղթ տալու պարտավորությունը: Նախկինում ապրանքը փաստաթղթով ձեռք բերելով՝ խանութն այն ձևակերպում էր որպես ծախս և այդ չափով նազեցնում վճարվելիք հարկը:
Վելուծաբանն ընդգծում է, որ, այսպիսով, փոքր խանութի համար հարկերը մեծանում են, իսկ խոշոր մատակարարների համար, օրինակ, շաքարավազ մատակարարողի, փոքրանում են, որովհետև նրանք ապրանքի մատակարարման փաստաթուղթն արդեն չեն տա և դրան համապատասխան հարկեր էլ չեն վճարի: