2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքը մեծ խուճապ է առաջացրել այն քաղաքացիների շրջանում, որոնք պահնորդական-թիկնապահական ծառայություն իրականացնելով` իրենց հանապազօրյա հացն են վաստակում, գրում է «168 ժամ» պարբերականը:
Թերթը պարզաբանում է, որ օրենքով պարտադրվում է ոչ միայն պահնորդների, այլև՝ պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությունների լիցենզավորումը:
«Այլ կերպ ասած, հունվարի 1-ից այս ոլորտում աշխատատեղեր զբաղեցնող Հայաստանի մոտ 10.000 քաղաքացիներ ստիպված կլինեն գործազուրկի կարգավիճակ ստանալ, քանի որ լիցենզավորում ստանալու համար նրանք պարտավոր են 4 ամիս վերապատրաստվել այն ուսումնական հաստատություններում, որոնք լիցենզավորում կստանան միայն հունվարի 1-ից: «168 ժամ» ահազանգող քաղաքացիները վստահեցնում էին, որ այս օրենքը հերթական տրյուկն է պահնորդական-թիկնապահական շուկան մոնոպոլիզացնելու համար», – գրում է թերթը:
Խմբագրություն ահազանգող պահնորդներից մեկը, որի անունը չի հրապարակվում, ասել է, որ ոստիկանության վերնախավում գտնվող որոշ մարդիկ հետաքրքրված են այս ոլորտով և մտադիր են այս դաշտը մոնոպոլիզացնել և «իրենցով անել»:
«Այսինքն, այս օրենքի միջոցով հունվարի 1-ից մասնավոր ընկերություններին կանգնեցնում են փաստի առջև, որպեսզի այդ աշխատատեղերը զբաղեցնեն ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները: Ավելին, մեր տեղեկություններով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցանկանում է խոշոր պահնորդական-թիկնապահական ընկերություն ստեղծել և այս մեթոդով փորձում է շուկայից հեռացնել մյուս ընկերություններին: Այս օրենքի կիրառման դեմ բոյկոտում են ինչպես պահնորդական ընկերությունները, այնպես էլ՝ նրանց աշխատակիցները: Իր դիրքորոշումը, սակայն, օրենքի վերաբերյալ չի հայտնում միայն պահնորդական գործունեության շուկայում գործող «Ալֆա դելտա» պահնորդական ընկերությունը, որը պատկանում է Գալուստ Սահակյանի որդիներից մեկին», – գրում է «168 ժամ»-ը՝ հավելելով, որ օրենքի համահեղինակներից մեկն էլ անձամբ Գալուստ Սահակյանն է: