Քաղաքական դաշտի դեգրադացիան հետևանք է ոչ թե գաղափարների ու գործողությունների պակասի, այլ` գաղափարների արժեզրկման ու գործողությունների իմաստազրկման: Այս մասին այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարին հայտարարել է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ստեղծված իրավիճակի մեջ նա, առաջին հերթին, մեղադրել է իշխանություններին, սակայն պատասխանատու է համարել նաև ընդդիմությանը:
«Ընդդիմությունը միշտ էլ համախմբվել է բարի ու ճիշտ նպատակների համար: Երկրում սահմանադրական կարգը վերահաստատելու, ազատ ու արդար ընտրություններ պարտադրելով` իրապես ժողովրդի քվեով ու կամքով իշխանություններ ձևավորելու խնդրով: Ընտրություններում պետք է հաղթես մինչև քվեարկություն, իսկ քվեարկության պետք է գնաս արդեն իսկ քաղաքական հաղթանակդ ամրագրելու: Սա քաղաքագիտական նորմ է, աքսիոմա: Իսկ իրականություն դարձնելու միակ ճանապարհը և հույսը հասարակական լայն զանգվածների վրա հենվելով` բաց, թափանցիկ և ամենօրյա աշխատանք տանելն է, Մեղրիի Ագարակ ավանից Նոյեմբերյանի Տեղ գյուղը ջրի ճամփա դարձնելը: Բայց ընդդիմությունը, երբեմն նաև իրենից անկախ, ներքաշվում է իշխանությունների կողմից կազմակերպված ինտրիգների դաշտ` մոռանում ժողովրդին ու խնդրի լուծումը տեսնում ներիշխանական կոնֆլիկտների և իշխանությունից մաս պոկելու մեջ: Արդյունքում` հասարակական լայն զանգվածների աջակցությունն ունեցող միակ ընդդիմադիր, լուրջ քաղաքական պոտենցիալ և անհատականություններ ունեցող քաղաքական ուժը մի ամբողջ տարի քարոզում է օլիգարխիկ կառույցի նյութական և հասարակական հնարավորությունները օգտագործելու միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունը` իբրև միակ ճանապարհ», – ասել է Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՛«Հանրապետություն» կուսակցությունը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնել է այդ մոտեցմանը:
«Մենք ներկա իրավիճակի պատասխանատու ենք համարել ու համարում բոլոր այն ուժերին, ովքեր հոկտեմբերի 27-ից ու մարտի 1-ից հետո համախմբվեցին և կոալիցիա կազմեցին` գոյություն ունեցող իրավիճակը արդարացնելով և համարելով օրինաչափ: ՀԱԿ-ից մեր դուրս գալուց հետո առաջին նախագահը ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ: Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ. ԲՀԿ-ն հրաժարվեց նախկինում իր ստորագրած հուշագրից, բայց շահե՞ց արդյոք դրանից ժողովուրդը, ընդդիմությունը, քաղաքական դաշտը: Անկասկած` ոչ: Ավելի դեգրադացվեց` ապացուցելով, որ ընդդիմությունն էլ իշխանափոխության և իշխանության հասնելու ճանապարհին մեծ հաշվով տաբուներ չունի: Այս ամենի մեջ «Հանրապետություն» կուսակցությունն էլ մեղքի իր բաժինն ունի: Ունենալով լուրջ գաղափարական հիմքեր և ծրագրային դրույթներ, դրանք մի կողմ է թողել` համախմբվելով բացարձակ հակառակ գաղափարախություն և աշխարհընկալում ունեցող ուժերի հետ, ունենալով ընդամենը մեկ գերխնդիր` իշխանափոխություն», – ասել է Արամ Սարգսյանը:
Համագումարից հետո լրագրողների հետ զրույցում «Հանրապետության» ղեկավարն ասել է, որ ի սկզբանե գալիք ընտրությունները բաժանվել են երկու մասի:
«Մի մասը պիտի ասեր, որ համաձայն է Հայ Ազգային Կոնգրեսի մարտավարության հետ և գտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» անունով կուսակցության հետ համագործակցությամբ և նրա օժանդակությամբ հնարավոր է հասնել երկրում իշխանափոխության, և միակ ճանապարհը դա է: Եվ ով դրա հետ համաձայն չի, ուրեմն ինքը Սերժ Սարգսյանի դրածոն է, ֆինանսավորվում է նրանից: Ես առ այսօր գումարներ վերցրել եմ միայն իմ հորից: Ես առ այսօր ինքս եմ ֆինանսավորել մարդկանց, էն մարդիկ, ովքեր նման բաներ կարող են տարածել իմ մասով այդ մարդիկ չունեն որևիցե սրբություն»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցան գործընթացներ, որոնք ցույց տվեցին, որ դա քաղաքական հորինված բանաձև է, որը «կախում են» ցանկացած մեկի վզից, ով ասում է, որ իրենց տեսակետի հետ համաձայն չէ:
«Այստեղից բաժանումը հետևյալն էր՝ կամ դու Կոնգրեսի հետ պիտի գնաս, որ կարողանաս իշխանությունը փոխել, իշխանությանը հաղթել, որովհետև համախմբումն ու ընդդիմադիր դաշտը այնտեղ է, կամ, եթե դու իր հետ չես, ուրեմն իշխանության հետ ես»,- ասել է Արամ Սարգսյանը և նշել, որ ինքը դեմ է, թե այդ մոտեցմանը, թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե ԲՀԿ-ի, ընհանրապես այն ուժերի, ովքեր այսօրվա իրավիճակի իրական պատասխանատուներն են:
Սարգսյանն ասել է, որ ինքը հնարավոր է համարում համագործակցություն Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հետ կապ չունեցող բոլոր անհատների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպություների հետ:
Լուսանկարը՝ Սահակ Մուրադյանի