Home / Հայաստան / «Բորժոմին» վերադառնում է Մոսկվա. Ընկերությունը վաճառում են ռուսաստանցիներին

«Բորժոմին» վերադառնում է Մոսկվա. Ընկերությունը վաճառում են ռուսաստանցիներին

«Բորժոմի» հանքային ջրեր արտադրող վրաստանյան ընկերությունը նոր սեփականատեր կունենա: Համաձայն «Կոմերսանտ» թերթի տվյալների, ընկերությունը գնելու պահմանավորվածության է հասել ռուսաստանյան «Ալֆա գրուպը», գործարքի գինը կազմելու է 300 միլիոն դոլար, և այն ավարտին է հասցվելու մինչև տարվա վերջ:

«Բորժոմին» պատկանում է հանգուցյալ վրաստանցի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին, որը վաճառքի մաիսն պայմանագիրը կնքելուց հետո ընկերության փոքր բաժնեմասը կպահպանի (տարբեր տվյալների համաձայն 15ից մինչև 30 տոկոս): «Կոմերսանտը» գրում է, որ գործարքին կարող է խանգարել միայն այն փաստը, որ Պատարկացիշվիլիի ընտանիքին պատկանող ընկերության ակտիվները Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվում են կալանքի տակ, թեև ընկերության փաստաբանները նշում են, որ դա չի խանգարի վաճառել «Բորժոմին»: Նշենք, որ Ռուսատսանի և Ուկրաինայի իրավապահները կասկածներ ունեն, որ ընկերությունում ներդրված գումարները պատկանում են Անգլիայում բնակվող ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկուն, ով, նախաքննության համաձայն, գումարները Ռուսաստան է տեղափոխել անազնիվ և խարդախ ճանապարհով:

«Ալֆա գրուպի» ներկայացուցիչ Մաքսիմ Պերշինը հայտնել է «Կոմերսանտին», որ «գործարք առայժմ չկա» և հրաժարվել է այլ տեղեկություններ հայտնել:

«Բորժոմի» ընկերությանը պատկանում է հանքային ջրեր արտադրող մեկ գործարարն Վրաստանում՝ Բորժոմիում, և երկու գործարան Ուկրաինայում: Ռուսաստանում ընկերության պատկանում է «Սվյատոյ իստոչնիկ» ապրանքանիշը:

Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ գործարքը կարող է շահավետ լինել «Ալֆա գրուպի» համար, քանի որ Ռուսաստանում վրաստանյան հանքային ջրերի ներմուծման արգելքը չեղյալ է համարվելու: Արգելքը հանելու հնարավորության մասին նախորդ շաբաթ արդեն հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, իսկ կուլիսներում խոսում են, որ տվյալ հարցում առկա է ՌԴ իշխանությունների սկզբունքային համաձայնությունը:

Նշենք, որ «Բորժոմիի» վաճառքը Ռուսաստանում արգելվել էր 2006 թվականին՝ վրաց-ռուսաստանյան հարաբարությունների սրման փուլում: Պաշտոնական պատճառն այն էր, որ ««Բորժոմին» չի համապատասխանում Ռուսաստանում ընդունված սանիտարական նորմերին»: