ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը չառաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում չի կարելի համարել անսպասելի: Նորմալ է նաև նրա տված հիմնավորումը, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքը օբյեկտիվ հանգամանք է և այդ պատճառաբանությունը հնարավոր չէ կասկածի տակ դնել, դա ազնիվ չի լինի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը:
Պատասխանել այն հարցին, թե ընտրությունների մասնակցության ինչ ձևաչափ կընտրի ՀԱԿ-ը, կսատարի արդյոք Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, կբոյկոտի ընտրությունները, թե այլ թեկնածու կունենա, Բադալյանի խոսքով, գուշակություն անել է պահանջում, ինչի կարիքը չկա, քանի որ այդ մասին ՀԱԿ-ը հայտարարությամբ կասի:
«Սակայն պարզ է դարձել, որ քաղաքական դաշտի 3 հիմնական ուժերից ԲՀԿ-ն, փաստորեն, հրաժարվել է մասնակցել ընտրություններին, ՀԱԿ-ի առաջնորդը չի առաջադրվում: Հրանտ Բագրատյանն առաջադրվելով անձնական նպատակներ է լուծում, նա ցանկանում է ստեղծել ազատական գաղափարախոսություն ունեցող մի միություն: Դա նշանակում է, որ փետրվարի 18-ին կայանալիք միջոցառումը ունենալու է տեխնիկական բնույթ և ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ, ինչը ենթադրում է նոր իրավիճակ, իր բոլոր հետանքներով», – ասել է Բադալյանը:
Այն հարցին, թե նոր իրավիճակ ասելով արդյոք Բադալյանը նկատի ունի արևելյան պետության մոդելի կիրառումը, ինչի մասին ակնարկել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանn իր հարցազրույցում՝ ասելով՝ «ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիևից», փորձագետը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ «Ադրբեջանը ավելի լավ վիճակում է, քանի որ նավթ ունի»:
Բադալյանը հավելել է, որ «ընտրությունների միջոցառումից հետո ավելի կարևոր և լուրջ իրավիճակ է լինելու», որն առանձին և երկար վերլուծության առարկա է: