Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո ՀԱԿ-ի ներսում ավելի բացահայտ դարձած տարաձայնությունները, պառակտումներն արդյունք են այն բանի, որ ՀԱԿ-ում 5 տարվա ընթացքում չձևավորվեցին ներքին կանոնակարգը ապահովող մարմիններ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը: Նա նշել է, որ այդ բացը հաջողությամբ լրացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանի անձը, սակայն այժմ զգացվում է կորդինացնող կառույցների բացակայությունը, մանավանդ, որ եղած ժամանակավոր քաղխորհուրդն էլ ժամանակի ընթացքում դեգրադացվել է:
Մեր զրուցակիցը անդրադարձել է նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության խափանմանը՝ նշելով, որ չի կիսում այն տեսակետը, թե ԲՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելը բացասական երևույթ է:
«ԲՀԿ-ն գործող իշխանության ռոմանտիկ դրսևորումներից մեկն էր, և ԲՀԿ-ի միֆի վերանալը դրական երևույթ է», – ասել է Նեդոլյանը՝ անդրադառնալով այն տեսակետին, թե ընդդիմության շրջանում ԲՀԿ-ի հանդեպ անվստահությունն էր ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու հեռանկարի ձախողման պատճառը:
«Ես, իհարկե, կգերադասեի, որպեսզի միասնական թեկնածու լիներ, նույնիսկ եթե չհաղթեր, բայց նա կներկայացներ ընդդիմադիր դաշտը, գաղափարական գեներացիա կլիներ, ինչպես եղավ 2007-2008թթ», – ասել է Նեդոլյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո, ըստ Նեդոլյանի, ՀԱԿ-ում հետագա զարգացումների երկու սցենար կա: Եթե դրական միտումը շարունակվի, քաղաքացիների անհատական պայքարը չմարի, այլ ընդհակառակը ավելի գիտակցված և ոչ թե մեկ կետից ուղղորդված բնույթ ստանա, ապա հրապարակային կենտրոնը կվերականգվի, կրկին լիդերի կարիք ի հայտ կգա:
Նեդոլյանի կարծիքով՝ երկրորդ տարբերակն այն է, որ հրապարակը թափուր կմնա, քանի որ կանոնակարգող մարմինների բացակայության պատճառով մասնավոր ճշտությունները չեն համակարգվում:
Հրապարակախոսը վերջին տարբերակն ավելի հավանական է համարում, քանի որ, ըստ նրա, իրավիճակը լավատեսություն չի ենթադրում:
«Վախենում եմ, որ քաղաքացիական շարժումներն էլ կմարեն, քանի որ դրանք կամա թե ակամա համագործակցում էին քաղաքական կենտրոնի մեջ», – հավելել է Նեդոլայանը:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրմանը՝ բանախոսն ափսոսանք է հայտնել, որ Կոնգրեսը չի սատարում նրան: Նեդոլյանի խոսքով՝ այժմ Բագրատյանի քաղաքական միտքը թույլ է, իսկ ՀԱԿ-ի սատարելու պարագայում դրա պակասը չէր զգացվի: