ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն, հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները կարդալուց հետո խորը ափսոսանք է ապրել: Epress.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանն ասել է, թե ափսոսում է, որ այն դրականը, ինչը կա և եղել է Հայաստանի երեք նախագահների մեջ, չիրացվեց, այլ հակառակը, հաղթեց և գերակա դարձան ամբիցիաներն ու զուտ անձնական դրսևորումները՝ սեփական շահերի նեղ շրջանակներից բխող գործողությունները:
«Ափսոսում եմ, որովհետև կուզենայի, որ ցանկացած նախագահ՝ լինի արդար ընտրված, թե չընտրված, իր գործողություններով ապացուցեր, որ ինքը ժողովրդի ղեկավարն է, այլ ոչ թե նեղ խմբակային շրջանակների արտահայտող», – ասել է մեր զրուցակիցը:
Еpress.am-ի հարցին՝ կարելի՞ է Քոչարյանի բառերից ենթադրել, որ իր և Սերժ Սարգսյանի թիմի միջև արծարծվող «հակասությունները» շինծու էին, Ալավերդյանը զարմանքով հարցրել է՝ «Իսկ ի՞նչ է, երբևիցե նրանց միջև եղե՞լ են հակասություններ»:
«Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է ասեկոսեներով ղեկավարվենք, այլ հիմնական այն գաղափարներով, վարքագծով, խոսքը վերաբերում է պետական գործի մեջ վարքագծին, որը չեմ կարծում, որ երբևիցե պետք է կասկածներ առաջացներ, որ իրենք հակասություններ ունեն: Մեկը մյուսին նման են, տարբերությունները կարող են լինել զուտ անձնական: Սերժ Սարգսյանի վարքագծային բնութագիրը կարող է թվալ շատ ավելի մեղմ, ավելի հանդուրժող, ավելի տոլերանտ, քան Քոչարյանինն է, բայց այդ բոլորը դրսևորումների մեջ է, իսկ քաղաքականության մեջ որևէ տարբերություն ես չեմ տեսնում», – ասել է Ալավերդյանը:
Еpress.am-ի դիտարկմանը, թե մյուս նախագահական ընտրություններին «ղարաբաղցի» Սարգսյանը չի կարող առաջադրվել, և արդյո՞ք դա նշանակում է որ էստաֆետը պատրաստվում է վերցնել «ղարաբաղցի» Քոչարյանը, Ալավերդյանը պատասխանել է, թե՝ «որևէ ղարաբաղցի կարող է դա անել»:
«Կարծում եմ՝ Քոչարյանի լեզուն այն լեզուն չէ, որով կարելի է խոսել քաղաքական այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսին են երկրի նախագահի ընտրությունները: Այստեղ շատ ավելի նման է, կներեք, տղայական զրույցի, քան քաղաքական պատճառի: Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ. դա մի քիչ էլ անճոռնի կամ վիրավորական արտահայտություն է՝ քաղաքական դաշտում այսպիսի խոսքերով հանդես գալ: Քաղաքական դաշտում որևէ երևույթի մասին խոսելը այդ բառապաշարով հարիր չեմ համարում, այդ հռետորությունը անընդունելի է, մինչև անգամ՝ մերժելի», – նշել է մեր զրուցակիցը:
Ալավերդյանն ընդգծել է, որ պետք է հստակորեն մերժվի այդպիսի բառապաշարը, ինչպիսին հարցազրույցում է:
«Հարցազրույցի մեջ բացակայում է կարևորագույն հանգամանք՝ այս ի՞նչ է արվել երկրորդ նախագահի կողմից, որ այժմ տեղի ունենա իսկական մրցակցություն: Արդյո՞ք 2004 թվականի ապրիլի 13-14-ի գիշերը և Մարտի 1-ը չեն, որ նպաստել են նրան, որ մրցակցության դաշտը ուղղակի ամայացրել են: Այ սա չկա այստեղ, ու այս հիմնարար պատճառների մեջ, որը այստեղ շարադրվում է, անգամ չկա նշույլ առ այն, ինչ է տեղի ունեցել նույն տնտեսական դաշտում և նույն արտագաղթի գործոնի հիմնական զարգացման մեջ երկրորդ նախագահի նախագահության ժամանակ», -ասել է առաջին օմբուդսմենը:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ մինչ այսօր հայաստանցի քաղաքական գործիչները, այդ թվում նաև նախագահները, չգտան իրենց մեջ այդ իմաստությունը, թե կամքը՝ ճանաչելու սեփական ներդրումը այն մթնոլորտի ստեղծման մեջ, որը մենք այսօր ունենք:
«Մեղադրելը կամ մեկնաբանություններով հանդես գալը այսօր կարծես թե այդքան պահանջված չէ, որքան վերաիմաստավորումը այն ճանապարհի, որը մենք անցել ենք այս 20 տարիներին: Ես, ի հարգանս հայ ժողովրդի, չեմ ուզում ասել , որ այս 20 տարիները վատնել ենք: Ժողովուրդը արել է այն ամենը, ինչ կարողացել է: Խոսքը այն մասին է, թե արդյո՞ք մեր ղեկավարները արել են այն, ինչը պահանջվել է երկրի ու ժողովրդի համար: Ցավոք սրտի, որևէ մեկը դեռ հանդես չի եկել իր սրտից բխող անկեղծ խոսքով», – նշել է Ալավերդյանը:
Նա նաև հույս է հայտնել, որ այս տարվա «չընտրություններով» կավարտվի այդ ոչ այնքան հաջող, եթե ոչ անհաջող քաղաքական փորձի այս փուլը:
«Սա մեզ համար փորձություն է, ու ես համոզված եմ , որ ժողովուրդը և քաղաքացիական հասարակությունը իր մեջ կուտակել են այդ նոր ներուժը ու կանցնեն սեփական երկրում սեփական ապագայի կերտմանը», – եզրափակել է Լարիսա Ալավերդյանը: