«Երանի ես հայ չլինեի»: Այս արտահայտությունը թուրքական Taraf պարբերականի հետ զրույցում հնչեցրել է Ստամբուլի Սամատիա թաղամասում բնակվող հայազգի մի կին, որին թերթն անվանում է հորաքույր Սեդա: Նա վերջին երկու ամսվա ընթացքում հարձակման ենթարկված հայազգի տարեց կանանց հարևանն է:
Today’s Zaman պարբերականի իր սյունակում հասարակական գործիչ, հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը նշում է, որ այս բառերը կարող են նոր շրջանի սկիզբ լինել, ինչը չափազանց մտահոգիչ է Թուրքիայի համար:
Անդրադանալով Թուրքիայում շրջանառվող այն վարկածին, որ տարեց կանանց սպանության նպատակը նրանց բնակարանները կողոպտելն է, Չենգիզը գրում է, որ, եթե դրանք անգամ գողեր են, ապա պատահական չէ, որ ընտրում են հենց հայազգի զոհերին:
Չենգիզն ընդգծում է, որ հարձակվողներն արդեն հասել են իրենց նպատակին, քանի որ նույն հորաքույր Սեդան նման խոսքեր է արտաբերում:
Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում ոչ մահմեդականների վրա բազմաթիվ հարձակումները մտահգությունների տեղիք են տալիս: Նա հիշեցնում է, որ, բացի հայերի սպանություններից, հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի հունական եկեղեցու վրա. անհայտ անձինք քարեր են նետել՝ կոտրելով պատուհանները: Բացի դա, ոստիկանությունը կանխել էր Իզմիթի բողոքական եկեղեցու սպասավորներից մեկի սպանությունը՝ ձերբակալելով մի քանի անձանց:
«Եթե Թուրքիայի նման երկրում այս կարգի մի քանի իրադարձություն տեղի է ունենում մի քանի շաբաթվա ընթացքում, ստիպված ես ենթադրել, որ այդ դեպքերը փոխկապակցված են: Ակնհայտ է, որ որոշ շրջանակներ փորձում են ոչ մահմեդականների ահաբեկման մթնոլորտ ստեղծել: Նման մի շրջան էր 2006-2007 թվականը, երբ այդ ամենն ավարտվեց քրիստոնյաների սպանությունների շարքով՝ կաթոլիկ եկեղեցական հայր Անդրեա Սանտորոն սպանվեց Տրապիզոնում, Հրանտ Դինքը՝ Ստամբուլում և երեք քրիստոնյաներ՝ Մալաթիայում:
Այն պահից ի վեր, երբ Թուրքիայում սկսվել է «Էրգենեկոն»-ի (ազգայնական խմբավորումը, որը հեղաշրջում էր պատրաստում Թուրքիայում – խմբ.) գործով քննությունը, ոչ մահմեդականների նկատմամբ հարձակումների նման շարք չի եղել: Թվում է՝ որ որոշ շրջանակներ ակտիվացել են և հերթական անգամ ցանկանում են բարդ ժամանակներ ստեղծել քրիստոնյաների համար: Ես, իրոք, հույս ունեմ, որ իշխանությունները ստեղծված իրավիճակի պայմաններում արագ և ամենայն խստությամբ կարձագանքեն դեպքերին՝ արդարադատության առջև կանգնեցնելով հանցագործներին և նրանց հետևում թաքնվող մարդկանց: Իրավիճակը բարդ է և մտահոգիչ», – եզրափակում է հրապարակախոսը: