Սիրիայից մինչև Աֆղանստան ձգվող հակամարտությունների գոտում հասունանում է ևս մեկ պատերազմ: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է: Ուեյն Մերին ամերիկյան «The National Interest» ամսագրում տպագրված իր՝ «Հասունանում է ևս մեկ տարածաշրջանային պատերազմ» հոդվածում գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նոր արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող խումբը, ուզի թե չուզի, պետք է զբաղվի այս հարցով:
«Միջազգային միջնորդների ջանքերը ենթադրում են կարգավորման բարդ մեխանիզմ, բայց վերջնական արդյունքը կլինի՝ տարածքի զիջում խաղաղության դիմաց: Նախորդ տարիներին Բաքվում և Երևանում դիվանագետներն ու քաղաքագետները, մասնավորապես, ընդունում էին, որ հակամարտության կարգավորումը ենթադրում է, որ հայկական ուժերը պետք է հեռանան Ղարաբաղի արևելյան և հարավային հատվածներից, իսկ Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի հայկան լինելու փաստը և ապահովի միջանցք Հայաստանի հետ արևմտյան ուղղությամբ: Այսօր «տարածք խաղաղության դիմաց» հայեցակարգը անկեսնունակ է և կողմերից ոչ մեկը չի ճանաչում այն: Հայաստանը պահանջում է «Բազմակողմանի անվտանգության ապահովում Ղարաբաղի զավթած տարածքներում», իսկ Ադրբեջանը կարծում է, որ զինումը նոր ռազմական տեխիկայով և Թուրքիայի կողմից օժանդակությունը կօգնեն իրենց ամբողջությամբ վերականգնել վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, ինչպես դա եղել է խորհրդային ժամանակներում:
Հավանական է, որ այս նոր պատերազմը կործանարար կլինի երկու կողմերի համար էլ և իր մասշտաբներով և ավերիչ ուժով կստվերի առաջինին: Առաջին հակամարտությունը ընթանում էր միայն Ղարաբաղի և դրա շուրջ տարածքներում և դրան հիմնականում մասնակցում էր հետևակը: Նոր պատերազմում Հայաստանը և Ադրբեջանը ուղղակիորեն կառճակատվեն՝ ունենալով ավելի հզոր ռազմական զինանոցներ: Դրանից ելնելով՝ կողմերն իրականացնում են օպերատիվ պլանավորում և սպառնում են հարված հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներին, ինչպիսիք են, օրինակ, խողովակաշարերը: Վերջերս հրադադարի համաձայանգրի լուրջ խախտումներ են տեղի ունենում ոչ միայն Ղարաբաղի սահմանին, այլ նաև երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով:
Ակնհայտ է, որ օգտագործելով նավթի և գազի վաճառքից ստացած շահույթը՝ Ադրբեջանը վարում է հզոր սպառազինությունների մրցավազք, իսկ Հայաստանը աջակցություն է ստանում Ռուսաստանից: Ադրբեջանը ձեռք է բերում ակնհայտ առավելություն ռազմական տեխնիկայի և կրակային ուժի հարցում, այնուհանդերձ Հայաստանը ևս ունի առավելություն. նա քաջածանոթ է տեղանքին և ունի մարտական հմտություններ: Ադրբեջանն ունի հզոր աջակից՝ ի դեմս Թուրքիայի, որը գտնում է, որ Բաքվի հանդեպ ունի եղբայրական պարտականություններ: Սակայն Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պայմանագրով հաստատված ռազմական դաշինք և պատմական համագործակցություն:
Երկու կողմերի քաղաքական գործիչները խոսում են հակառակ կողմի անմարդկային և դաժան լինելու մասին: Յուրաքանչյուր կողմը շահարկում է գաղթականների առկայության փաստը և ներկայանում զոհի կարգավիճակով: Կողմերից յուրաքանչյուրը վիրավորում է մյուսին և դաժան վերաբերմունք ցուցաբերում մյուսի նկատմամբ: Անցյալ տարի Բաքուն հերոսացնում էր սպային, որը վայրենաբար կացնահարել էր հային Հունգարիայում: Երևանը հրատարակում է Հայաստանի քարտեզներ, որոնք ներառում են բուն ադրբեջանական տարածքների մեծ հատվածներ: Յուրաքնաչյուր կողմը գտնում է, որ պատերազմը իրեն կբերի հաղթանակ, արդարացի պահանջների բավարարում և պատմական ճշմարտության վերականգնում: Երկու կողմերն էլ չեն կարող ճշմարտացի լինել իրենց ակնկալիքներում, բայց, իհարկե, կարող են սխալվել:
Այս հակամարտության մեջ կողմերը ցույց են տալիս, որ խաղաղ կարգավորում առանց արտաքին օժանդակության հնարավոր չէ: Սակայն արտասահմանյան միջնորդներին անդադար խաբում են, իսկ Բաքուն ու Երևանը թաքնվում են նրանց հետևում՝ չցանկանալով իրապես բանակցություններ սկսել: Միջնորդությունը տեղին կլիներ 1990-ականներին՝ հետպատերազմյան շրջանում, իսկ այսօրվա նախապատերազմական մթնոլորտը պահանջում է ուղիղ և գործնական մոտեցումներ:
Դիվանագիտական հավասարման մեջ պակասող օղակը Թուրքիան է, որը պետք է Ռուսաստանին հավասարազոր քաղաքական դեր խաղա: Միայն համատեղ ուժերով Մոսկվան ու Անկարան կկարողանան հետ պահել իրենց «հաճախորդներին» պատերազմի վերսկսումից և ստիպել նրանց իսկական բանակցություններ սկսել: Նման պայմանավորվածություն ավանդական հզոր տերությունների միջև այսօր, հնարավոր է, մոդայիկ չէ, բայց այն կարող է արդյունք տալ և այդ իսկ պատճառով շատ ավելի նախընտրելի է հերթական պատերազմից: Անկարան ու Մոսկվան տարբեր առաջնայնություններ ունեն Ղարաբաղի հարցում, սակայն Սև ծովի, Կովկասի և Կասպից ծովի հարցում իրենց հայացքները համընկնում են:
Ցավոք սրտի, Թուրքիան այսօր այնքան է խորացել իր հարավային սահմանների վրա, որ բավարար ուշադրություն չի դարձնում արևելքից եկող վտանգին: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի տապալման պատճառով Թուրքիան ավելորդ զգուշավորություն է ցուցաբերում և հակված է ընկնել Բաքվի ազդեցության տակ: Սակայն Ղարաբաղը թուրքական ակտիվ դիվանագիտությանը հնարավորություն է տալիս օժանդակել տարածաշևրջանային կարգավորման և համապատասխան վիճակի բերել Երևանի հետ հարաբերությունները:
Ամերիկացի դիվանագետները փորձում են անկողմնակալ լինել Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ, սակայն հակամարտության վրա ԱՄՆ-ի ազդեցության աստիճանը, անկեղծ ասած, բավարար չէ: Հետևաբար, Վաշինգթոնը պետք է Թուրքիային մղի առավել մեծ ակտիվություն ցուցաբերել և ողջունի Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը որպես Կովկասում խաղաղարարների»: