«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե ինչ 3 կարևոր հարցեր չլուծվեցին 2008 թվականի շարժման ժամանակ, ինչպես նաև խոսել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին:
«Մեկը նա էր, որ կար հասարակության մի մեծ հատված, անվանենք, Լևոնի, երկրորդը՝ ռոբասերժ հատված, և կար մի էլի շատ մեծ հատված, որ կոչվում էր՝ «ոչ Լևոն, ոչ ռոբասերժ»: Այդ երրորդ հատվածն այդպես էլ մնաց գործից դուրս: Դրանով պայմանավորված այդ շարժումը մնաց կուսակցական շարժում, դա մնաց հատվածային, թեև շատ մեծ ներուժ կար ժողովրդական դառնալու: Այսօր կա Սերժ և Րաֆֆի, բայց էլի երրորդ հատվածը մնում է դուրս»,- ասել է Մանուչարյանը:
Երկրորդ չլուծված հարցը, ըստ բանախոսի, այն է, որ այդ շարժումը չկարողացավ բանաձև գտնել Արցախի հետ կապված: Եվ 3-րդ խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն էր:
«2008-ի շարժումը չկարողացավ Ռուսաստանի աչքերում դառնալ ոչ նարնջագույն: Դա բերեց շատ ծանր հետևանքների: Այսօր այս շարժումը նույնպես ունի շատ մեծ պրոբլեմ, այն ընկալվում է որպես Ռուսաստանին դեմ գնացող, որպես Արևմուտքի շահերը սպասարկող: Ես բերեցի Ռուսաստանի խնդիրը, որովհետև մենք արդեն կատաստրոֆիկ շրջան ենք մտնում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: Ռուսաստանն ինքը գտնվում է մեր նման իրավիճակում, այսնիքն՝ ինքն էլ բարվոք մի բան չի, որ ասենք՝ «այ, կա պայծառ Ռուսաստան»: Չկա տենց բան, բայց կա հետևյալ մի բան՝ ռուս ժողովուրդն իր էության մեջ չընդունեց այդ համակարգը, որ իր վզին փաթաթում են»,- ասել է Աշոտ Մանուչարյանը:
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ունենա խորքային հարաբերություններ: Մանուչարյանը անցյալից մի դրվագ է ներկայացրել՝ պարզաբանելու համար, թե ինչ է նշանակում «խորքային հարաբերություններ» ասվածը:
«Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցել է ստրատեգիական դաշինքային հարաբերություններ: 1993 թվականին, երբ արցախյան ուժերն իրականացրեցին Քելբաջար օպերացիան, Հայաստանը հայտնվեց ծանրագույն վիճակում: Ամբողջ արևմուտքով մեկ մեր դեսպաններին հրավիրում էին արտգործնախարարություններ և ասում էին՝ դուք ագրեսոր եք, դուք անմիջապես պետք է հեռանաք, հակառակ դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կդրվի ձեր հարցը: Ասում էին՝ դուք կճանաչվեք ագրեսոր, սանկցիաներ կկիրառենք ընդհուպ մինչև ռազմական միջամտություն: Թուրքիան էլ իր ռեզերվիստներին մտցրեց Նախիջևան, հագցրեց ադրբեջանական բանակի համազգեստ, և սկսեց ճեղքում պատրաստել Զանգեզուրի ուղղությամբ: Հայաստանի ծանրագույն տնտեսական վիճակի և բավական սուղ ռազմական հնարավորությունների հետ մեր երկրի համար ստեղծվեց մի կատաստրոֆիկ վիճակ»,- պատմել է Մանուչարյանը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ պատվիրակություն է մեկնել Ռուսաստան, որի կազմում են եղել ինքը և այն ժամանակ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար Վազգեն Սարգսյանը:
Պատվիրակությունը հանդիպել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ և մի քանի հարց է բարձրացրել:
«1-ին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն մեզ պետք է լսի և հարցի առնչությամբ լինի Ռուսաստանի արձագանքը, 2-րդ՝ Թուրքիան պատրաստվում է ճեղքել Զանգեզուրը, բայց ադրբեջանական հարձակման ներքո՝ այդ հարցում էլ լինի Ռուսաստանի հնարավոր արձագանքը: 3-րդ՝ Հայաստանը ծանրագույն վիճակում է՝ զինամթերքի և տնտեսական վիճակի տեսակետից:
Ելցինն ասաց՝ Լևոն Հակոբովիչ, մենք Սերբիային չենք թողնում վիրավորեն, միթե մենք կթողնենք Հայաստանը վիրավորեն: Մենք հարցի վրա վետո կդնենք ՄԱԿ-ի ԱԽ-ում: Զանգեզուրին անդրադառնալով՝ Պավել Գրաչովը (ՌԴ պաշտպանության նախարար – խմբ) ասաց՝ Բորիս Նիկոլաևիչ, մենք էլ իրոք ունենք տվյալներ, որ Թուրքիան զորքեր է մտցնում և պատրաստվում է ճեղքել Զանգեզուրը: Նա հարցրեց՝ ի՞նչ եք առաջարկում: Խնդրեցինք, որ նրանք տեղավորեն ռուսաստանյան բազայի զորքերը Զանգեզուրում բոլոր վտանգավոր ուղղություների վրա, որպեսզի Թուրքիան իմանա, որ կրակելու է ռուսական դրոշի վրա, ոչ թե հայկական: Ասաց՝ հրաման պատրաստեք և իրականացրեք հրամանը: Բազայից դուրս եկան զորքերը և կանգնեցին այդ ուղղության վրա: Հաջորդը՝ զենք-զինամթերքի հարցը: Ելցինը դիմեց Գրաչովին և ասաց՝ Վազգեն Սարգսյանը քո ընկերն է, բա ինչո՞ւ է բողոքում, որ զինամթերք չեք տալիս: Գրաչովը պատասխանել է՝ տալիս ենք: Ելցինն էլ ասաց՝ ուրեմն քիչ եք տալիս, ուրեմն այնքան տվեք, որ բողոքի, ասի շատ է՝ հետ վերցրեք»,- նշել է Մանուչարյանը:
Մանուչարյանը պատմել է, որ զրույցն ավարտվել է Ելցինի առաջարկով՝ ձևավորել համատեղ ստրատեգիական դաշինքի կոմիտե, քանի որ երկու երկրների հարաբերությունները վաղուց արդեն ստրատեգիական դաշնակցության բնույթ են կրում:
«Ելցինն ասաց, որ մեզ իրոք պետք է ինքնուրույն, ամուր Հայաստան, որը մեզ հետ համագործակցում է, որովհետև ձեռքի տակ գտնվող, ենթակա պետությունը ձեր հնարավորությունները քչացնում է, մերն էլ հետը: Մեզ պետք է ինքնուրույն Հայաստան, որ իրար հետ համագորածկցենք: Հայաստան վերադառնալուց հետո այդ ինֆորմացիայի արտահոսք է լինում, և արևմտյան համակարգի ուժեղագույն հարվածների հետևանքով դա ի չիք դարձավ»,- ասել է Աշոտ Մանուչարյանը:
Մանուչարյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև այդպիսի հավասար հարաբերությունների համակարգ պետք է ստեղծվի, և դա պիտի լուծի ներկայիս շարժումը, քանի որ, բանախոսի խոսքով, իշխանությունն ի վիճակի չէ այդպիսի համակարգ ստեղծել:
«Որովհետև իշխանությունն այսօր ամբողջությամբ գտնվում է քսակի փիլիսոփայության մեջ: Այսօրվա շարժման մեջ նույնպես շատ մարդիկ կան, որ այդ քսակի փիլիսոփայության մեջ են, բայց նաև ունենք հսկայական ներուժ այդ վիճակից դուրս գալու: Եթե կարողանանք դուրս գալ այդ վիճակից, մենք կստեղծենք հրաշալի հարաբերություններ»,- նշել է Աշոտ Մանուչարյանը:
Լուսանկարը՝ armtimes.com