Սկսած շարժումը հաջողությամբ ավարտելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հստակեցնի, թե ինչ է ուզում. իր պահանջը Սերժ Սարգսյանի՞ դեմ է, թե՞ միջին օղակի ՀՀԿ-ականների՝ մարզպետների, քաղաքապետերի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Երբ հանրահավաքների ժամանակ «Սերժիկ, հեռացիր» գոռացողներին ասում է, թե պետք չէ նման կոչեր անել, երբ ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ինքն առնչություն չունի դրա հետ, այդ ամենը հստակություն չի մտցնում»,- ասել է Բադալյանը:
Փորձագետը հիշեցնել է նաև Հովհաննիսյանի դիտարկումը, թե ընտրություններին հաղթել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ժողովուրդը, ինչը, ըստ Բադալյանի, հակաքաղաքագիտական միտք է, քանի որ ընտրություններին հաղթում է թեկնածուներից մեկը:
Բադալյանի խոսքով՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հստակություն չմտցնի, հանրահավաքների եկող մարդկանց թիվը գնալով կպակասի:
Փորձագետն անդրադարձել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ունեցած հանդիպումներին նախ ԲՀԿ-ի, ապա նաև ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ:
Բադալյանը դա ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածու կողմից շատ տրամաբանական քայլ է համարում, սակայն, նրա խոսքով, այդ հանդիպումները նույնիսկ դրական ընթացք ստանալու դեպքում չեն կարող լուրջ արդյունքների հանգեցնել:
«Տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանության գալու համար թեկնածուն պետք է ընտրություններում հաղթի դե յուրե, առավել ևս եթե նա չունի դրսի ուժերի աջակցությունը», – ասել է Բադալյանը՝ հիշեցնելով, որ դրսի ուժերն արդեն շտապում են շնորհավորել Սերժ Սարգսյանին և իրենց տեքստերում շեշտում են, որ կարևորում են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը:
Վերլուծելով հետընտրական զարգացումները՝ Արմեն Բադալյանը Հովհաննիսյանի շարժումը սահմանելու համար 3 հնարավոր տարբերակ է առաջարկել. առաջին՝ նախագահական ընտրություններից դժգոհ մարդկանց իներցիան է, երկրրոդ՝ ուղղորդվում է և փորձում թիրախ դարձնել ՀՀԿ-ական միջին օղակին, այլ ոչ թե առաջնորդին, երրորդ՝ ուղղորդվում է, սակայն դեռ անհայտ նպատակով:
Ինչ վերաբերում է այլընտրանքային կառավարության ձևավորման առաջարկին և շարժումը դրա կայացմանն ուղղելուն, ապա, Բադալյանի կարծիքով, դա ևս մեծ արդյունավետություն չի ունենալու: Պատճառը, ըստ նրա, այն է, որ Հայաստանում չկա քաղաքացիական հասարակություն, բացի դա, գրեթե չկա փոքր և միջին բիզնես: Երկրորդ պատճառն այն է, որ եթե նույնիսկ այլընտրանքային իշխանությունը կայանա, այն չի կարող իրական ազդեցություն ունենալ, քանի որ չի ունենա սահմանադրական լիազորություններ և չի կարողանա հարցեր լուծել: