ԱՄՆ հայ համայնքը խորապես հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության խնդիրներով և այն մարտահրավերներով, որոնք ծառացած են հայաստանաբնակների առաջ: Այս մասին իր հերթական տեսագլոգում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ ամփոփելով ամերիկահայ սփյուռքի խոշոր համայնքներում՝ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոսթոնում և Նյու Յորքում իր հանդիպումները:
«Իմ ուղերձն ամերիկահայերին այսպիսինն էր: Հայ-ամերիկյան կապերն ամուր են: Մեր առաքելությունը Հայաստանում այն է, որ օգնենք հաջողության հասնել որպես ժողովրդավարական, բարգավաճ և անվտանգ երկիր, ինչը մենք անում ենք ներքին բարեփոխումները խթանելու, Հայաստանի համար հնարավորություններ ստեղծելու և Հայաստանի հայացքը Արևմուտքի կողմը պահելու միջոցով», – ասել է Հեֆերնը:
Նրա խոսքով՝ դեսպանատունն ու իր գործընկերները խթանում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում ներքին բարեփոխումները:
«Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին տարբերակներ և հնարավորություններ գտնելու հարցում, քանի որ ոչ մի երկիր չի կարող բացառապես կախված լինել միայն մեկ սահմանից կամ մեկ գործընկերոջից»,- ասել է դեսպանը:
Ըստ նրա՝ տարբերակները ներառում են Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանում և առավել սերտ համագործակցություն Արևմուտքի հետ:
«ԱՄՆ-ի համայնքների հետ հանդիպումների ժամանակ հարց էր հնչում՝ ինչո՞վ կարող ենք օգնել: Երևան վերադառնալուց հետո ես սկսել եմ հետամուտ լինել այդ հարցադրմանը և փորձում եմ գտնել գործընկերության համար հնարավորություններ, հատկապես տնտեսության, ժողովրդավարության, կառավարման և կրթության ոլորտներում:
Մենք ցանկանում ենք առևտրի և ներդրումների միջոցով խորացնել տնտեսական կապերը: Ամերիկյան ներդրումները Հայաստանում փոխակերպման ներուժ ունեցող որակյալ ներդրումներ են: Հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում, ինչը նպատակ ունի 21-րդ դարում Հայաստանի տնտեսությունը գիտելիքահեն դարձնել:
Իրական գործընկերության հիմքն ընդհանուր արխեքներն են: Ուստի մենք շարունակում ենք խթանել բարեփոխումները, ժողովրդավարության ու կառավարման ոլորտում:
Հայաստանցի պաշտոնյաները ցանկանում են ավելի շատ ներդրումներ ու ավելի մեծ ծավալի առևտուր տեսնել այստեղ: Եվ ես համաձայն եմ: Սակայն առանցքային հարցը առավել բարենպաստ գործարար միջավայրի ապահովումն է՝ մրցակցության, թափանցիկության և օրենքի գերիշխանության միջոցով:
Այս ոլորտում բարեփոխումները խթանելու նպատակով ԱՄՆ դեսպանատունն աշխատում է պետական ու մասնավոր օղակի գործընկերների հետ: Ի վերջո մենք ձգտում ենք կրթական ոլորտում համագործակցություն ձևավորել ամերիկյան հիմնադրամների ու կազմակերպությունների հետ, և հուսով եմ, որ այս տարվա ընթացքում համագործակցության ձևավորման ասպարեզում կկարողանանք հաջողություններ արձանագրել», – ասել է դեսպանը: