Home / Հայաստան / Մտավորականը պետք է իշխանություններին ասի՝ թողեք, գնացեք. քննարկում

Մտավորականը պետք է իշխանություններին ասի՝ թողեք, գնացեք. քննարկում

Հայաստանում մտավորականություն չկա, քանի որ անկախության առաջին տարիներին մտավորականները մայթին հայտնվեցին, ծխախոտ էին վաճառում, և մտավորականների մասին իշխանությունը հիշեց միայն 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, երբ երկրում սկսվեց վստահության ճգնաժամ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Ժուռլանիստների միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աստղիկ Գևորգյանը:

Գևորգյանը նաև ասել է, որ այժմ մտավորականների դերը կախված է «ղեկի մոտ կանգնածներից»:

Այս դիտարկմանը հակադարձել է հանդիպման մեկ այլ մասնակից, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով ասել է, որ ղեկի մոտ կանգնածները վերջինն են, ումից պետք է մտավորականի գործունեությունը կախված լինի:

«Ինչ վերաբերում է մայթին հայտնվելուն, ապա ես կարծում եմ, որ մտավորականները հասարակության զգայարաններն են և պետք է ձևակերպեն ժողովրդի շահերը, ոչ թե ղեկին կանգնածների: Եթե դա անելու համար պետք է ժամանակ առ ժամանակ ծխախոտ վաճառեն, ոչինչ»,- ասել է Խզմալյանը՝ հիշելով իր արվեստագետ ընկերներից մեկի մասին, ով որոշ ժամանակ զբաղվել է առևտրով Վերնիսաժում, սակայն այժմ նորից արվեստով է զբաղվում և չի վաճառել իր խիղճը և խամաճիկ չի դարձել:

Խզմալյանն ասել է, որ համաձայնել է գալ քննարկմանը, քանի որ ցանկացել է ավելի շատ լսել և նայել Մերուժան Տեր-Գուլանյանի և Լևոն Իգիթյանի (ովքեր պետք է ներկա լինեին հանդիպմանը) աչքերին, սակայն պարզվել է, որ «նրանք հրաժարվել են ներկայանալ և թաքնվել են կնոջ հետևում»:

Գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե որտեղ պետք է լինի մտավորականը, ասել է, որ մտավորականը պետք է իշխանություններին ասի՝ թողեք, գնացեք:

«Այսօր այնպիսի իրավիճակ է, որ մենք նույնիսկ չգիտենք՝ ով քանի տոկոս քվե է ստացել», – հայտարարել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ իրականում Հայաստանում կան մտավորականներ, սակայն իշխանության սելեկցիայի արդյունքում, նրանք չեն երևում: Գրողը նկատել է, որ քննարկմանը պետք է ներկա լիներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու բացատրեր՝ ինչու է իր նրա օգնականն ուսանողների դեմ հանում «ախալքալաքցիների զորքը», պետք է գար Թատերականի ռեկտոր Արմեն Մազմանյանը, ով իրեն թույլ է տվել հայտարարել, թե Ռուբեն Հախվերդյանը «թքել է ափի մեջ, որն իրեն կերակրել է»:

«Մտավորական է ձեզանից յուրաքանչյուրը, եթե հանրային շահի համար իր սեփական շահն է զոհում»,- ասել է Մարտիրոսյանը: