Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր հերթական ակցիան են անցկացրել օտարերկրյա պետության, այս անգամ Բրիտանիայի դեսպանատան շենքի մոտ: Նրանք բողոքի նամակ են հանձնել՝ դժգոհելով այն փաստի կապակցությամբ, որ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին: Մինչ այս բողոքի ակցիաներ էին նաև կազմակերպվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի դեսպանատների մոտ:
«Մենք նամակ ենք հանձնում Անգլիայի դեսպանատուն, քանի որ երկու օր առաջ Անգլիայի վարաչպետը՝ Դեյվիդ Քեմերոնը ճանաչեց ընտրությունների արդյունքները և շնորհավորական ուղերձ հղեց Սերժ Սարգսյանին: Մենք գտնում ենք, որ այստեղ խախտվել է ՀՀ քաղաքացու իրավունքը և խախտվել է ՀՀ Սահմանդրությունը, քանի որ երկու թեկնածուներ այսօրվա դրությամբ դիմել են ՍԴ և վերջնական վճիռ չի եղել: Ուստի օտարեկրյա պետությունները իրավունք չունեն ճանաչել կամ շնորհավորական ուղերձներ հղել նախագահին»,- ասել է ակտիվիստ Անի Կաղինյանը:
Ակցիայի մասնակիցներ թիվը մեկ տասնյակից չէր անցնում, իսկ ոստիկաններն առնվազն երկու անգամ շատ էին: Ակտիվիստների ու լրագրողներին նկարահանում էր քաղաքացիական հագուստով մի մարդ, հավանաբար, ոստիկանության աշխատակից, ով հաճախ տեսախցիկը մոտեցնում էր մարդկանց դեմքերին: Ակտիվիստները, իրենց հերթին, սկսեցին իրենց տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը պահել ոստիկանի վրա:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ դեսպանատան մուտքին ու հանձնել իրենց նամակը, սակայն անվտանգության աշխատակիցները պնդել են, որ չեն կարող թույլ տալ և հորդորել են նամակը տալ իրենց՝ նշելով, որ իրենք ավելի լավ կփոխանցեն այն, քան ակցիայի մասնակիցները:
«Մյուս դեսպանատներում անմիջապես դեսպանատան աշխատակիցներն են դուրս եկել ու ստացել, խնդրում եմ դուք իրենց փոխանցեք մեր խոսքը՝ թող, գոնե դեսպանատան ներկայացուցիչ գա, ոչ թե անվտանգության աշխատակից»,- անվտանգության աշխատակիցների հետ զրույցում ասել է իրավաբան Մերի Խաչատրյանը:
Ակտիվիստ Միքայել Գուլյանն էլ նշել է, որ ինքը հուսով է, որ նամակը վերցնելու համար բրիտանացի ներկայացուցիչ կմոտենա, քանի որ ինքը անգլախոս է ու շատ բան ունի ասելու բրիտանացիներին:
Մինչ դեսպանատան ներկայացուցիչը դուրս կգար նամակը վերցնելու՝ ակտիվիստները փորձել են մոտենալ դեսպանատան մուտքին, ինչի արդյունքում քաշքշոց է սկսվել նրանց ու ոստիկանների միջև:
«Պարոն մայոր, ձեռքերդ քաշեք ու մի ասեք՝ ես ինչ անեմ. քաշում են ու ասում են՝ «արի ստեղ, արա»: Ախր ամեն բանը ինչո՞ւ եք այսքան բարդացնում», – ոստիկաններին ասել է ակտիվիստ Կարեն Հարությունյանը:
Քաշքշոցի պահին ներկա պատահական անցորդները փորձել են միջամտել՝ ասելով, թե զարմացած են, որ ոստիկանները թվով երկու անգամ ավել են ակցիայի մասնակիցներից:
«Որ ոստիկանությունը ժողովրդի հետ չլինի, ինչքան կառավարության հետ եղավ, ընենց էլ էս երկրում ոչ մի բան չի փոխվի, իրանք մեր բյուջեից են փող ստանում: Ոնց որ դուք չգիտեք, որ էս երկրում ամեն ինչ անօրինական ա, ոնց որ չիմացանք՝ «Րաֆֆին ձայնը հավաքեց, ով ընտրվեց, էդ ա էս երկիրը, ի՞նչ եք ուզում: Ոչ Րաֆֆիի կողմնակիցն եմ, ոչ նրա, բայց փաստը մնաց փաստ՝ ինչ կատարվեց», – ասել է մոտ 55 տարեկան անցորդ մի կին:
Մինչ ոստիկաններն ու ակտիվիստները զրուցում էին, Միքայել Գուլյանը նամակը փոխանցել է դեսպանատան ներկայացուցչին:
«Ես նրան ներկայացրեցի, որ Հայաստանում տեղի են ունեցել կեղծ ընտրություններ: Հաղթել է նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կառավարությունը պատկանում է ժողովրդին, և ձեր կառավարությունը շտապել է՝ շնորհավորելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Բացի այդ էլ մենք անհանգստություն ենք հայտնում, քանի որ նախկին վարչապետները, օրինակ, Թոնի Բլերը, երբևէ չեն շնորհավորել Հայաստանի որևէ նախագահի, այսինքն՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ես նշեցի, որ Դեյվիդ Քեմերոնը նույնիսկ քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտի, այդ ինչպե՞ս հանկարծ շնորհավորեց: Դուք շտապել եք: Մենք հարգում ենք Եղիսաբեթ թագուհուն, Բեքհեմների ընտանիքին և այլ հանրահայտ բրիտանացիների, բայց սա գեղեցիկ չէ, this is not nice to congrat former president Serzh Sargsyan (լավ չէ շնորհավորել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին)», – ասել է Գուլյանը:
Նրա խոսքով՝ դեսպանատան ներկայացուցիչը պատասխանել է, որ իրենք կիսում են մտահոգությունը ու նամակը կհանձնեն համապատասխան մարմնին: