Քաղաքացիական ակտիվիստ Լենա Նազարյանը 2008 թվականից մտածել է, թե ինչու ոչ ոք դահլիճից վեր չի կենում ու ասում միջազգային դիտորդներին, որ իրենք սուտ են խոսում, որ ընտրությունները կեղծվել են: Այս մասին նա պատմել է Medialab.am-ի հետ զրույցում:
«Հինգ տարի հետո ես այդ հարցը ինձ էլ չտվեցի, ինքս արեցի դա»,- ասել է Նազարյանը, ով փետրվարի 19-ին մի խումբ ակտիվիստներ հետ խափանել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը՝ ներկայացնելով իր ուղերձը:
Նա պատմել է, որ ակցիայից մեկ օր առաջ ընկերներից մեկն իրեն զանգահարել է ու ասել, որ նման բան են որոշել, քանի որ սպասելի էր, որ հերթական անգամ միջազգային դիտորդները ստանդարտ և իրականությանը չհամապատասխանող գնահատականներ են հնչեցնելու:
Նա որոշել է իր վրա վերցնել պատասխանատվությունը՝ ուղերձով հանդես գալու և «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում միջազգային դիտորդների զեկույցին միջամտելու, նրանց «քաղաքական տուրիստներ անվանելու, որոնք լեգիտիմացնում են կեղծված ընտրությունները և ոտնահարում հենց այն ժողովրդավարական արժեքները, որոնք իրենք են որդեգրել»:
Լենա Նազարյանը փետրվարի 18-ին՝ նախագահական ընտրությունների օրը, ներգրավված էր «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության դիտորդական առաքելության մեջ: Ակտիվիստը պատմել է, որ որպես դիտորդ աշխատել է Արտաշատ քաղաքի ընտրատեղամասերում:
«Ես համաձայնվեցի ու համոզվեցի, որ դիտորդական աշխատանքով հնարավոր է ընտրատեղամասում իրավիճակը փոխել»,- ասել է Նազարյանը:
Իր դիտորդական աշխատանքի ընթացքում նա անձամբ ականատես է եղել ընտրախախտումների, ենթարկվել վիրավորանքների, սադրանքների, հոգեբանական ճնշման, ինչը և հիմք է հանդիսացել պատասխանատվություն վերցնելու և ընկերների հետ ընդհատելու միջազգային դիտորդների ասուլիսը:
«Նրանց համար ամբողջ ինֆորմացիան հասանելի չէ, նրանք չեն տիրապետում լեզվին, ամբողջ օրը ընտրատարածքում չեն, չեն տեսնում` ի´նչ է կատարվում: Մի հանգամանք էլ կա. Հանրապետականի վստահված անձինք, ովքեր ամբողջ օրը մեզ հրահրում էին, սադրում, հայհոյում ու վիրավորում, միջազգային դիտորդների ներկայությամբ ցուցաբերում էին աննախադեպ սիրալիրություն»,- ասել է ակտիվիստը:
Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է տեղական դիտորդների դերը ընտրատեղամասերում՝ ի տարբերություն միջազգային դիտորդների, և իր այս քայլը պատասխան էր նաև այն մարդկանց, «որոնք տեղը չբերեցին, թե ովքե´ր պետք է իրականում գնահատեն ընտրությունները` տեղակա՞ն, թե՞ միջազգային դիտորդները»:
«Խնդիրը հենց նա է, որ մենք շատ մեծ դեր ենք հատկացնում միջազգային դիտորդներին, որոնք իսկապես ի վիճակի չեն գնահատելու իրավիճակը: Մինչդեռ կային ուրիշ՝ տեղական դիտորդական խմբեր, որոնք առավոտից երեկո գտնվել են ընտրատեղամասերում, գիտեն լեզուն, հասկանում են, տեսնում են ամեն ինչ, ունեն ապացույցներ, ու հանկարծ նրանց գնահատականն անկարևոր և անտեսանելի է դառնում»,- ասել է նա: