Երեկ՝ մարտի 15-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո Ազատության հրապարակում անցկացվել է «Քաղաքացիական հրապարակ» շարքի երկրորդ քննարկումը, որը նվիրված էր «այլընտրանքային կառավարություն/կառավարում» թեմային:
Քննարկման մասնակից թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանն ասել է, որ այս շրջանում, երբ շատ է խոսվում այլընտրանքային կառավարության մասին, սակայն դա դեռ նոր երևույթ է Հայաստանի համար, լավ կլինի, որ հրապարակվի այդ կառավարության իրական ցանկը:
«Երբ որ տեսնում ես, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի պես մի մարդուն իբրև պաշտպանության նախարար, անմիջապես երևակայությունդ աշխատում է, սկսում ես պատկերացնել, թե ինչպես Ժիրայրը վերջ կտար ներկայիս բանակի կոռումպացված հրամանատարությանը: Շատ հավանական է նաև, որ նա ընդունի պրոֆեսիոնալ բանակի սկզբունքը: Այս մոտեցումը մենք տեսել էինք, օրինակ, 90 թվականին, երբ որ նախարարների, վարչապետի պաշտոններին նշանակվում էին մարդիկ, որոնք, հասարակության համոզմամբ, «մի բան կանեն»: Եվ այդ մարդիկ սկսում էին ինչ-որ բաներ անել, բայց ինչպե՞ս: Նրանք գտնում էին փորձագետներին, ներսից՝ եթե կային, կամ դրսից: Փակվում էին կաբինետներում ու ստեղծում ինչ-որ կոնցեպցիա, որը սկսում էին հետագայում իրականացնել: Սակայն, այս հինգ տարում մենք ունեցանք շատ ավելի հետաքրքիր փորձ, դա Կոնգրեսի հանձնաժողովների աշխատանքն էր, որոնք նույնպես նախագծվում էին իբրև այլընտրանքային կառավարման մարմիններ, բայց սահմանափակվեցին միայն հայեցակարգեր մշակելով: Եվ այդ հայեցակարգերը իսկապես շատ հետաքրքիր էին, լավ, կապակցված, ու թույլ էին տալիս պատկերացնել, թե նոր կառավարությունն իսկապես ինչ փոփոխություն է իրականացնելու երկրում: Այդ փորձը զարգացում չստացավ, ու այսօր կա նոր հնարավորություն անել այդ երկու բանը զուգահեռ՝ մի կողմից նշանակել՝ քաղաքական բանակցությունների միջոցով, շատ կոնկրետ, անուններով, ստվերային կառավարություն, և երկրորդը՝ ստեղծել, վերստեղծել այդ հանձնաժողովները, որոնք թույլ կտան բոլորին մասնակցել այդ կոնցեպցիաների ձևավորմանը»,- ասել է Նեդոլյանը:
Բանախոսը կարևորել է երկրորդը՝ հենց հրապարակում, բաց ռեժիմով գործող հանձնաժողովների ստեղծումը, ինչը թույլ կտա պատկերացնել՝ ինչ կոնցեպտուալ փոփոխություններ են տեղի ունենալու:
Նեդոլյանի կարծիքով՝ այլընտրանքային կառավարությունը եղածից տարբերվելու է ապակենտրոնացված ու մասնակցային կառավարման ապահովմամբ: Ապակենտրոնացման համար առաջին քայլը կարող է լինել կոլեգիալ կառավարումը:
«Կոլեգիալ կառավարումը նշանակում է, որ կառավարում է իսկապես յուրաքանչյուրը, ով որ ուզում է գալ ու այդ գործին կպնել: Այդ հանձնաժողովներում, իհարկե, չեն մնալու 10000 կամ 1000 մարդ, այնտեղ մնալու են նրանք, ովքեր պատրաստ են, չլինելով վարձատրվող չինովնիկ, ձևավորել հասարակական պատվերը, ձևակերպել հասարակական պատկերացումները: Ինձ թվում է՝ այս բոլոր ընդդիմադիր շարժումների, լեգիտիմ շարժումների, հանրապետական շարժումների, որ արդեն 5 տարի է՝ հրապարակում են, նպատակը հենց դա է, եթե մենք իբրև հասարակություն ձևակերպում ենք, թե ինչու է պետք իշխանափոխություն ոչ միայն անձերի, այլ իշխանության համակարգերի, իշխանության ձևի ու բնույթի տեսակետից»,- ասել է Նելդոլյանը:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ասել է, որ կողմ է այն մոդելին, երբ այլընտրանքային կառավարությունը փորձում է իշխանություն իրականացնել:
«Օրինակ, եթե մենք ունենանք այստեղ ֆինանսների նախարարություն, նրա առաջարկը չպետք է լինի հարկերը կամ լույսի վարձը չվճարելը, այլ պետք է լինի՝ վճարել դրանք մաքսիմալ ուշ թույլատրելի ժամկետում: Եթե մենք, մեկ միլիոն վճարողներ, կատարենք վճարումները ոչ թե ամսի 1-ին, օրինակ, այլ 15-ին, ու եթե ամեն մեկս միջինը վճարում է 5 հազար դրամ, ուրեմն գործող իշխանությունը 15 օրով զրկվում է իր շրջանառությունում 5 միլիարդ դրամ ունենալուց, ուրեմն, մեր այլընտրանքային նախարարությունը սկսում է ռեալ ազդել շրջանառվող միջոցների վրա: Եթե քաղաքացիները զանգվածաբար ընդառաջեն այլընտրանքային կառավարության նման քայլերին, կարելի կլինի դիմել ավելի ազդեցիկ միջոցների, օրինակ՝ առհասարակ հրաժարվել մուծել կոմունալ վճարները ու հարկերը, քանի որ եթե մեկ մարդ հրաժարվի՝ կգան իր լույսը կանջատեն, իսկ եթե հրաժարվի մեծամասնությունը՝ իշխանությունը արդեն ոչինչ չի կարողանա անել: Դա փոքր օրինակ է, որ ցույց է տալիս թե ինչպես, ոչ մի օրենք չխախտելով, ոչ մի ընդհարումների չգնալով, քաղաքացիները կարող են, այլընտրանքային կառավարության միջոցով, իրենց կամքը սկսել պարտադրել իշխանությանը»,- ասել է Գասպարին:
Քննարկման մյուս բանախոս կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանն ասել է, որ այժմ հրակարապում կա մոբիլիզացիա:
«Ինչով է իրավիճակը տարբեր. եթե նույն Կոնգրեսի հայեցակարգերը կաբինետային էին մշակվում, հիմա կա հրապարակ, ու եթե այդ հայեցակարգերը հրապարակային մշակվեին, ու բոլոր մարդիկ մասնակցեին, այդ բոլոր մարդկանց կողմից մշակված ծրագրերը կլինեին լեգիտիմ, հիմա այդ շանսը կա, ովքեր որ մասնակցեն, ինչ-որ մի մասնիկ ներդնեն այդ ծրագրերին, բնականաբար իրենք էլ շահագրգռված կլինեն այդ ծրագերի առարկայանալու համար: Այդ առումով իրավիճակը տեխնիկապես իրոք որ շատ հարմար է, ու հույս ունենանք, որ այդպես էլ կլինի, այսինքն չեն լինի ինչ-որ վերևից իջեցված որոշումներ, և հորիզոնական ձևով կձևավորվեն այդ ստվերային կառավարության մարմինները»,- ասել է Ստեփանյանը:
Յուրաքանչյուրի մասնակցությունը, ըստ նրա, կարելի է ապահովել, օրինակ, համացանցի միջոցով:
«Օրինակ, կարող են լինել էքսպերտներ, որոնք հավաքում են բոլորի կարծիքը, այն մշակում են ու պրոտոկոլի ձևով դնում են ինչ-որ տեղ, որտեղ դա նորից քննարկվում ու մշակվում է»,- ասել է Ստեփանյանը: