Տեսաձայնասկավառակների վաճառքով զբաղվող մի խումբ անհատ ձեռնարկատերեր, խանութների և կրպակների աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել է ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին:
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են «Մի փակեք մեր աշխատատեղերը», «Թույլ չենք տա հերթական մենաշնորհը», «Թույլ տվեք աշխատենք օրենքի սահմաններում», «Հեռու պահեք բիզնեսի ոլորտը կաշառակեր պաշտոնյաներից», «Համակարգային արմատակն փոփոխություններ» բովանդակությամբ պաստառներ:
Հավաքվածները բողոքել են 2010 թվականին կառավարության կողմից ընդունված օրենքի դեմ, ըստ որի տեսասկավառակները պետք է ունենան պարտադիր դրոշմավորում՝ մագնիսական կրիչ:
Հավաքվածները նշել են, որ իրենք տասնյակ տարիներ է՝ զբաղվում են տեսաձայնասկավառակների վաճառքով, սակայն այժմ հայտնվել են անելանելի վիճակում: Օրենքի ընդունումից հետո նրանց տրամադրվել է 6 ամիս, որպեսզի ազատվեն մնացորդներից, իսկ 2013 թվականի ապրիլի 18-ից առանց դրոշմապիտակների վաճառքն արգելվել է:
«Այսօրվա մեր առաջնահերթ պահանջը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք մեր ապրանքային մնացորդի համար ստանալ ակցիզներ: Այսինքն՝ օրենքն արգելում է առանց ակցիզ դիսկ վաճառել, բայց մենք ունենք ապրանքային մեծ տեսականի, այսօր արդեն մնացորդ, որոնք ձեռք ենք բերել տարիների ընթացքում, իսկ 6 ամիսների ընթացքում դրանցից ուղղակի ազատվել չենք կարողացել, քանի որ մեզ՝ վերավաճառողներիս ակցիզներ չեն տրամադրել: Հարկային մարմինները նույնպես չեն տրամադրում, քանի որ մենք չունենք պայմանագրեր, պայմանագրեր կարող են ունենալ միայն ներմուծող կամ արտադրող ընկերությունները, իսկ մանրածախ վաճառքով զբաղվող բոլոր ընկերությունները մատնվել են պարապուրդի», – ասել է «Հայ-ֆայ» խանութների ցանցի հիմնադիր-տնօրեն Արտաշես Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ իրենք չեն հրաժարվում կատարել օրենքի պահանջները, սակայն նախագահից խնդրում են աջակցել՝ խանութերում եղած տեսաձայնասկավառակների մնացորդների քանակով տրամադրել ինքնարժեքով դրոշմապիտակներ:
«Չկա մի կազմակերպություն, որը, այս օրենքի կետերից ելնելով, ի վիճակի լինի արտասահմանյան ֆիլմեր, խաղեր կամ երաժշտությունն ներմուծել կամ արտահանել: Համենայնդեպս այս օրենքը ոչ մի կերպ թույլ չի տալիս ոչ ներմուծել, ոչ արտահանել: Մեր հարցը այն է, որ մենք չենք կարողանում աշխատել», – նշել է Բոստանջյանը:
Ակցիայի մասնակիցները նաև պնդել են, որպեսզի օրենքը կիրառեն միայն հայկական նախագծերի մասով կամ վատագույնը ևս մի փոքր ժամանակ տրամադրեն՝ մնացորդներն իրացնելու համար:
Հավաքվածները շեշտել են, որ հարցը շատ հրատապ է, քանի որ յուրաքանչուր չաշխատած օրվա համար իրենք մեծ վնասներ են կրում՝ տարածքների վարձավճարների չափով:
«Ապրիլի 18-ից փակել ենք վարձակալության իրավունքով մեզ պատկանող խանութները և չենք կարողանում ձայնասկավառակների վաճառք իրականացնել: չպիտակավորված սկավառակի համար օրենքով նախատեսված է 2.500.000-ից մինչև 4.000.000 ՀՀ դրամի տուգանք, իսկ ամեն խանութում այսօր 40-50 հազար պատրաստի մնացորդ ունենք, որը ուղղակի հավաքել-լցրել ենք արկղերի մեջ ու չգիտենք՝ ինչ անել», – ասել է մեր զրուցակիցը:
DiscWorld խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը, ով երկու շաբաթ առաջ սկանդալային բացահայտումներով էր հանդես եկել, նշել է, որ չի կարծում, որ ՀՀ նախագահը մեծ ցանկություն ունի, որ երկիրը ևս հայաթափվի:
«Եթե կարծում են, թե այսքան մարդիկ լռելու են, էլ ճար չկա, այս մարդիկ ուրիշ գործ չեն ճարելու, 90 տոկոսը թողնելու-հեռանալու է երկրից», – ասել է Քյուփելյանը:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին է միացել «Ռեկո-Ռեկորդս» ընկերության հիմնադիր Դավիթ Խանոյանը, ով նամակ էր հանձնել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին:
«Բավական լավ տեղեկացված էին իմ անձի և ընդհանրապես գործի հետ կապված: Ասացի, որ հայտնվել ենք պատի առաջ ու այլընտրանք չկա: Ինձ ասացին, որ այդ հարցը պետք է կանոնակարգերով լուծվի, ինչը բոլորովին իմ և ներկաների սրտով չէ՝ ի՞նչ է նշանակում կանոնկարգել, եթե մարդիկ աշխատել չեն կարողանում, երբ որ ունենք վարկեր և օրվա հացի խնդիր, էդ կանոնակարգերը կարող է ամիսներով լուծվեն, ու գերազանց, ճիշտ լուծում գտնվի, բայց մինչև այդ այսքան մարդիկ ի՞նչ են անելու», – ասել է Խանոյանը:
Վերջնիս նշել է, որ իրեն վրդովեցնում ու անհանգստացնում է այն փաստը, որ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետը՝ Արմեն Ազիզյանը, հայտարարություններ է հնչեցնում, թե ինքը իր վերադասի ասածը չի անի:
«Դա ասելուց հետո այդ պաշտոնատար անձը պաշտոն է զբաղեցնում: Եթե ժամանակին պարոն Ազիզյանը տեղեկանքները տար, այս հարցը այսքան էլ սուր չէր լինի, քանի որ մարդիկ կկարողանային ակցիզավորված ապրանքները ժամանակին վերցնել ու հիմա բավական մեծ տեսականի կունենային: Հիմա մարդը տարբեր պատրվակներով պայմանագրերը մեկ մերժում է, մեկ բավարարում է՝ ինքն էլ չգիտի,թե ի՞նչ է անում. ամսի 9-ով դիմում են գրում, 8-ով մերժում են, ինչ-որ անհեթեթ հիմնարկ է»,- ասել է Խանոյանը:
Ակցիայի մասնակիցները, ովքեր ՀՀ նախագահին ուղղված նամակի տակ ստորագրություններ էին հավաքում՝ նշել են, որ նախագահական գալը անգործությունից դուրս գալու առիթ է դարձել:
«Գալիս ենք, կանգնում-լսում ենք, հետո էլ գնում ենք տուն ու երեխեքին բացատրում, որ էսպես ՝ բալես, հաց չենք բերելու տուն, մի սպասեք: Ինչ կարող ենք անել, պետք է գնանք ու՞մ է պետք էս վիճակը, մի քանի հոգու ձեռքն է այսօր էս ամենը ու էսօրվա դրությամբ մենք կմնանք առանց հացի», -ասել է Խանոյանը:
Նախագահական նստավայրից ակցիայի մասնակիցներին խոստացել են վերանայել խնդիրը: