Ներկայացնում ենք հատված Հրանտ Դինքի «Կողպված պատմությունը բացել և հաղթահարել» հոդվածից:
Հայ-թուրքական հարաբերություններում հիմնական արգելքը պատմական քննարկումներն են, որոնք ի զորու չեն մոտ ապագայում հաշտություն ապահովել երկու պետությունների միջև, քանի որ մտքերն ու խոսքերը փականի տակ են: Բացի դա, պատմությունը ոչ միայն պետությունների, այլև ժողովուրդների միջև ծագած հարց է: Այդ պատճառով Թուրքիայի և Հայաստանի միջև պատմության լուծումը չի նշանակի հարցի լուծում թուրքերի և հայերի միջև: Արդյունքում, պատմության հետ կապված պետությունների միջև ձեռք բերվելիք հաշտությունը կլինի լոկ քաղաքական, իսկ ժողովուրդների միջև հաշտությունը քաղաքական որոշումներով ձեռք չի բերվում. այն հնարավոր է ժամանակի ընթացքում բարոյական մոտեցումներով: Փոխընկալման փոփոխություն հնարավոր է միայն հարաբերությունների և երկխոսության պայմաններում, երբ սկզբնավորվի կարգավորման գործընթաց, և տեղի տան կարծրատիպերը: Պատմությունը պետք չէ լուծել, այն պետք է հասկանալ: Իսկ հասկանալու համար ժամանակ և ջանք է հարկավոր: Սա մեկ օրում և պետական որոշմամբ լուծվելիք հարց չէ…
…Պատմության կողպված լինելու պատճառները, անշուշտ, պետք է մեկ առ մեկ ուսումնասիրել, սակայն անկախ պատճառներից այս պատմության փականը բացելը և հաղթահարելը մեր առջև դրված խնդրի երկու հիմնական բաղկացուցիչներն են: Իսկ Թուրքիայում մինչև վերջերս տաբու էր հենց այդ կողպվածությունը: Թուրքիան սեփական պատմության հետ հաշվի նստելու, հատկապես «Հայոց ցեղասպանության հարցում» սկզբից ի վեր թողնելով հարթ ճանապարհը՝ նախընտրեց խորդուբորդ ճամփան: Բացի դա, նա չեղավ այդ խորդուբորդ ճանապարհի վերելքների և վայրէջքների հիմնական որոշողը: Անկախ օրվա հրամայականից, նա բավարարվեց միայն պաշտպանական միջոներ ձեռնարկելով…
…Երբ իրավիճակը բարդացավ, պատասխանատուներին հայտնաբերեցին, ձերբակալեցին և մահապատժի դատապարտեցին: Իսկ երբ լարվածությունն անցավ, նույն այդ պատասխանատուները հերոսացվեցին, և նրանց հարազատներին էլ հատուցեցին հայերից մնացած ունեցվածքով:
Եկավ օրը, երբ թեման դարձավ տաբու և թաքնվեց: Սակայն օտար պետությունների կողմից ցեղասպանության ճանաչման խնդիրը վեր հանվեց:
Սկզբում կարծես այս հողերում ոչ մի հայ էլ չի բնակվել… Անի կոչվող քաղաքը չի եղել, եղել է «Անը»: Կարճ ասած, ապրողներ եղել են, բայց ոչ այդքան շատ… Քիչ էին ու ավելի քչացան…Էհ, գաղթի ենթարկվեցին…Ինչ արած, որ ճանապարհին մի որոշ մասը հիվանդությունից մահացավ…Էհ, նրանք էլ մարդ էին… Իրոք որ ափսոս էին… Ճիշտ է մի մասը մահացել է, բայց մեծ մասը սպանվել… Հետո՞… ոչ մի հետո.. Մի խոսքով, որոշ բաներ եղել են, սակայն դրանք էլ, ըստ էության, անհիմն են…
Հետաքրքիր զարգացումներ ունեցան: Թուրքիան «Հայոց ցեղասպանության» դեմ մի նոր պաշտպանական մարտավարության անցավ: Դրա առաջին նշանները եղան 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ վերջին պահին ձախողվեց ԱՄՆ-ի Կոնգրեսում «Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը»:
Անկարան, առաջին անգամ խուսափելով հայկական պահանջատիրությանը «հաղթողի» աչքով նայելուց, որոշեց հարցը դնել քննարկման: Ահա թե ինչու Ազգային անվտանգության խորհրդի նիստում «հստակեցվեցին Թուրքիայի՝ նման ծանր իրավիճակում չմնալու համար ձեռնարկվելիք անհրաժեշտ գործողությունները», որին իսկույն հաջորդեցին կազմակերպչական աշխատանքները…
…Հայկական հարցի առնչությամբ թուրքական այսօրվա պաշտոնական թեզը «համառության և փնտրտուքի բախման» միջև, այդ պատճառով էլ երերում է: Այդ «համառությունը» համապատասխանում է պետական ավանդական դիրքորոշմանը» իսկ «փնտրտուքը»՝ թուրքական քաղաքականության նոր մոտեցումներին: Այլ կերպ ասած, ինչպես և մյուս արգելված թեմաներում, այնպես էլ Հայկական հարցում անխուսափելի է պետության և քաղաքականության բախումը: Այն դեպքում, երբ ստատուս-քվոյի կողմնակից պետության ավանդական կեցվածքը չի նպատում հարցի լուծմանը, էրդողանի կառավարության փոփոխություն բերող գաղափարը վերածվում է լուծում հետապնդող մոտեցման: Եվ ի հայտ է գալիս դեռևս պատասխան փնտրող հետևյալ հարցադրումը. «Ո՞վ կհաղթի, ստատուս քվո՞ն, թե՞ փոփոխությունը: Թուրքիան Հայկական հարցում ո՞ր ուղղությամբ է գնալու՝ ժխտմա՞ն, թե՞ անխուսափելի ընդունման»…
Կարելի է ասել, որ Հայկական հարցի առնչությամբ թուրքական պաշտոնական թեզը մնացել է անփոփոխ, նոր գոծընթաց չի թևակոխել կամ էլ չի վերանայվել…
…Էրդողանի կառավարության, այլ կերպ ասած՝ «պատմությունը թողնենք պատմաբաններին» պաշտոնական դիրքորոշման դեպքում էլ անգամ շատ պարզ երևում է, որ իշխող կուսակցությունը ամենևին էլ մտադիր չէ պատմական իրողությունների դիտարկումը թողնել անկախ պատմաբաններին: Զորօրինակ՝ իշխող կուսակցության հավակնոտ գիտական աշխատանքների անլրջությունը…
«1,5 միլիոն հայեր չեն զոհվել, այլ տարբեր պատճառներով այդ ժամանակ մահացել են մոտ 100 հազար հայեր: Շուրջ 1,5 մլն տեղահանված հայերից 1»4 մլն-ը վերադարձել է, իսկ հայերի կողմից սպանված թուրքերի թիվը 600 հազարի է հասնում»: Շրջանառվող նման տեսակետները շարժեցին հայության ծիծաղը…
…Հայության՝ «մենք ոչ մեկի հետ երբեք չենք քննարկի՝ ցեղասպանություն եղել է, թե ոչ» մոտեցումը գուցե հասկանալի հոգեվիճակ է, սակայն այն դեպքում, երբ ավելանում են փաստաթուղթ կոչվող տվյալները, անհասկանալի է անտեսել և չքննարկել հակառակ պնդումները: Արդյունքում չքննարկվելիք հարցերը իրական տեղեկությունների վրա հիմնված իրադարձություններ են, և դարձյալ տեղեկություններն են, որ որևէ վտանգ չեն ներկայացնելու քննարկման ժամանակ: Պատմաբանները թող չքննարկեն՝ ցեղասպանություն եղել է, թե ոչ, դա կապված է նրանց հոգեվիճակի հետ, սակայն չքննարկել տեղեկություններն անիմաստ է. չքննարկելու անվան տակ տեղեկության արգելափակումը չի կարողանա անխոցելի դարձնել այն…
Հայկական հարցն այսօր այն մակարդակում է, երբ այն փորձում են համապատասխանեցնել «պնդում» թե «փաստ» լեզվական հասկացողություններից մեկին: Մի կողմ թողնելով կատարվածը՝ կարևորում են իրադարձության անվանումն ու իրավական կողմը: Մինչդեռ հարցը չի սահմանափակվում հայ և թուրք պատմաբանների միջև փաստաթղթերի մրցապայքարով: Իսկ այս դեպքում հարցը կմնա իրողությունը հավաստող և բացատրող (բացատրել չկարողացող) փաստաթղթերի միջև՝ չհասնելով հասցեատիրոջը: Այնինչ փաստաթուղթը, ճիշտ, թե սխալ, ամեն ինչ չէ, գլխավոր՝ մարդ այն ինչպես և որտեղից կարդա:
Եթե Թուրքիան պատմական հետազոտության ընթացքում չթերանա «պատմահամեմատական» մեթոդը կիրառելիս, ապա ցանկացած հարցի լուծում ավելի հեշտ կգտնի: Հակառակ այն բանին, որ Թուրքիան Հայկական հարցը լուծելու համար հույսը դրել է մանկահասակ ուղեղների վրա, նրա առաջնային պարտականությունը այդ թեմայի առնչությամբ երկրի բոլոր մեծահասկաների համար այլընտրանքային տեղեկատվություն ապահովելն ու քննարկման հնարավարություն ընձեռող անկախ միջավայր ստեղծելն է:
Թուրքիան այդ անկախ միջավայրից, ընդհանուր առմամբ, հեռու է: Նա իր մեջ դեռ ժողովրդավարացման պայքար է մղում…
Շարունակելի…