««Ապահով Հայաստանում» թանկացնում եք գազը, որ ի՞նչ անեք», «Ոստիկաններ, միացեք մեր ակցիային», «Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում» պաստառներով ու կոչերով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ հասարակական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, տարբեր կուսակցություների ներկայացուցիչներ և մի շարք քաղաքացիներ՝ բողոքելու գազի գնի թանկացման դեմ:
Հավաքվածները նշել են, որ կազմակերպված ակցիան նպատակ ունի իրենց ձայնը լսելի դարձնել հասարակության լայն շերտերին, բոլոր նրանց, ովքեր անտարբեր են դարձել ու կորցրել են հույսը, թե պայքարի միջոցով կարելի է ինչ-որ բան փոխել:
«Այլևս ապրել հնարավոր չէ, ամեն ինչ թանկացնում են, երեկվանից կաթնամթերքի ու մի շարք ապրանքների գները բարձրացել են, թող դուրս գան ու ասեն՝ ո՞նց ապրի էս ժողովուրդը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Անահիտ Մուրադյանը:
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի խոսքով՝ այս թանկացումը ժողովրդի համար լուրջ խնդիրներ կստեղծի:
«Սա ազգային անվտանգության, սոցիալական, բնապահպաբնական խնդիր է, այսինքն՝ հայ ժողովուրդը միանգամից պետք է բռնի արտագաղթի ճանապարհը, որովհետև այս կենսամակարդակով հնարավոր չէ վճարել 67 տոկոս թանկացած գազի գինը, նույնիսկ մի տոկոս էլ մարդիկ ի վիճակի չեն վճարել, քանի որ այն շղթայական ռեակցիայով բերելու է սննդամթերքի, էլեկտրաէներգիայի, ամեն ինչի թանկացման ու հնարավոր չէ լինի այստեղ ապրել: Գազի թանկացման հետևանքով, եթե ունենք մի որոշ չափով թեթև միջին խավ, էդ միջին խավը դուրս է գալիս, բոլորս դառնալու ենք աղքատներ, իսկ չքավորների թիվն էլ այնքան է շատանալու, որ էլի հնարվոր չի լինի այստեղ ապրել: Քանր որ հիմա մեր ժողովուրդը էս պահին կիսաքաղցած վիճակում է, իսկ կիսաքաղցած մարդկանց շատ հեշտ է կառավարել, դրա համար էլ մեզ պահում են կիսաքաղցած վիճակում», – ասել է Կաղինյանը:
Նա նաև նշել է, որ այս խնդիրը բոլորին է վերաբերվում՝ անկախ սոցիալական վիճակից:
Ակցիայի ընթացքում ակտիվիստները թանկացման դեմ ստորագրահավաք են կազմակերպել: Նրանք կառավարության մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններին բարձրախոսով կոչ են արել միանալ իրենց, քանի որ ոստիկանները «նույնպես ՀՀ քաղաքացիներ են ու գազի թանկացումը վերաբերվում է նաև իրենց»:
«Նրանք մեզ չմիացան, ինձ թվում է, երկու պատճառով՝ կամ մարդիկ գիտեն, որ մեր՝ հարկատուներիս հաշվին իրենց աշխատավարձերը բարձրացնելու են, երկրորդ տարբերակն էլ այն է, որ միգուցե իրենք լևի գումարներ ունեն, որ ստանում են ու մենք տեղյակ չենք», – ասել է Կաղինյանը:
Նշենք, որ անցկացվող ստորագրահավաքին են միացել կառավարության մոտ բողոքող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, խաբված բնակարանատերերը ու լրագրողներ:
Ակցիայի մասնակիցները կառավարության մոտից երթով շարժվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովի շենք՝ հանձնելու իրենց բողոքի նամակը: Երթի ընթացքում ակտիվիստներն անցորդներին ներկայացնում էին իրենց ակցիայի բնույթը, ու շատերը միանում էին ստորագրահավաքին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «ՀայՌուսգազարդ»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողով՝ առաջարկելով գազի գինը բարձրացնել 66 տոկոսով:
Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարվել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին է դիմել նաև գործադիրը՝ խնդրելով «ՀայՌուսգազարդ»-ի հայտի հիմքում ընկած գազի գինը՝ 270 դոլարը, 30 տոկոսով իջեցնել:
Ակցիայի ընթացքում մարդիկ խոսում էին, որ կառավարության դիմումը կարող էր նախապես համաձայնեցված լիներ «ՀայՌուսգազարդ»-ի հետ, որպեսզի երևա, որ գործադիր մարմնի աշխատանքի շնորհիվ գազի սակագինը մի փոքր նվազեց: