Անգամ եթե Կառավարության ծրագրին դեմ քվեարկեք, դա ձեզ չի ազատելու պատասխանատվությունից: Դիմելով Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություններին՝ այսօր ԱԺ-ում հնչեցրած իր ելույթում այս մասին ասել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշել է, որ թեև չի կիսում պատգամավորների կողմից երեկ հնչեցված քննադատությունները, սակայն հավանել է ընդդիադիրների ելույթները, և եթե «Եվրատեսիլ» լիներ, չէր կողմնորոշովի՝ ում տալ 12 միավոր:
Հիշեցնելով, որ հատկապես ՀՅԴ պատգամավորներն իրենց քննադատություններում ասում են, թե կառավարությունը երկիրը տանում է կործանման, Աշոտյանն ասել է, որ իրենք լավ են սերտել Առաջին Հանրապետության (1918-1920) դասերը (Առաջին Հանրապետության մի շարք ղեկավարներ դաշնակացական գործիչներ են եղել՝ Սիմոն Վրացյան, Հովհաննես Քաջազնունի, Արամ Մանուկյան և այլն – Epress.am):
Անդրադառնալով հաճախ հնչող դիտարկմանը, թե ընտրությունները կեղծելու մեջ մեծ դեր է ունեցել թաղի խուժանը, Աշոտյանը հայտարարել է.
«Կարելի է մտածել՝ այդ ասողները Բագրատունյաց ցեղից են: Իսկ այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ չե՞ն: Ինչո՞ւ եք ձեզ վեր դասում այն ժողովրդից, ում պետք է ծառայեք»:
Կրթության և գիտության նախարարն իշխանության հասեցին հնչեցված քննադատություններին փորձել է պատասխանել՝ ընդդիմությանը քննադատելով:
«Կասեք՝ իմ խնդիրը չէ, իրականում իմ խնդիրն էլ է: Քանի որ պետության զարգացման համար պետք է նաև հզոր ընդդիմություն: Վստահությունից եք խոսում. ո՞վ ավելի հիասթափեցրեց ժողովրդին՝ Սերժ Սարգսյա՞նը, երբ իր թեկնածություն առաջադրեց, թե՞ ընդդիմադիր երեք ուժերը, երբ ամպագորգոռ խոսելուց հետո որոշեցին չմասնակցել ընտրություններին», – ասել է Աշոտյանը:
Նա նկատել է, որ ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի հետո պառակտված են, և 7 կամ 5 հոգանոց խմաբկցություններում 3-5 կարծիքներ կան:
Աշոտյանը ուշադրություն է հրավիրել ՀԱԿ-ի վրա և ՀԱԿ խմբակցության, ՀԱԿ կուսակցության և ՀՀՇ-ի (Աշոտյանը չի նշել, թե որ ՀՀՇ-ի մասին է խոսքը) առանձին գործելը համեմատել է 90-ականների սկզբին նախկին ԽՍՀՄ-ում շրջագայող 5 տարբեր «Լասկովիյ մայ» խմբերի հետ: