«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Անի Թորոսյանն այսօր հանդիպել են Երևանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանում բնակվող մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանին, ում մայիսի 10-ին հարկադրաբար տեղափոխել են Ավանի հոգեբուժական կլինիկա:
Նազարեթյանն իրավապաշտպաններին պատմել է՝ ինչպես են իրեն ստիպողաբար բերել հոգեբուժարան: Նա նշել է, որ մտադիր է դիմել համապատասխան մարմիններ՝ դատական գործ հարուցելու նպատակով նախ դա արած ոստիկանների, ապա «Մխիթարյանների գերդաստանի» դեմ (ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի տարածքը գտնվում է Նազարեթյանի բնակարանի տակ, վարձակալվում է «Իդեալ» խանութ-սրահի կողմից – Epress.am):
Ինչպես Epress.am-ին փոխանցել են իրավապաշտպանները, Նազարեթյանն ասել է, որ իր և «Իդեալ» խանութի խնդիրները նոր չեն, դրանք սկսվել են 4 տարի առաջ և իրեն պարբերաբար սպառնացել են, որ «գժանոց կտանեն»:
«Երկու թաղային, չորս տղամարդիկ եկան և ասեցին, որ անձնագիրս վերցնեմ, գնանք ոստիկանություն, իմ բողոքը գրեմ: Ինձ նստացրեցին շտապօգնության մեքենան և տարան: Ճանապարհին մի տեղ կանգնեց մեքենան, մի ոստիկանն իջավ, մի այլ տեղ՝ մյուսը, ինձ բերեցին այստեղ», – պատմել է տիկին Ամալյան:
Նրա խոսքով՝ իրեն հիվանդանոցի ընդունարանում հորդորել են սպասել ոստիկաններին, հետո առաջարկել են բարձրանալ վերև, որ ճնշումը չափեն: Վերևում՝ հոգեբուժարանի երկրորդ հարկում էլ, տիկին Ամալյայի խոսքով, մի քանի անգամ հարվածել են, երբ նա ընդդիմացել է, այնուհետև կապել և միջանցքով քաշել են դեպի հիվանդասենյակ և թողել այնտեղ գտնվող մահճակալին:
Նազարեթյանն ասել է, որ ինքը հոգեբուժարանում տրված սնունդը 7 օր չի կերել, ապա իր գործով դատական նիստ է եղել և դրանից հետո իր քույրը սկսել է սնունդ բերել իր համար:
Դատական նիստը կայացել է մայիսի 18-ին հոգեբուժարանում: Դռնփակ նիստում դատարանը բավարարել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի հայցը՝ հիմք ընդունելով բժշկական եզրակացությունը, թե Նազարեթյանի ներկա հոգեկան վիճակը անհրաժեշտություն է առաջացնում նրան հարկադրաբար բուժել:
Նշելով, որ Ամալյա Նազարեթյանը «խիստ լարված է, ագրեսիվ, փորձում է հարվածել բուժանձնակազմի աշխատակիցներին, հայհոյում է, արտահայտում է հայցամոլական և թունավորման զառանցական մտքեր»՝ բժշկական հանձնաժողովը եզրակացրել է, որ կինը վտանգավոր է շրջապատի նկատմամբ: Դատարանը, բավարարելով հայցը, ստացիոնար բուժման ժամկետ չի սահմանել՝ դա թողնելով բժիշկների հայեցողությանը:
Ամալյա Նազարեթյանը, խոսելով դատից, ասել է, որ այն անցել է օրենքի խախտմամբ, քանի որ ինքը չի ունեցել փաստաբան և իր կողմից ներկա է եղել միայն քույրը, ով անընդհատ ասել է՝ «ի՞նչ եք արել քրոջս հետ»:
Նազարեթյանը նշել է, որ ինքը 25 տարի աշխատել է որպես մանկավարժ, մինչ աշխատելը սովորել է նախ Մոսկվայում, Կիևում, ապա Թբիլիսիում:
«Ես աշխատել եմ ուսանողների, դպրոցականների հետ, ծնողների հետ, մի բողոք ինձնից չի եղել», – ասել է նա:
Կինը նաև բողոքել է, թե իրեն չեն ասում, թե ինչ դեղեր են տալիս:
Զրույցից հետո՝ իրավապաշտպանները խոսել են բժիշկների հետ՝ հարցնելով թե ինչու են կնոջը պահում կլինիկայում: Բժիշկները Նազարեթյանի հոդաբախշ խոսքը, հանգիստ պահվածքը բացատրել են նրանով, որ նա հանգստացնող դեղեր է ընդունում:
Ըստ բուժաշխատողների՝ հիվանդը ագրեսիվ է լինում, իրենց դիմում է իր հարևան սրճարանի աշխատակիցների անուններով, սպառնում է մահճակալին ընկնելով ոսկորները ջարդել և գործ «սարքել» բժիշկների գլխին:
Դանիելյանի և Թորոսյանի այցի ժամանակ հոգեբուժարանում են եղել նաև այլ մարդիկ, ովքեր հետաքրքրված էին Նազարեթյանի գործով:
Նրանք բժիշկներից վերցրել են դատական վճռի օրինակը, սակայն իրավապաշտպանների հետ խոսել կամ նույնիսկ ներկայանալ հրաժարվել են և արագ հեռացել: Բժիշկների խոսքով՝ դրանք եղել են ոստիկանության աշխատակիցներ:
Միքայել Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպման պահին Ամալյա Նազարեթյանը «լիովին ադեկվատ է» եղել: Իրավապաշտպանի կարծիքով՝ կնոջը բերման ենթարկելու հարցում ապօրինություններ են գրանցվել, և հիմա իրենք ուսումնասիրում են փաստաթղթերը՝ հետագայում կոնկրետ գործողությունների դիմելու համար: