2011 թվականին բանակում հոգեկան խանգարում ձեռք բերած Հովհաննես Վարդանյանի խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվել է սպային մերսել: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում որդու խոսքերից պատմել է Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը:
1991 թվականին ծնված Վարդանյանն Արարատ քաղաքի բնակիչ է, բանակ է զորակոչվել 2000 թվականին, ծառայել է Ասկերանի զորամասում:
«Զանգեցին, ասացին Հովիկին տեղափոխել են հոսպիտալ: Գնում ենք հոսպիտալ, հետո իմանում ենք, որ հոգեբուժարանում է: Առաջին շաբաթը Հովոն ո՛չ խոսում էր, ո՛չ էլ ինձ էր ճանաչում: Հովոյի մեջքը, ոտքը կապույտ էին, պարզ էր՝ հարվածներ էին եղել»,- ասել է Վարդան Վարդանյանը:
Երկու ամիս Նորք-Մարաշի հոգեբուժարանում պառկելուց հետո նրանց ուղարկում են նյարդաբան Հենրի Բակունցի մոտ, ով մինչ օրս էլ անվճար հիմունքներով զբաղվում է Հովհաննեսի բուժմամբ:
Հոր խոսքերով՝ որդին պատմել է, որ վեճը ծագել է, երբ ինքը սպային խնդրել է իրեն տուն ուղարկել, քանի որ հորեղբայրը մահացել էր:
«Սպան Հովոյին մասաժ անել է տալիս ստիպողաբար, ասել է՝ չեմ անի… այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ»,- ասաց Վարդան Վարդանյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ շարունակություն է ունեցել «մասաժը», միայն նշել է, որ տղայի վրա բռնության բազմաթիվ հետքեր են եղել:
Ու թեև քրեական գործ է հարուցվել էր ՀՀ Քր.Օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), ավելի ուշ Վարդան Վարդանյանն ասել է, որ ինքը ոչ մի պահանջ չունի այն պայմանով, որ հոգան որդու բժշկական բոլոր ծախսերը, բուժեն նրան, ընդհուպ՝ դրսում բուժումը կազմակերպեն։
Տեսանյութը՝ 1in.am
Օրերս հայրը, որ որդու բուժման համար դրամական օգնության խնդրանքով դիմել էր նախարարություն, ստացել է հետևյալ պատասխանը. «Դրամական օգնության խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասեցագրված Ձեր դիմումի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ ՀՀ Կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշման պահանջներից ելնելով՝ ֆինանսական միջոցներ լինելու դեպքում 10.000 դրամ օգնություն կհատկացվի»:
1in.am-ը նշում է, որ ՀՀ ՊՆ ԶՍՊ վաչրչության պետ Ս. Հարությունյանի այս պատասխանը խորապես վիրավորել է ընտանիքին, նրանք այդ 10.000 դրամը չեն ուզում, ասում են՝ «թող ուրիշ կարիքավորների համար պահեն…»։
Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, Արարատ քաղաքի կիսախարխուլ, կիսավեր հանրակացարանի (որտեղ 41 ընտանիք է ապրում) երկրորդ հարկում: Աշխատում է միայն Վարդան Վարդանյանը, ստանում է 80.000 դրամ աշխատավարձ, մինչդեռ ընտանիքը պահել է պետք:
«Որդուս մենակ Ավան տանել-բերելու համար 10.000 դրամ է անհրաժեշտ: Իր ստացած թոշակով, որ 33 հազար դրամ է կազմում, անգամ տանել-բերել չեմ կարողանում, մինչդեռ հոգեմետ դեղեր ստանալուց հետո նա պետք է լավ սնվի, բժիշկն է ասել…», – ասել է սրտնեղած հայրը:
Նա նշել է, որ թեև ՊՆ-ում խոստացել են, որ հնարավոր ամեն բան կանեն դրսում բուժելու համար, հիմա, սակայն, ոչինչ չեն անում, անգամ չեն էլ հետաքրքրվում զինվորի ճակատագրով:
«Անընդհատ տարել-բերել են այնքան, որ նյարդայնանամ, ասեմ՝ ինձ ոչինչ պետք չէ: Մինչև հիմա իմ ուժերով բուժում եմ, չեն հետաքրքրվում Հովիկով, հո Հովիկով չսկսվեցին-վերջացան դեպքերը»,- ասել է Վարդան Վարդանյանը:
Հովհաննես Վարդանյանը վստահ է, որ բուժվելու է, վստահում է բժշկին՝ Հ. Բակունցին: Կայքի թղթակցի հետ զրույցում երիտասարդն ասել է, որ խուսափում է տեսախցիկի առաջ երևալ:
«Հիմա դեռ 15 տոկոս եմ բուժվել, ամբողջական բուժվելու դեպքում հարցազրույց եմ տալու», – ասել է տղան: Նրա խոսքով՝ ինքը հիմա անտարբեր է դարձել, ոչ մի հետաքրքրություն չունի, հիմա ինքը մենակ լավ տրամաբանում է, ուրիշ ոչ մի բան, ոչ մի զգացմունք չկա՝ ո՛չ կյանքի, ո՛չ ներկայի, ո՛չ ապագայի նկատմամբ:
Հովհաննեսը պատմել է, որ ինքը մինչև բանակը շատ ժիր էր. «Ժիզնիռադստնի տղա էի, երազկոտ էի, ամեն ինչի թեթև էի նայում, դպրոցում էլ լավ էի սովորում, ռուսերեն շատ լավ գիտեի, բանակում էլ լավ եմ սովորել, լավ գիտեի իմ պարտականությունները: Ես հուսով եմ, որ լավ եմ լինելու… վստահում եմ բժշկին»:
Երիտասարդը չի ցանկացել բանակի մասին պատմել, միայն ասել է, որ ինքը լավագույն զինվորներից մեկն էր, ութ ամիս պոստում է եղել։
«Ինձ սերժանտ էին ուզում տալ, չուզեցի»,- նշել է տղան:
Տեսանյութն արվել է «Չենք լռելու» նախաձեռնության կողմից դեպքից հետո